Իսկ նրանց հայրերին՝ ամանորին
Ջրաշենից ընտանիքները քիչ-քիչ արտագաղթում են:
Լուռու մարզի Ջրաշեն գյուղում երեխաները հիմնականում ծնվում են սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին: Ոչ միայն ջրաշենցիների ապրուստն է պայմանավորված գյուղի տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքով, այլեւ՝ ծնունդները: Ընտանիքը պահելու համար արտերկիր մեկնած ջրաշենցի միգրանտ տղամարդիկ հայրենիք են վերադառնում ամանորի տոներին եւ իրենց կանանց հետ այդ ժամանակահատվածի «շփումից» էլ 9 ամիս անց Ջրաշենի նոր բնակիչները ծնվում են: Այս տարվա սեպտեմբերին այս գյուղում ծնվել է 13 երեխա՝ 4 աղջիկ, 9 տղա: Այս մասին տեղեկացանք գյուղի բժշկական ամբուլատորիայի ավագ բուժքույր Ալվարդ Գեւորգյանից: «Առավոտի» հետ զրույցում տիկին Ալվարդը վստահեցրեց, որ եթե գյուղի բնակիչներն ապահովված լինեին բնակարաններով, ավելի շատ երեխաներ կունենային. «Ապրում են վագոն-տնակներում: Մի քիչ նպաստ են ստանում, դա չի բավականացնում երեխային պահելու համար, որովհետեւ կեսն արհեստական կաթով են սնում, կրծքով դժվարանում են կերակրել, քանի որ սոցիալական վիճակից ելնելով իրենք էլ չեն կարողանում նորմալ սնվել: Անցյալ տարի մեզ մոտ ծնվել է 124 երեխա, այս տարի արդեն հաշվառված ունենք 70 հղի կին: 5 տարի առաջ 48 երեխա էին ունենում տարեկան: Մեր պետության աջակցությունն է երեւի պատճառը, որ ունենում են, 3-րդ երեխայի ծնվելու հետ կապված շատ գումար են ստանում»:
Մեր այն հարցին, թե շա՞տ կանայք են սոցիալական պայմաններից ելնելով հղիությունն արհեստական ընդհատում, տիկին Ալվարդն ասաց. «Աբորտի հարցով մեզ չեն էլ դիմում, գաղտնիք է ոնց որ: Չգիտենք ուր են գնում: Մենք հայտնաբերում ենք հղիներին մինչեւ 12 շաբաթական, նրանց ուղարկում ենք Սպիտակ՝ հետազոտությունների եւ ծննդաբերելու: Մենք հիմնականում առաջին բուժօգնություն, ընտանեկան բժշկություն եւ նման ծառայություններ ենք մատուցում: Այդ ամբողջն անվճար է»:
Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանն էլ նշեց պատճառները, թե ինչու են իրենց գյուղի տղամարդիկ ստիպված լինում հայրենիքն ու ընտանիքը լքել. «Գոյատեւում ենք հողագործությամբ, որն այնքան էլ չի արդարացվում, քանի որ արդեն թանկ է ամեն ինչ, հնարավորություն չկա, որ ժողովուրդը վար ու ցանք անի: Այս տարի ոչ մի պտուղ չկար ծառերի վրա: Հոկտեմբերի 3-ին Բերքի տոն էր, չգիտեինք ինչ ցուցադրել: 840 հա վարելահողեր են: Ամեն բնակչի հողը մոտ 3400 մետր է, սակայն չի մշակվում, ընդհանուր առմամբ 150 հա է մշակվում, ցորեն, գարի, կաղամբ ու կարտոֆիլ են աճեցնում: Անասնապահությունն էլ չի արդարացնում, անասնակերն է շատ թանկ: Դրա համար էլ մարդիկ պարտքեր են կուտակում, որ գոյատեւեն, հետո դուրս են գնում, որ դրանք մարեն եւ իրենց ընտանիքներին ապրելու միջոց գտնեն: Մեր գյուղից 12 ընտանիք դրսում է: Նրանք պարտքերը, վարկերը ուսներին դուրս են եկել, գումար չեն կարողանում աշխատել եւ ստիպված մնում են այնտեղ: Մոսկվա եւ Թաթարստանի կողմերն են հիմնականում գնում: Աշխատանք չկա այստեղ: Ժողովուրդը հիմնականում նպաստով է ապրում եւ դրսից ուղարկված փողերով: Գյուղում 3600 բնակիչ կա, 1100 տնտեսություն, անչափահասները 1700-1800-ն են, արտագնա աշխատանքի է գնում տարեկան միջինը 100 մարդ: Այս եւ անցյալ տարի քիչ են գնացել, քանի որ գյուղում շինարարություն է ընթանում, մարդիկ պետությունից գումար են ստացել եւ իրենք են հիմնականում իրենց տները կառուցում, իսկ անցյալ տարի ճգնաժամ էր»: Քանի որ այս գյուղը 1988-ի ավերիչ երկրաշարժից ամենատուժածներից մեկն է, այստեղ պետական միջոցներով բնակարանաշինություն է իրականացվում: Գյուղապետի խոսքերով, Ջրաշենի թիվ մեկ խնդիրը մարդկանց բնակարան չունենալու հարցն է. «Վագոն-տնակներում ապրողները հիմա երեխաներ են ունենում, ավելանում են: Բնակարան կորցրածներին են առաջին հերթին տուն տալիս, նրանց ընտանիքի անդամներն էլ են ավելացել, նրանց երեխաները երեխա են ունեցել, որոնք նույնպես բնակարանի կարիք ունեն: Իսկ ներկա պահին գյուղում 97 տուն է կառուցվում: Քաղաքաշինության նախարարությունը հաստատել է 230 բնակարանի կառուցման հարցը: Մենք հիմա 560 տնտեսություն ունենք, որ վագոն-տնակներում է ապրում: Ունենք նաեւ վթարային տներ՝ 39, որոնք չեն վերակառուցվում, միայն 4-րդ կարգի վթարայինն է կառուցվում: Կան մարդիկ, որոնք տուն են կորցրել, սակայն նրանց համար հայտ չի ներկայացվել, որպեսզի նրանք էլ տուն ստանան, դիմել են դատարան: Նրանց չընդգրկվելու պատճառն այն է, որ ընտանիքով այստեղ չեն, բայց մենք նրանց տեղեկացրել ենք: Նշեմ, որ 300 տուն էլ արդեն կառուցվել է տարբեր ծրագրերով»:
Սոցիալական խնդիրները չլուծած՝ ջրաշենցիներն իրենց համար «քաղաքական» խնդիրներ էլ են ստեղծել: Գյուղի բնակիչները բաժանված են «սերժականների, «լեւոնականների»: Իրեն «լեւոնական» համարող ջրաշենցին, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում սկսեց դժգոհել «պետության ղեկավարի սխալ քաղաքականությունից». «Մենք 2 միլիոն ժողովուրդ ենք, բայց պահում ենք 17 նախարարություն, մեր ինչի՞ն է դա պետք՝ սփյուռքի, տարածքայինի, ո՞ւմ փողերն ենք նրանց տալիս, մեր բոլորի, չէ՞: Ընտրությունների ժամանակ «Սպիտակի» ստուդիայի տնօրեն Ալիկ Սարգսյանից 10 հազար դրամ եմ վերցրել, սակայն գնացել եւ ընտրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Անդրադառնալով գյուղատնտեսական խնդիրներին էլ՝ ասաց. «Դրա մասին հարցերը ինձ մի տվեք, ի՞նչ գյուղտեխնիկա, ի՞նչ մարդ: Այդ տեխնիկան հասնում է միայն հարուստներին: Հեկտար ու կես հող ունեմ, ոչ էլ մշակել եմ, բրախել եմ: Մեզ մոտ կաղամբ, կարտոֆիլ, գազար, կարմիր բազուկ է աճում, բայց այդ բոլորը մարդիկ ձեռքով են անում, տեխնիկա չկա: Ոռոգման հարցը ոչինչ է, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ուղղակի թանկ է, չի համապատասխանում այն եկամուտին, որ մենք հողից ստանում ենք, թանկ է գալիս՝ ոնց հաշվում ենք»: Ջրաշենցի Սուրիկ Մանուկյան էլ է քաղաքականությամբ շատ հետաքրքրված, նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, սակայն ասում է, որ արդեն հրաժարվել է իր կուսակցությունից: Պատճառը, ըստ նրա, այն է, որ այս կուսակցությունը շատ բան խոստացավ, սակայն ոչ մի բան էլ չարեց. «Սկզբից իրենք ասացին, որ ընդդիմադիր կուսակցություն են, սակայն հետո չերեւաց նրանց ընդդիմադիր լինելը: Հիմա ոչ մեկի մեջ էլ չեմ ուզում մտնեմ, մեր տան կուսակցության անդամ եմ»: Նա աշխատանքով ապահովված էր, Ջրաշենի գյուղապետարանի աշխատակից էր, սակայն, նրա ներկայացմամբ, այդ աշխատանքից ստացված գումարն էլ չի բավարարում, որ իր ընտանիքն ապրի. «Գյուղում 2 խանութ կա, 2-ի պարտքացուցակներում էլ ընդգրկված եմ՝ մեկին 15 հազար, մյուսին երեւի էլի այդքան հաց-մացի գումար ենք պարտք»:
Հ. Գ. Այցը Լոռու մարզ՝ կազմակերպվել էր «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում: