Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂԱՊԱ՞ՀՆ Է ՍՊԱՆԵԼ ԿՆՈՋԸ

Հոկտեմբեր 05,2010 00:00

20-ամյա աղջկա հարազատների պնդումները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 30-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հանրակացարաններից մեկում դաժան ծեծի եւ խոշտանգման հետեւանքով՝ նախ Մասիսի հիվանդանոց, ապա Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, որն էլ հոկտեմբերի լույս 1-ի գիշերը մահացել էր: Շաբաթ օրը մեզ ահազանգեցին Զարուհի Պետրոսյանի հարազատները եւ օգնություն խնդրեցին: Ըստ Զարուհու քրոջ՝ Հասմիկ Պետրոսյանի եւ նրա սկեսրոջ՝ Անահիտ Կարապետյանի, իրականում Զարուհուն ծեծել, խոշտանգել են: «Քույրս ամուսնացել է 2008թ. մարտին եւ հենց սկզբից էլ նրա ու ամուսնու ընտանիքի անդամների հարաբերությունները լավ չէին. քրոջս անընդհատ ծեծում էին, այն աստիճան, որ քիթ ու բերանից արյուն էր գալիս, ուշաթափվում ու ընկնում էր գետնին: Քույրս մի քանի անգամ եկել է իմ ու ամուսնուս տուն, մեջքն ամբողջովին կապտուկների մեջ: Հարցրել ենք՝ ի՞նչ է եղել, ասել է՝ կեսուրս է թավայով խփել մեջքիս»,- պատմում է Հասմիկը: Նրա խոսքով՝ քրոջն անընդհատ ծեծել են, պահանջելով, որ զանգի ու հարազատներից, մասնավորապես՝ քրոջ ամուսնու ընտանիքից փող պահանջի՝ մեքենա գնելու համար: «Քույրս, որպես երկկողմանի ծնողազուրկ, ամեն ամիս 70 հազար դրամ փող էր ստանում, նաեւ կրթաթոշակ: Քանի որ ամուսինը սովորում էր Մասիսի քոլեջում որպես, այսպես ասած՝ «դզող-փչող», քույրս իր չորս ամսվա փողը հավաքել էր, որ ամուսնու ատեստատը վերցնեին: Բայց ամուսինը քրոջիցս թաքուն փողը տարել, մեքենա էր բերել ու անընդհատ ծեծում ու ստիպում էր, թե հարազատներիցդ փող ուզի, որ մեքենայի մնացած փողը տանք: Ու այդ ամեն ինչն իմ աչքի առաջ էր տեղի ունենում: Քրոջս ծեծում էին նույնիսկ այն ժամանակ, երբ նա հղի էր»,-մեզ հետ զրույցում ասաց Հասմիկը:
Մեր հարցին, թե նման իրավիճակների ժամանակ դիմե՞լ եք ոստիկանությանը, Հասմիկը պատասխանեց՝ «դիմել ենք բազմաթիվ անգամ, իսկ Մասիսի բաժնում քրոջս ամուսնուց թուղթ են վերցրել, որ եթե մեկ էլ կրկնվի՝ ապա օրենքով վատ է լինելու: Անգամ բաժնում ստորագրություն վերցնելուց հետո քրոջս ամուսինը շարունակում էր ծեծել քրոջս: Ստիպված քույրս բաժանվեց ամուսնուց եւ եկավ ու մոտ 10 օր մեզ հետ էր ապրում: Այդ օրերին ամուսինը անընդհատ զանգում, համոզում էր, հետո էլ սկսեց սպառնալ քրոջս՝ վերադարձի տուն, հակառակ դեպքում գալու եմ քեզ էլ, քրոջդ ընտանիքին էլ սպանեմ»: Ըստ Հասմիկի եւ նրա սկեսրոջ, եթե ժամանակին Զարուհու ամուսինը պատասխանատվության ենթարկվեր կատարած անմարդկային վերաբերմունքի եւ արարքի համար՝ ապա այսօրվա դժբախտությունը չէր լինի: Իսկ նա ամեն ծեծից հետո հայտարարում էր. «ես պրոբլեմ չունեմ, իմ դեմ խաղ չկա, դու մանկատնից ես եկել՝ եթիմ-անտեր աղջիկ ես, իսկ իմ մեջքին գեներալ Էրիկի նման մարդ ունեմ»: Մեր հարցին, թե ո՞վ է այդ Էրիկը, մահացած աղջկա հարազատները ասացին՝ «էջմիածինցի ինչ-որ գեներալ է ՀՀ պաշտպանության նախարարությունից»:
Որ Զարուհին պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների է ենթարկվել, մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Խնամքի եւ պաշտպանության» կենտրոնի տնօրեն Գայանե Մարգարյանը, ում սաներն են եղել 1990-ին Բաքվից Հայաստան եկած Հասմիկ եւ Զարուհի Պետրոսյանները: «Զարուհին շատ խելոք, համեստ ու հանգիստ աղջիկ էր, ուղղակի 10-րդ դասարանում փախավ էդ տղայի՝ իր ամուսնու հետ: Մենք անընդհատ կապ էինք պահպանում նրա հետ, անընդհատ այցելում էր մեզ: Իսկ երբ երեխան ծնվեց, ես ավելի հաճախ էի զանգում, հետաքրքրվում: Իսկ մոտ վեց-յոթ ամիս առաջ արդեն բողոքում էր, թե կյանքս լավ չի, անընդհատ ծեծ ու ջարդի մեջ եմ, ինձ ու երեխայիս ահ ու սարսափի մեջ են պահում: Իսկ 15 օր առաջ զանգեց, սկսեց լացել, թե մեր տունն անընդհատ կռիվ է, սկեսուրս սենց, տեգրս սենց… ու այսպես շարունակ»,- ասաց տնօրենը:
Ըստ Հասմիկ Պետրոսյանի, Զարուհու հարեւաններն էլ են Մասիսի ոստիկանությունում ցուցմունք տվել եւ հայտնել, որ «քրոջ մահվան օրը մտել են նրանց տուն եւ տեսել, թե ինչպես են նրան քացու տակ գցել, ծնկներն ու մատները կոտրել, գլուխը ջարդել ու բերանը շոր մտցրել, որ արյունը կտրվի: Հետո հարեւաններից մեկը տղային ասել է, որ զանգի ու ոստիկանություն կանչի: Երբ սկեսուրն ու ամուսինն իմացել են, որ ոստիկանությունը պետք է գա, քրոջս ծեծված վիճակում գլորել են աստիճաններից ցած, նորից քարշ տվել տուն, որպեսզի ոստիկանությանն ասեն, թե աստիճաններից է գլորվել ու ջարդուփշուր եղել»:
Հասմիկը պատմեց, որ երբ Մասիսի ոստիկանությունում ցուցմունք է տվել՝ պատմելով քրոջ ծեծի մասին, քննիչն անընդհատ ասել է, թե իր պատմածները կարեւոր չեն, դա գործի հետ կապ չունի՝ փորձելով, իր ձեւակերպմամբ՝ «սվաղել գործը»: Իսկ Հասմիկի սկեսուրը պատմեց, որ երբ ինքը բողոքել է քննիչի աշխատանքից, իրեն ոստիկանության աշխատակիցները սաստել են, դուրս հրավիրել: Զարուհու ամուսինն էլ ցուցմունք է տվել, թե «ես մեղք չունեմ, ընկել- մահացել է»: Զարուհու հարազատները ահազանգում են, որ ոստիկանությունը փորձում է գործը սվաղել, քանի որ Զարուհին «անտեր երեխա է»:
Զարուհու հարազատները պնդում են նաեւ, որ կան էական հակասություններ ոստիկանության Մասիսի բաժնի քննիչի եւ Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի բժիշկ Մ. Մելիքյանի տված եզրակացությունում:
Հիմա Զարուհու հարազատները մտահոգված են նրա երեխայի ճակատագրով, քանի որ իրենց հայտնի է դարձել, որ ինչ-որ մարդիկ դեպքի օրը Զարուհու 1,5-ամյա դստերը տարել են անհայտ ուղղությամբ, իրենց հետ վերցնելով նաեւ երեխայի հագուստները:
«Առավոտի» տեղեկություններով, այս գործը ոստիկանության Մասիսի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ զինվորական դատախազություն, քանի որ Զարուհի Պետրոսյանի ամուսինը՝ 30-ամյա Յանիս Ալեքսանի Սարկիսովը ծառայում է որպես ենթասպա ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ջոկատում:
Մեր տեղեկություններով՝ երեկ ենթասպային ձերբակալել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել