Հայկական արդարադատությունը աշխարհի երեսից ջնջե՞լ է Ֆլորա Թադեւոսյանի երեք երեխաներից երկուսին
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի 74-ամյա բնակիչ Ֆլորա Թադեւոսյանն ահազանգում է՝ իր կյանքին վտանգ է սպառնում: Իսկ սպառնացողը՝ ոչ ավել, ոչ պակաս, հարազատ որդին է: Ծեր կինն անհանգստանալու պատճառ, պարզվում է՝ ունի: Որդին՝ 45-ամյա Վազգեն Սիմոնյանն այնպես է վախեցրել մորը, որ տարեց կինը ստիպված դիմել է իրավապահներին: «Մի օր, երբ փորձում էր խեղդել ինձ ու արաղի շիշը կոտրել գլխիս, ստիպված ոստիկանություն կանչեցի: Հաջորդ օրը բաժնում այդ մասին հայտարարություն տվեցի: Քննիչը եկավ մեր տուն ու սկսեց ինձ բացատրել, որ եթե հայտարարությանս մեջ որոշ փոփոխություններ չանեմ, տղաս կդատվի: Միասին որոշեցինք, ու ես գրեցի, որ շիշը պլաստիկ էր, որ տղաս ոչ թե կոկորդս ձեռքերով սեղմել եւ ինձ դեմ էր տվել պատին, այլ՝ ուղղակի հայհոյում ու գոռում էր վրաս եւ նման բաներ»,- պատմում է տիկին Ֆլորան:
Տարեց կինը հիշեց մեկ այլ դեպք, երբ տղան իրենից ազատվելու փորձ էր արել, այս անգամ՝ կնոջ մասնակցությամբ եւ դժբախտ պատահարի սցենարով. «Կանաչի էի վերավաճառում: Շուկայում ընկա, ոտքս կոտրվեց: Փոխանակ հիվանդանոց տանելու, գործընկերներս ինձ տուն բերեցին: Երբ տղաս եկավ, տեսավ, որ կոտրված ոտքով ընկած եմ, նախ հայհոյեց, հետո սկսեց ոտքով հարվածել, մուննաթ եկավ, թե ինչի՞ եմ ընկել: Հրահանգ տվեց կնոջն ու երեխուն, որ հավաքվեն-գնան: Սկսեցին տանս եղած-չեղածը հավաքել՝ առանց ուշադրություն դարձնելու տնքոցներիս: Ամբողջ կյանքիս ընթացքում արած-դրածս սրբեցին, մեքենա բերեցին՝ բարձեցին ու դուռը բանալիով վրաս փակեցին-գնացին: Օրեր շարունակ ցավիս հետ մենակ մնալով հասկացա, որ տղաս ու հարսս ինձ դանդաղ մահվան էին դատապարտել»:
Անշարժ ու սուր ցավերի մեջ Ֆլորա մայրիկը տանը փակված մնացել է ութ օր: Հիշում է, որ երբեմն-երբեմն ձեռքն ընկածը խփում էր պատերին՝ հարեւանների ուշադրությունը գրավելու համար: Վերջիններս նրա տնից ութ օր հետո են միայն տարօրինակ ձայներ լսել: Երբ դուռը մի կերպ բացելուց հետո ներս են մտել, տարեց հարեւանուհուն գտել են ուժասպառ եւ ծայրահեղ հյուծված վիճակում:
Ֆլորա Թադեւոսյանը պատմում է, որ իր եւ կրտսեր որդու՝ Վազգեն Սիմոնյանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են ընտանիքի հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո. «Էջմիածնի Բաղրամյան 16 հասցեում գտնվող մեր երեք սենյականոց բնակարանը, որ ես ու ամուսինս վարկով գնել էինք 1975 թվականին, գրանցված էր ամուսնուս անունով: Նրա մահից հետո փոքր տղայիս ասացի, որ տունն անվանափոխենք իմ անունով: Չհամաձայնեց. պատճառաբանելով՝ իբր իրեն բաժին չեմ տա: Մի օր էլ իմացա, որ ժառանգության պահանջով դիմել է դատարան»:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Վազգեն Սիմոնյանի հայցը եւ նրան ճանաչել ընտանիքի միակ ժառանգորդ:
Հենց սա էլ վրդովեցրել է Ֆլորա մայրիկին, ով, Վազգենից բացի, լույս աշխարհ է բերել եւս երկու երեխա: «Էդ ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է դատարանը Վազգենին միակ ժառանգորդ ճանաչել, երբ նրանից բացի մի տղա ու մի աղջիկ էլ ունեմ: Ճիշտ է՝ մեծ տղաս Ուկրաինայում է ապրում՝ դատական նիստին մասնակցել չկարողացավ, բայց աղջիկս հո եկա՞վ: Եկավ ու հանդես եկավ նաեւ որպես մեծ եղբոր լիազոր ներկայացուցիչ: Երբ աղջիկս փաստաթղթերով իր ինքնությունը հաստատեց, նիստը վարողները միմյանց նայելով քթների տակ ծիծաղեցին: Իսկ երբ ասացի, որ բոլոր երեխաներս էլ տանս գրանցված են, ինչպե՞ս է, որ ժառանգորդների մեջ նրանք չեն հիշատակվում, ծպտուն չեղավ: Ես դատարանում հայտարարեցի, որ Վազգենը միակ ժառանգորդ է ճանաչվել կեղծ փաստաթղթերի հիման վրա: Տանը տղաս նորից ձայնը բարձրացրեց վրաս՝ այ կնիկ, հերիք ա էթաս-գաս ու գործը բզբզես, ո՞վ չգիտի, որ սաղ փաստաթղթերը կեղծ են»,- պատմում է տիկին Ֆլորան:
Թե ինչպե՞ս եւ ո՞ւմ օգնությամբ են կեղծվել փաստաթղթերը, Ֆլորա մայրիկը դժվարացավ ասել: Մի փաստ, սակայն, ուներ: Էջմիածնի 3-րդ բնակկառավարչության կլոր եւ ուղղանկյուն կնիքները, որ կառավարչության լուծարումից հետո ինչ-ինչ ճանապարհներով հայտնվել են իրենց տանը, դարձել են փաստաթղթեր վավերացնող գործիքներ: «Հարսս ինչ ուզում՝ գրում ու պեչատում էր»,- ասաց Ֆլորա Թադեւոսյանը՝ համոզված, որ փաստաթղթերի կեղծարարությունը մեկնարկել է հենց իրենց տնից:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անփոփոխ են թողել նաեւ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները: Ֆլորա Թադեւոսյանը պատրաստվում է խնդիրը հասցնել նաեւ Եվրոդատարան:
2006 թվականից դատական քաշքշուկների մեջ հայտնված ծեր կինը արդարադատությունից հույսը դեռ չի կորցրել՝ «Եթե ոչ մեր երկրի, գոնե Եվրոպայի դատարանը հաշվի կնստի իրական փաստերի հետ»: