Այս տարի Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն
2002 թվականից սկսած, Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ համայնքում նշվում է Բերքի տոնը: Մարզի 105 գյուղական համայնքները ի մի են բերում տարվա ընթացքում ստացածը, հաշվում կորուստները: Այս տարի էլ տոն կազմակերպեց, բայց այս անգամ գյուղացին հողից օգուտ չտեսավ: Եղանակային անակնկալներից ելնելով, գյուղացիները միայն հունիսի սկզբին կարողացան ցանքաշրջանառություն ապահովել: Անցած տարվա դառը փորձից ելնելով, երբ կարտոֆիլը չէր վաճառվում, գյուղացիներն ստիպված այն որպես անասնակեր օգտագործեցին, հողատարածքների մոտ 30 տոկոսը մշակեցին, մնացածն օգտագործվեց խոտ ստանալու համար: Եղած բերքն էլ կարկուտն ու երաշտը տարավ: «Սկզբում իրար հետեւից անձրեւ եկավ, հողը գերխոնավացավ, կարկուտը հացահատիկը վնասեց, որպես անասնակեր հնձեցինք, երաշտն էլ եղած բերքը տարավ»,- ասում է իր հարկի տակ ամբողջ մարզին հյուրընկալած Գյուլագարակի համայնքապետ Ալեքսանդր Գրիգորյանը: Գյուղապետը պատմում է, որ այս տարի գյուղացին ձմռան համար կարտոֆիլ ու ցորեն է գնելու, այն էլ՝ եթե գումար լինի, քանի որ վարկով վերցրած սերմացուի գումարն էլ է մնացել խեղճ գյուղացու ուսերին: Հուսալքված գյուլագարակցիները հաջորդ տարի էլ ոչինչ չեն ցանի: Այդպես էր 2000-ին, երբ համատարած երաշտ եղավ: Սեղանին դրված խաղողը, արեւադարձային պտուղներն ու հայկական բանջարեղենը գյուղապետը շուկայից էր գնել, ինչը ինքն էլ չթաքցրեց: Պարզվեց, որ նա շուկայի բարիքներից օգտված միակ համայնքապետը չէր:
Ոչ ավանդական մշակաբույսեր ցանելու փորձ ունի հարեւան Գարգառ համայնքը: Համայնքի համար նոր բույս է եգիպտացորենը, այնտեղ զբաղվում են նաեւ ձկնաբուծությամբ: Ձկնաբուծությունը զարգացած է նաեւ Գուգարքի շրջանի Դեբեդ գյուղում, այնտեղ էլ են հողն ու եղանակն անբարեհաճ եղել գյուղացու համար, նաեւ հողատարածքներն են շատ քիչ: «Գյուղը փոքր է, բնակչությունը՝ խիտ, ամառանոցային գոտի է»,- ասում է գյուղապետ Կամո Պետրոսյանը: Սակավ հողատարածքներում ավելուկի պակաս այս տարի չի եղել ու հենց ավելուկն է Դեբեդ համայնքի սեղանին: Նաեւ՝ փռի գաթա ու կարկանդակ: «Ոչ մի բան չկա, մանր-մունր հավաքել ենք, բերել»,- նկատեցին Դեբեդի բնակիչները:
Ազգայինն ու ժամանակակիցը համադրել էր Սպիտակի շրջանի Արեւաշող համայնքը՝ ներկայացնելով ազգային ճաշատեսակներ՝ դումբրակ (փոխինձի կոլոլակը), ճմբուռ (նոր թխած հացը յուղի մեջ), գյուղական մածուն եւ կաթնաշոռ ու զարդարված-ձեւավորված ձմերուկ: «Ձմերուկ ցանում ենք, բայց էս չափի չենք ստանում, ուղղակի վերջին տարիներին գյուղի ու քաղաքի կյանքը հավասարվել է, ուզում ենք ասել, որ կարելի է ժամանակի հետ քայլել, գեղեցիկ ձեւավորված սեղան ունենալ՝ ազգային ճաշատեսակները պահպանելով»,- ասաց Արեւաշողի գյուղապետ Վարուժան Խաչատրյանը:
Հարեւան Շիրակամուտում, ի տարբերություն մյուս գյուղերի, ամեն ինչ աճում է՝ խաղող, պնդուկ, ընկույզ, սալոր: Ստացված բերքից դժգոհ չեն, այնտեղ կարծում են, որ աշխատողը կվարձատրվի, կստանա՝ «Եղանակը շատ է խանգարել, բայց կարտոֆիլ ստացել ենք շուկա հանելու համար»: Իսկ Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանը հակադարձում է, որ միայն այս տարի գյուղացու աշխատանքը մասամբ գնահատվեց, կարտոֆիլի մեծածախ գինն այս պահին 150-200 դրամ է, կաղամբինը՝ 50-100: Նա ավելի շատ դժգոհ է կառավարությունից, որ խորհրդային տարիների նման չեն ծրագրավորում՝ որտեղ ինչ եւ ինչքան ցանեն: Հասկանում է, որ պետությունը չի ուզում պարտավորվածություն ունենալ: Նույնն է նաեւ ցորենի Էլիտար սերմացուի հարցում, պարզվում է՝ ներկրած որակյալ սերմացուն միայն ֆերմերների համար է. «Պետությունը ֆերմերին բիզնեսով զբաղվելու տեղ է տալիս, գյուղացուն ապրելու հույս էլ չի տալիս»:
Գյուղացիները դեռ շարունակում են բերքահավաքը, թե մարզն ինչքան բերք է ստացել՝ պարզ կդառնա հոկտեմբերի վերջին: Այժմ էլ գյուղացին մտահոգվում է, որ տեղացող անձրեւների պատճառով բերքը ժամանակին չեն կարող հանել, եղածն էլ հողի տակ կնեխի:
Գուցե դեռեւս բարիք չունենալն էր պատճառ, որ մարզի 105 համայնքներից միայն 57-ն էին մասնակցում Բերքի տոնին: Լոռու մարզպետարանը այս տարի արգելել էր տոնին խոզի մսի խորովածը՝ մարզի համայնքներով աֆրիկյան ժանտախտն էր անցել: Սեղաններին միրգն էլ էր պակաս՝ կարկուտը շատ է վնասել, միրգը թափվել է, գյուղացին էլ դա հավաքել ու օղի է թորել ու դա էր ներկայացված Բերքի տոնին: Դա առիթ էր, որ պաշտոնյան ու սովորական գյուղացին բաժակ-բաժակի խփեին ու խմեին՝ հաջորդ տարվա բարձր բերքատվության ու լի սեղաններով տոնը դիմավորելու կենացը: