Աշխարհահռչակ բրիտանացի գիտնական Ռոբերտ էդվարդսը երեկ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի եւ բժշկության ասպարեզում՝ շնորհիվ իր հետազոտությունների, որի արդյունքում 1978թ. ծնվեց փորձանոթի մեջ բեղմնավորված առաջին երեխան: Այս մասին հայտնում է Reuters-ը, որին մեջբերել է tert.am-ը: 85-ամյա պրոֆեսորը ստացել է 10 մլն շվեդական կրոն (1,5 մլն դոլար)՝ արտարգանդային բեղմնավորման մեթոդի մշակման համար: Այս մեթոդի շնորհիվ է, որ բազմաթիվ զույգեր, ովքեր տառապում են չբերությամբ, այսօր կարողանում են երեխա ունենալ: Նա այդ մեթոդի մշակման վրա աշխատել է 1950–ականներից եւ հաջողության հասել միայն 1978թ.: Մեթոդի նորարարությունը կայանում է նրանում, որ կնոջ ձվաբջիջը բեղմնավորվում է տղամարդու սերմնահեղուկով ոչ թե օրգանիզմում, այլ անոթի մեջ, դրանից հետո միայն այն տեղադրվում է կնոջ արգանդի մեջ: Ժամանակին այս փորձարկումը արժանացավ կրոնական շրջանակների քննադատությանը: Գիտնականին մեղադրում էին մարդկային կյանքի ստեղծմանը միջամտելու համար: Շատ գիտնականներ կասկածներ ունեին պտղի լիարժեքության առնչությամբ: Սակայն ապացուցված է, որ այդ մեթոդով ծնված երեխաները որեւէ կերպ չեն տարբերվում արգանդում բեղմնավորված երեխաներից:
Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն, Նոբելյան կոմիտեն առաջինը հրապարակում է ֆիզիոլոգիայի եւ բժշկության ասպարեզում դափնեկրի անունը. իր կտակում այդպես է պահանջել մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելը: Այսօր կհայտարարվեն ֆիզիկայի եւ քիմիայի ասպարեզներում դափնեկիրների անունները, հինգշաբթի՝ գրականության ասպարեզում, ուրբաթ՝ խաղաղության ասպարեզում: 109-րդ Նոբելյան մրցանակաբաշխությունը կավարտվի հոկտեմբերի 11–ին, այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը: