Դժգոհեցին նախագահականի մոտ հավաքված ցուցարարները
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային օրը սկսեց մի խումբ ցուցարարների դժգոհությունների ներքո: Քաղաքապետարանից, կադաստրից, նոտարներից ու դատարաններից «վառված» մոտ 30 քաղաքացի, արդեն 2-րդ տարին է՝ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա է կազմակերպում: Նրանք պահանջում են, որ նախագահն անձամբ լսի իրենց, քանի որ մինչ այդ որ պաշտոնյան լսել է՝ նրանց խնդիրները ականջի հետեւ է գցել. «Մեզ ասել են՝ եթե ուզում եք ձեր խնդիրները լուծվեն, պիտի անձամբ Սերժ Սարգսյանի հետ խոսեք: Միայն նա կարող է ձեզ օգնել»: Ցուցարարները առավոտյան ժամը 8-ից անձրեւի տակ սպասում էին, թե երբ նախագահը կգա իր աշխատավայր եւ գոնե այս անգամ կընդունի իրենց: Սակայն նախագահն այս անգամ էլ անտարբեր է անցել ցուցարարների կողքով. «Մեր մեջ տարեց, հիվանդ, հաշմանդամ մարդիկ կային, նույնիսկ դա չհուզեց մեր նախագահին, որ մեքենան կանգնեցնի ու գոնե հարցնի՝ ի՞նչ է ուզածներս»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռուզաննա Ղազարյանը: Անձրեւից պաշտպանվելու համար ցուցարարներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին մետրոյի «Բաղրամյան» կայարանի մուտքի ծածկի տակ: Այնտեղից նրանք կարողանում էին հետեւել նախագահականի բակում տեղի ունեցող անցուդարձին: Նրանց պատմելով, նախագահ Սերժ Սարգսյանը հասարակ ժողովրդին արհամարհեց, իսկ իրեն հյուր գնացած բարձրաստիճան եկեղեցականին անձամբ դիմավորեց. «Մի բան էլ՝ համբուրեց, թեւանցուկ արեց եւ ներս տարավ այդ եկեղեցականին: Փաստորեն, հասարակ ժողովուրդը նախագահի համար ոչինչ է, իսկ ահա եկեղեցականին մեծ պատվի արժանացրեց: Այնքան վիրավորված ենք: Անընդհատ այդ ստորացուցիչ պատկերը մեր աչքի առաջ է»:
Կադաստրի, քաղաքապետարանի, նոտարական գրասենյակների եւ դատարանների անօրինականությունների մասին, որոնց զոհն են 30-ից ավելի երեւանցիներ, նամակով դիմելու են ՄԱԿ-ի գրասենյակ. «ՄԱԿ-ի ներկայացուցիչներից մի կին մեզ հորդորել է մեր դիմումը անգլերեն ներկայացնենք գրասենյակ, որտեղից էլ պետք է ուղարկեն Ժնեւ: Մինչեւ վերջ գնալու ենք»: Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահի հետ հանդիպման համար դիմելու են մի քանի դեսպանների, որպեսզի գոնե նրանք միջնորդեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար: