Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է դատավորը լինել անաչառ

Հոկտեմբեր 05,2010 00:00

2010 թ. փետրվարի 8-ից ՀՀ վարչական դատարանի Էջմիածնի նստավայրի դատավոր Ա. Ծատուրյանի վարույթում է գտնվում Վ.Դ. 4/0015/15/10 գործը, ըստ հայցի Գարեգին Շահվերդյանի՝ ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Վաղարշապատի ՏՍ-ի եւ 3-րդ անձ Վաղարշակ Մանուկյանի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Ես՝ Գ. Շահվերդյանս, 2010թ. ապրիլի 9-ին դատարանին միջնորդություն եմ ներկայացրել սեփականության իրավունքի պետական գրանցումը վիճարկվող բնակարանից իմ վտարման գործընթացը կասեցնելու համար: 2010թ. ապրիլի 16-ի որոշմամբ՝ դատարանը մերժել է իմ միջնորդությունը հետեւյալ պատճառաբանությամբ. «…միջնորդությունը պետք է մերժվի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցվորը որեւէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ սույն գործով վեճի առարկային առնչվող բնակելի տնից իրեն վտարելու գործողություններ են իրականացվում»:
Վարչական դատարանի կողմից հիշյալ որոշումը կայացնելուց հետո, նույն օրը՝ ապրիլի 16-ին, ԴԱՀԿ ծառայությունից ստացել եմ առաջարկություն վիճելի բնակարանն ազատելու վերաբերյալ: 2010թ. ապրիլի 28-ին նորից եմ միջնորդություն ներկայացրել դատարան՝ վտարման գործընթացը դադարեցնելու պահանջով:
2010թ. մայիսի 10-ին միջնորդությունների քննարկման վերաբերյալ դատական նիստի ժամանակ, ինչպես առաջին, այնպես էլ այս անգամ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Վաղարշապատի ՏՍ-ի ներկայացուցիչը չէր ներկայացել:
Չէր ներկայացել գործով 3-րդ անձ Վ. Մանուկյանի ներկայացուցիչը, թեեւ անձամբ նա ներկա էր: Դատարանին Վ. Մանուկյանը հայտնել էր, որ իր ներկայացուցիչը զբաղված լինելու պատճառով չի կարողացել ներկա գտնվել հիշյալ դատական նիստին, բայց այդ օրվա վերջին նա անպայման կգա եւ կհանդիպի դատավոր Ա. Ծատուրյանին: 3-րդ անձի այս հայտարարությունը իմ մեջ հարց առաջացրեց, ինչո՞ւ պետք է նրա ներկայացուցիչը օրվա վերջին հանդիպեր դատավորի հետ: Դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն ավելի հիմնավորվեց, երբ դատարանը կրկին որոշում կայացրեc իմ միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Որոշման մեջ դատարանն այս անգամ արդեն պատճառաբանել էր՝ «…վերոնշյալ փաստաթղթերը բավարար չեն եզրակացնելու, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի կողմից օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանն ուղղված կատարողական գործողությունների կատարումը պետք է դադարեցնել, քանի որ նշված տունը սեփականության իրավունքով սույն գործով երրորդ անձ Վ. Մանուկյանի անունով է գրանցվել՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով»:
Խնդիրն այն է, որ վիճարկվում է հենց Վ. Մանուկյանի անունով Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 բնակելի տան սեփականության իրավունքի գրանցումը, ուստի գտնում եմ, որ դատարանը պետք է բավարարեր իմ միջնորդությունը՝ վտարման գործընթացը կասեցնելու վերաբերյալ, մինչեւ հիշյալ գործով վերջնական դատական ակտ կայացնելը:
Իմ կողմից շարադրված հանգամանքները հաշվի առնելով՝ գտնում եմ, որ հիշյալ գործով դատավորն անկողմնակալ չէ:
Էջմիածնի վարչական դատարանից մերժում ստանալուց հետո, մերժման վերաբերյալ այդ որոշումը բողոքարկել եմ ՀՀ վարչական դատարան, քանի որ ինձ տրված էր 5-օրյա ժամկետ՝ տվյալ որոշումը բողոքարկելու համար: 2010թ. մայիսի 19-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր: Ըստ դատավոր Ծատուրյանի հայտարարության, քանի որ որոշումը բողոքարկվել է, եւ գործը մտել է վարույթ, որոշում է կայացվել դատական նիստը հետաձգել մինչեւ հիշյալ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելը: 2 ամիս ձգձգումներից հետո ՀՀ վարչական դատարանից ստացա պատասխան, որ դատավոր Ծատուրյանը սխալվել է, որ նշել է, թե որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում, օրենքի համաձայն այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
2010 թ. հոկտեմբերի 5-ին տեղի է ունենալու հիշյալ գործով դատական նիստ: Հարց է առաջանում՝ այսքանից հետո կարո՞ղ է, արդյոք, դատավոր Ա. Ծատուրյանը ցուցաբերել անաչառություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել