Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ՔԻՄԻԱՆ»

Հոկտեմբեր 05,2010 00:00

Կամ պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարը՝ Երեւանում

\"\"Օրերս Երեւանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացվեց «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնած քիմիայի օլիմպիադան: Մրցույթի մասնակից 7 թիմերից 2-ը ներկայացնում էին Երեւանը, 2-ը՝ Լոռու մարզը, մեկական թիմեր էլ Աբովյանից, Գյումրիից եւ Վաղարշապատից էին: Մրցաշարի մասնակից պատանի քիմիկոսները պատասխանում էին նմանօրինակ հարցերի՝ ինչպիսի՞ բաղադրություն ընտրել արդյունավետ եւ անվտանգ շամպուն ստանալու համար, ո՞ր քիմիական ռեակցիաներն են կախված ձգողական ուժից եւ այլն: 2 կիսաեզրափակչից եւ եզրափակչից բաղկացած մրցույթում հաղթող ճանաչվեց Վանաձորի «Էվրիկա» թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց Երեւանի թիվ 195 ավագ դպրոցը, իսկ 3-րդը Ստեփանավանի «Էրուդիտ» թիմն էր: Մի շարք մասնակիցներ էլ ստացան պատվոգրեր՝ լավագույն զեկուցող, լավագույն ընդդիմախոս, \"\"լավագույն գրախոս եւ թիմի լավագույն մասնակից անվանակարգերում: Չնայած ժյուրիի անդամները հիացած էին հայ պատանիներով, բայց առիթը բաց չթողեցին եւս մեկ անգամ անդրադառնալու քիմիայի ոլորտին հուզող խնդիրներին: Մրցաշարի ժյուրիի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Համբարձում Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ցավով հայտնեց, որ վերջին տարիներին բոլոր բնագիտական բաժիններում, մասնավորապես՝ քիմիայի ֆակուլտետում, անգամ պետպատվեր եւ վճարովի տեղերը լրացնելու խնդիր են ունենում: Ամբիոնի վարիչի փոխանցմամբ, այս տարի «Էկոլոգիական քիմիա» բաժնին հատկացված 30 տեղից միայն 17-ն է լրացվել, նույն պատկերը եղել է նախորդ տարի՝ «Քիմիա» բաժնում: Վ. Խաչատրյանը ողբալի պատկերը բացատրում է մի քանի հանգամանքով. «Ցանկացած մեկը, որ դիմում է բուհ, մասնագիտություն է ընտրում, մտածում է նաեւ, թե ինչ է անելու ավարտելուց հետո: Այս տեսակետից մենք ամեն ինչ արել ենք, որ բնագիտական թեւում դիմորդ չունենանք, շուտով նույնը կլինի նաեւ բժշկական թեւում: Պատահական չէ, որ այս տարի ութ եւ տասը միավորներով են ընդունվել բժշկական համալսարան»: Պարոն Խաչատրյանը կարեւոր է համարում հատկապես ավագ դպրոցները բավարար քանակությամբ բարձրորակ ուսուցիչներով համալրելը, ինչը, ըստ նրա, այսօր դժվար լուծելի է, որովհետեւ ուսուցիչը մեր հասարակության մեջ ցածր ստատուս ու համբավ ունի:
«Անկախ նրանից, թե ինչ խնդիրներ կան այսօր, պետք է մտածել վաղվա մասին: Բնագիտական առարկաները, հատկապես՝ քիմիան, կենսաբանությունը, ապագայի առարկաներ են: ԱՄՆ-ն, Եվրոպան, Չինաստանն ավելացրել են այդ առարկաների դասաժամերը, որովհետեւ գիտակցում են դրա կարեւորությունը»,- մեզ հետ զրույցում ասաց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Միեւնույն ժամանակ, վկայակոչելով իրենց մի շարք հետազոտություններն ու դիտարկումները, հիմնադրամի տնօրենը նշում է. «Այն, ինչ կատարվում է մեր հանրակրթության ոլորտում՝ բնագիտական առարկաներից, շատ հեռու է բավարար լինելուց»: Նրա խոսքով՝ մրցաշարը նախեւառաջ նպատակ ունի աշակերտների շրջանում քիմիայի նկատմամբ սեր, հետաքրքրություն առաջացնել, նաեւ ապահովել առարկայի մասսայականությունը. «Փորձում ենք երեխաներին մասնակից դարձնել գիտությանը ու հասկացնել, որ քիմիան մի տխուր առարկա չէ, որից աշակերտը մինչեւ դպրոցն ավարտելը ստիպված պիտի լինի ինչ-որ գնահատականներ ստանալ»: Հաղթող թիմի՝ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցում կազմակերպող «Էվրիկա» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Աշխեն Առաքելյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ չի կարողանում կողմնորոշվել մասնագիտության հարցում, ցանկանում է հետագայում զբաղվել գիտությամբ, բայց այդ ճանապարհին մտածում է մի շարք այլ խնդիրների մասին. «Առարկայի ու գիտության նկատմամբ հետաքրքրությունը, իհարկե, մեծ դեր ունի, բայց հաշվի ես առնում նաեւ այլ հանգամանքներ, ասենք, ընդունվեցի ֆիզմաթ կամ քիմիական, հետո ինչպե՞ս եմ աշխատանք գտնելու եւ այլն: Պետք է Հայաստանում գիտությամբ զբաղվողների կյանքը բարելավել, գիտությանը զարկ տալ, որպեսզի ավելի շատ մարդիկ ցանկանան զբաղվել դրանով: Հայաստանի միակ ուժը մարդկային ռեսուրսն է, սխալ է դա էլ թողնել ստվերում»:
Մրցաշարի ժյուրիի անդամ, ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ Հայկ Խաչատրյանն էլ «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը խորհրդային տարիներին քիմիական «գիգանտ» է եղել: Նա կարծում է, որ քիմիայի մեր դպրոցը տեսականորեն դեռ բարձր մակարդակ ունի. բայց նրա խոսքով. «Օրինակ՝ հարավկորեացիները միլիարդներ են ծախսում «քիմիա» երեւույթը իրենց մոտ զարգացնելու համար, սակայն դեռ հաջողություն չունեն, իսկ մենք ունենք ու միլիարդներ ենք ծախսում, որ «սպանենք»: Վիճակը փրկելու առաջին քայլերից մեկը, ըստ Հ. Խաչատրյանի, այն կլինի, որ երիտասարդը համալսարանն ավարտելուց հետո աշխատանք գտնի մասնագիտությամբ, ինչը, Հ. Խաչատրյանի կարծիքով, հնարավոր կլինի միայն հայ-թուրքական սահմանը բաց լինելու եւ համաշխարհային շուկային ինտերգրվելու դեպքում. «Եթե քիմիան արտադրանք տվեց, պետք է երկրից դուրս գա: Եթե արտադրանքը կարողանանք արտահանել, գուցե մրցունակ լինենք: Հայաստանը ոչինչ չունի, միայն մոլիբդեն է, այն էլ՝ վերջացող: Շատերն ասում են՝ «Ջերմուկ», կաթ ու մածուն կծախենք, կապրենք, բայց մեր երկիրն այդպես երկիր չի դառնա»: Անդրադառնալով այս ոլորտի կրթական խնդիրներին, նա հատկապես մատնանշեց ուսումնական հաստատությունների լաբորատորիաների անմխիթար վիճակը. «Եթե տասը տարվա ընթացքում մի սարք է գնվում, մեծ ձեռքբերում է համարվում»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ. «Շատ հաճախ լսում ենք. երեխան ասում է՝ քիմիա չի սիրում, որովհետեւ դասատուն լավը չի: Ամեն ինչ սկսվում է նաեւ այստեղից»: Լաբորատորիաների ոչ այնքան լավ վիճակի մասին փաստեցին նաեւ մեր զրուցակիցները: Գյումրիի «Ֆոտոն» վարժարանը քիմիայի լաբորատորիա ունի, կան որոշ նյութեր, երբեմն փորձեր են արվում, բայց վարժարանի քիմիայի ուսուցչուհի Ռոզա Գրիգորյանը ցանկանում է, որ լաբորատորիան երեւանյան դպրոցների նման կատարելագործված լինի: Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի, թիմի մարզիչ Մանյա Հայրապետյանը հայտնեց, որ իրենց դպրոցի լաբորատորիան էլ ոչ այնքան զարգացած է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել