Հայաստան-Ֆրանսիա միջպետական ծրագրերի շրջանակներում երեկ Հայաստանի ուռուցքաբանության ազգային ինստիտուտում մեկնարկել է Չարորակ ուռուցքների ախտորոշման եւ բուժման հիմնադրույթներին նվիրված հայ-ֆրանսիական գիտաժողովը: Այդ առիթով մեր երկիր է եկել Փարիզի Գուստավ Ռուսսիի անվան ուռուցքաբանական ինստիտուտի աշխատակազմը՝ պրոֆեսոր Թոմաս Տյուրցի գլխավորությամբ:
Նշենք, որ Ֆրանսիայում ուռուցքաբանությունը առողջապահության ոլորտի ամենազարգացած եւ առաջատար բնագավառներից է եւ թերեւս այդ է պատճառը, որ այսօր մեր երկրի շատ քաղաքացիներ, որոնց հնարավորությունները ներում են, այնքան էլ չեն վստահում հայաստանցի ուռուցքաբանների ախտորոշումներին եւ մեկնում են Ֆրանսիա՝ լրացուցիչ հետազոտություն անցնելու:
Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները վերոնշյալ ծրագրի շրջանակներում վերապատրաստվում են Գուստավ Ռուսսիի ինստիտուտում: