Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒՆ ՏԵՍՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Հոկտեմբեր 05,2010 00:00

\"\"Մեր ուսուցչի ամենաթանկ պարգեւը

Որքան շատ ես ապրում այս աշխարհում, այնքան խորն ես գնահատում այն, ինչ քեզ համար արել են քո Ուսուցիչները: Երբ 15 տարեկան ես, դու նրանց պարզապես սիրում ես, բայց միայն հասուն մարդ լինելով՝ դու ի վիճակի ես հասկանալու նրանց դերը քո կյանքում: Մեր դասղեկը՝ Նինա Աշխատոյանը, այս տարի պետք է դառնար 80 տարեկան, իսկ մենք՝ նրա աշակերտները, հիշում ենք նրան ոչ միայն Ուսուցչի օրը: Գնալով ավելի ու ավելի հաճախ ենք հիշում:
Պատկերացրեք խորհրդային դպրոցը 70-ական թվականներին: Գրականության դասագրքերը գրված են անհոգի, բյուրոկրատական լեզվով, բոլոր գրական կերպարները բաժանվում են գաղափարախոսական կարծրատիպերին համապատասխան՝ առաջադեմ եւ ոչ այնքան, «իրենց տեղը կյանքում չգտած» (որը դատապարտելի էր) եւ «իրենց անմնացորդ ժողովրդին նվիրած» (որը գովելի էր): «Կարդացեք դասագրքերը ձեր իմանալու համար, բայց երբեք դրանց բովանդակությունը դասարանում չվերապատմեք»,- ասում էր Նինա Սեմյոնովնան: Դասը պատասխանելիս եւ շարադրությունը գրելիս մենք պետք է արտահայտեինք մեր սեփական մտքերը, թեկուզեւ անկատար, պետք է ինքներս կողմնորոշվեինք՝ վերանալով բոլոր տեսակի կարծրատիպերից, մեր ձեռքին ունենալով միայն բնագիրը՝ գրական գործը: Հիմա մենք հասկանում ենք, որ նրա մեթոդները նորարարական էին, խորհրդային մանկավարժությունից չափազանց հեռու: Ի՞նչ պետք է երեխան սովորի դպրոցում ընդհանրապես եւ գրականության դասերին՝ մասնավորապես. նախեւառաջ, իհարկե, ինքնուրույն մտածել, վերլուծել, հասկանալ կյանքի երեւույթների կենդանի կապը, մարդկային արժեքների կարեւորությունը: Ահա այս էինք մենք սովորում դասերի ժամանակ եւ դասերից դուրս: Երկու դեպքում էլ մեր շփումը ձեւական չէր, երկու դեպքում էլ ամեն մեկս մեզ պետք է դրսեւորեինք որպես անձ, որպես անհատականություն:
Նինա Սեմյոնովնայի գործունեությունը շատ հեռու էր դուրս գալիս զուտ ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդելու սահմաններից: Գրեթե ամեն շաբաթ նա կազմակերպում էր «գեղագիտության ժամեր», որտեղ մենք առաջին անգամ էինք լսում համաշխարհային կերպարվեստի մեծերի՝ Դելակրուայի, Կուրբեի, Լոտրեկի, Վան Գոգի անունները: Հրաշալի գեղանկարիչ Գարիկ Սմբատյանի կինը լինելով, նա տանում էր մեզ ժամանակակից նկարիչների արհեստանոցներ՝ որպեսզի մենք՝ դպրոցականներս, կարողանանք գնահատել Վեհը եւ Գեղեցիկը: Այսօր մենք գիտակցում ենք, որ ոչ մի «դասաժամերով» եւ ոչ մի «դպրոցական ծանրաբեռնվածությամբ» հնարավոր չէ ուսուցչին ստիպել, որ նա դրանով զբաղվի, եթե ինքը՝ Ուսուցիչը, դա չի ուզում, եթե նա ինքը չի ձգտում աշակերտի մեջ տեսնել Մարդուն: Տեսնել եւ բարձրացնել:
Իսկ Նինա Սեմյոնովնայի գրական երեկոները… Մեր դասարանից ոչ մեկը գրականագետ չդարձավ: Եվ մեզանից շատերը գուցե այլեւս երբեք, կյանքի այլ հանգամանքներում չլսեին, օրինակ, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի բանաստեղծությունները: Բայց այն, ինչ լսում ես պատանեկության տարիներին, այլեւս երբեք չես մոռանում, դա դառնում է քո հոգու մասնիկը: Դպրոցական ծրագրերից դուրս էին ոչ միայն Լորկան, այլեւ Սենտ-Էքզյուպերին եւ Վիսոցկին, Ռոժդեստվենսկին կամ Եվտուշենկոն: Բայց նրանք, գուցեեւ մեր կամքից անկախ, մեր Ուսուցչի միջոցով դարձան մեր՝ անհատական «ծրագրի» բաղադրիչը:
Այս տողերը կարդացող շատուշատ մարդիկ, անկախ այն հանգամանքից՝ նրանք սովորել են թիվ 122 դպրոցում՝ Նինա Սեմյոնովնայի մոտ, թե ոչ, կարող են վկայել, թե ինչ ճակատագրական դեր է նա խաղացել հարյուրավոր մարդկանց կյանքում՝ ոչ միայն որպես մանկավարժ, այլեւ որպես մարդ՝ բոլորին օգնող եւ հասնող: Ի դեպ, այդ դպրոցը, որն այսօր կրում է Ալեքսանդր Բլոկի անունը, համբավ ու փառք է ձեռք բերել նաեւ մեր դասղեկի շնորհիվ: Իսկ մենք՝ նրա աշակերտները, հիշում ու գնահատում ենք ամենակարեւորը՝ նա մեզ սովորեցրեց իրար հետ ընկերություն անել, եւ այսօր մենք՝ 50 տարեկան ոչ շատ երիտասարդ մարդիկ լինելով, ունենալով ընտանիքներ, երեխաներ, իսկ ոմանք՝ նաեւ թոռներ, հաճախ ենք հանդիպում իրար հետ, իրար կողքի ենք, իրար թիկունքի: Եվ հանդիպելիս դառնում ենք նույն երեխաները: Կա՞ արդյոք ավելի թանկ բան, որը կարող էր տալ մեզ մեր Ուսուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել