Երեւանի պետական համալսարանի ուսանողները նամակ են հղել ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւին, պատճենն էլ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին: Նրանք նամակում իրենց անհանգստությունն են հայտնում «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում եւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային կոթողների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: «Ադրբեջանի շովինիստ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց երկրին բռնակցած հայկական տարածքներում վերացնելու հայկականության ամեն մի հետք: Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհին չի հետաքրքրում հայկական մշակութային ժառանգությունը, որը ոչնչացվում է ադրբեջանցի վանդալների կողմից: Այս օրերին ԵԱՀԿ-ն, տուրք տալով ադրբեջանական հորդորներին, փաստահավաք խումբ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ուսումնասիրելու «ադրբեջանցիների հետքերը»: Արդյո՞ք Ձեզ չի հետաքրքրում Ջուղայի հայկական խաչքարերի եւ Շահումյանի շրջանի հարյուրավոր հայկական պատմամշակութային եւ կրոնական հուշակոթողների ճակատագիրը: ԵՊՀ ուսանողների անունից պահանջում ենք ԵԱՀԿ-ից՝ փաստահավաք առաքելություն ուղարկել նաեւ Նախիջեւան եւ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջան՝ ուսումնասիրելու «հայերի հետքերը»,- ասված է նամակում: