Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրճատվելու է լիցենզիաների քանակը

Հոկտեմբեր 05,2010 00:00

Կառավարության որոշմամբ, 43%-ով կհեշտացվի պարզ ու բարդ ընթացակարգերով տրամադրվող լիցենզիաների քանակը: Երեկվա ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ ներկայումս մոտ 159 լիցենզավորման ընթացակարգերով տրամադրվող լիցենզիաների փոխարեն օրենսդրական նախագծով առաջարկվում է դրանց քանակը հասցնել մինչեւ 96-ի. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենսդրական նախագծով էականորեն կրճատվում են լիցենզավորման ենթակա գործողությունները: Փոփոխությունը գործարարներին ու անհատ ձեռներեցներին հնարավորություն կընձեռի առանց մեծ դժվարությունների իրականացնել լիցենզավորման գործընթացը: Նախեւառաջ խմբավորել ենք այն լիցենզիաները, որոնք ըստ էության նմանատիպ են, հստակեցրել ենք պարզ ու բարդ ընթացակարգերը»:
Փոփոխությունների շրջանակում տնտեսվարող սուբյեկտը լիցենզիան կարող է ձեռք բերել նաեւ էլեկտրոնային տարբերակով՝ այցելելով կառավարության պաշտոնական կայքէջ՝ e-gov.am: Ասուլիսին ներկա կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը մանրամասնեց՝ քաղաքացին կարող է լրացնել էլեկտրոնային դիմումը ու հետեւել ընթացքին: Նրա խոսքով. «Այս պահին միայն երկու բնագավառի ենք այդ հնարավորությունն ընձեռում՝ ֆինանսների նախարարության եւ տրանսպորտի ու կապի նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաների համար, առաջիկա 6 ամսվա ընթացքում մնացած բոլոր լիցենզիաների տարատեսակների գծով եւս հնարավորություն կընձեռվի էլեկտրոնային տարբերակով դիմումներ ներկայացնել»:
Նախարարն էլ հավելեց, որ փոփոխությունների արդյունքում առնվազն 40%-ով համակարգում կրճատվելու են կոռուպցիոն ռիսկերը. «Էլեկտրոնային համակարգով լիցենզիա հայցողի ու տրամադրողի միջեւ անմիջական շփումը տեղի չի ունենալու, ինչն էլ հիմնականում կոռուպցիայի աղբյուր է հանդիսանում»: Նրա խոսքով, օրենսդրական նախագծով փոփոխություններ չեն գրանցվի պետական տուրքի դրույքաչափերում. «Բայց հաշվի առնելով, որ լիցենզիաների ընդհանուր քանակը կրճատվում է ու իրականացվում է դրանց խմբավորում, բնականաբար՝ գումարները, որ վճարվում էին այս կամ այն գործունեություն իրականացնելու համար, հիմա պարզապես ավելի քիչ կվճարվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել