Երեկ ՀՀ վարչական դատարանում նշանակվել էր դռնփակ դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանը անվավեր ճանաչելու եւ ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրեր 2009 թ. ՀՀ զինված ուժերում մահացած ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թիվը, նրանց անուն-ազգանունները եւ հասցեները: Պաշտպանության նախարարությունը մերժել էր տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը «ՀՀ ՊՆ-ի գաղտնագրման ենթակա ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանի համաձայն համարվում է գաղտնիք: