«Առավոտը» մի քանի անգամ գրել է Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանի մասին: Նա 23 գրքի հեղինակ է, որոնց զգալի մասը գիրք-ձոներ են՝ նվիրված Պետրոս Մեծին, Վլադիմիր Պուտինին, Վլադիմիր Ժիրինովսկուն, Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին, «ՎիվաՍելի» Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Վերջինիս մասին գործը Չիբուխչյանը վերնագրել է «Տիեզերքի կապավորը»: Հեղինակի վկայությամբ՝ ինքը Յիրիկյանից 1 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել:
Այս տարվա մայիսի 12-ին «Հերթը հասավ Նոբելին» լուրով տեղեկացրել ենք, որ Լյուբիկ Չիբուխչյանը ձոն է գրել նաեւ Ալֆրեդ Նոբելի մասին: Եվ ահա բանաստեղծից տեղեկացանք, որ նա «Ալֆրեդ Նոբել» գրքի անգլերեն տարբերակը ներկայացրել է Նոբելյան մրցանակ շնորհող, Շվեդիայում եւ Նորվեգիայում գտնվող հանձնաժողովներին: Դինամիտի գյուտի հեղինակին նվիրված ձոնի անգլերեն տարբերակը (267 էջ) էլեկտրոնային փոստով սկանդինավյան երկրներ է ուղարկել գրքի թարգմանիչ, Իջեւանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Գեղեցիկ Գուլակյանը:
Հիշեցնենք, որ Լյուբիկ Չիբուխչյանը, ի թիվս այլոց, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի եւ արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ նախագահից մշակույթի վաստակավոր գործչի կոչում է ստացել: