Կիրակի օրը Բոսնիայում տեղի են ունեցել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական արշավի առանցքում, ինչպես փոխանցում է BBC-ն, երկրի էթնիկ խնդիրներն են եղել: Բոսնիայի բարդ էթնիկ կազմը, որն իր արտացոլումն է գտել նաեւ երկրի Սահմանադրության մեջ, պահանջում էր ընտրել 5 նախագահ եւ խորհրդարանի 700 անդամ: Ընտրությունների արդյունքները որոշիչ կարող են լինել նաեւ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Բոսնիայի անդամակցության համատեքստում: Ու թեեւ միջէթնիկ հակամարտությունից եւ քաղաքացիական պատերազմից հետո արդեն 15 տարի է անցել, բայց կուսակցությունները նախկինի նման ընտրողներին կոչ էին անում իրենց քվեները էթնիկ սկզբունքով տալ: Կիրակի վաղ առավոտյան Բոսնիայի ողջ տարածքում բացվել էր ավելի քան 5 հազար ընտրական տեղամաս, ընտրություններին կարող էր մասնակցել շուրջ 3 մլն ընտրող: Նրանք քվեարկել են կենտրոնական կառավարության նախագահության երեք անդամների եւ ինքնավար միավորումների՝ Սերբական Հանրապետության եւ Մահմեդա-Խորվաթական Դաշնության երկու նախագահների օգտին: Ընտրվել են նաեւ համազգային խորհրդարանի եւ երկու տարածաշրջանային ժողովների անդամներ:
Նախագահությունում մահմեդականների ներկայացուցիչը կլինի Բակիր Իզեթբեգովիչը՝ բոսնիացի մահմեդականների նախկին առաջնորդի որդին: Խորվաթների շրջանում հաղթել է Ժելկո Կոմշիչը: Այս քաղաքական գործիչները հանդես են գալիս Բոսնիայի միասնության օգտին: Միեւնույն ժամանակ, բոսնիացի սերբերի շրջանում առաջատարն է Նեբոյշա Ռադմանովիչը, ով նախագահության գործող անդամ է եւ հանդես է գալիս Մահմեդա-Խորվաթական Դաշնությունից բոսնիացի սերբերի հանրապետության անջատման օգտին: