Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԵԳՆԵԼ Է ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 05,2010 00:00

\"\"News.am-ի փոխանցմամբ, թուրքական «Vatan» թերթի լրագրող-վերլուծաբան Մութլու Թոնբեքիջին խիստ քննադատության է ենթարկել թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարին, ով իր համակիրների հետ, ի նշան բողոքի՝ Աղթամարում իրականացրած պատարագի, նամազ էր արել հայկական Անիի Մայր տաճարում. «Ոմանք հարցնում են, թե Աղթամարի հայկական եկեղեցում իրականացված պատարագին ներկա գտնված «լիբերալները» ինչո՞ւ չկային Անիի Ֆեթհիյե մզկիթի (Անիի Մայր տաճար) նամազին: Նրանց պատասխանում եմ. առաջին, Տրապիզոնի հունական Սումելա վանքում պատարագ իրականացնելու թույլտվությունը հայտնի էր դարձել 2009թ. դեկտեմբերի 23-ին, այսինքն՝ 2010-ին տեղի ունեցած պատարագից 8 ամիս առաջ: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ իրականացվելիք պատարագի թուլտվությունը հայտնի դարձավ 2010թ. մարտի 25-ին, սեպտեմբերի 19-ին իրականացված պատարագից 7 ամիս առաջ: Անիի Ֆեթհիյե մզկիթում Բահչելիի անօրինական նամազի մասին տեղեկացա 2 օր առաջ: Նրանք 12 ժամվա ընթացքում թույլտվություն ստացան եւ հաջորդ օրը նամազ արեցին: Այդ շտապողականության պատճառն էլ չհասկացա: Օրերը վերջանո՞ւմ են: Նամազից 3 օր առաջ այդ մասին միայն Բահչելին եւ իր բանդա՞ն գիտեր:
Երկրորդ, Անիի Ֆեթհիյե մզկիթում նամազ անելու եւ Աղթամարի Ս. Խաչում պատարագ իրականացնելու միջեւ սար ու ձորի տարբերություն կա: Ֆեթհիյե մզկիթը մահմեդականների սրբավայրը չէ: Մի՞թե հայերը մզկիթից եկեղեցի վերածած մի վայրում են պատարագ իրականացրել: Այն հայկական եկեղեցի է: Հայերը 1000 տարի առաջ են կառուցել այն: Նրանք վերանորոգված եկեղեցում ցանկացան պատարագ իրականացնել եւ 3 տարի սպասեցին դրա համար: Այնուհետ ստացան թույլտվությունը եւ մարդավայել տեղեկացրին բոլորին դրա մասին: Բոլորն էլ իրենց ծրագրերը կազմեցին եւ, ըստ դրա, մենք էլ գնացինք պատարագին հետեւելու: Մի բան էլ, դու երկրիդ ո՞ր մասում չես կարող նամազ անել: Անիի ավերակների Ֆեթհիյե մզկիթի անունը մինչ այսօր քանի՞ մահմեդական գիտեր: Ասեմ՝ զրո:
Երրորդ, կամ այդ երեխայական գործողությանը ինչո՞ւ պիտի գնայի: Ինչո՞ւ Անի: Ինչո՞ւ հայկական քաղաքում: Ինչո՞ւ եկեղեցուց մզկիթի վերածած վայրում: Չնայած Անիի ցուցատախտակներից ոչ մեկի վրա «հայ» բառը գոյություն չունի, դա էլ առանձին թեմա է, բայց, դե Բահչելիի բանդան գիտեր, որ դրանք հայկական են: Թուրք ազգայնականների արած նամազը նույնիսկ մի փոքր անկեղծություն չէր ներշնչում: Այն իրականացվեց ակն ընդ ական, ատամն ընդ ատաման տրամաբանությամբ: Այն ատելության եւ վրեժի բույր էր տարածում»: Թուրք լրագրողն ազգայնական թուրքերին առաջարկել էր Անիի հայկական եկեղեցու փոխարեն նամազ անել, օրինակ՝ Աթենքում, հունական ժողովրդական արվեստի թանգարանի վերածված Վոյվոդա մզկիթում, հավելելով, թե ինքն էլ մեծ ուրախությամբ կգնա այնտեղ ու դեռ բոլորի համար էլ քյաբաբ կպատվիրի: «Հունաստանի մայրաքաղաքում նամազ կանենք, հայկական ռեստորանում քյաբաբ կուտենք ու դրանով հրաշալի պատասխան կտանք նրանց: Դե, նամազ անելու թույլտվության համար դիմեք Աթենքի քաղաքապետին, իրականացրեք այս նախագիծը: Կրկնում եմ, քյաբաբները իմ կողմից: Մի անհանգստացեք, խոզի մսով չեմ կերակրի, այլ՝ գառի եւ տավարի մսով»,- իր հրապարակման մեջ հեգնել է Մութլու Թոնբեքիջին: Այս հրապարակումը Թուրքիայում մեծ արձագանք է գտել. մի քանի թուրք լրագրողներ այս հրապարակման դեմ քննադատական նյութեր են գրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել