Կանխատեսում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը
Հայաստանյան քաղաքական վերլուծաբաններն սկսել են մեկնաբանություններ անել առաջիկա՝ 2012թ.-ին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դրա համար հիմք են հանդիսացել, թերեւս, որոշ կուսակցությունների, մասնավորապես՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու նաեւ «Ժառանգության» կողմից նախընտրական քարոզարշավ հիշեցնող հայտարարություններն ու միջոցառումները: Խոսքն այս համատեքստում մի դեպքում՝ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից նոր խորհրդարանում ուժերի դասավորության, «Ժառանգության» դեպքում՝ առաջիկա ընտրությունների ընթացքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ փոխհարաբերությունների, եւ ՀՅԴ-ի պարագայում՝ Աշտարակում նախաձեռնած տիպիկ նախընտրական հանրահավաքի ժամանակ արված հայտարարություններին է վերաբերում: Ու եթե շատերի համար այս ուժերի կողմից նախընտրական քարոզարշավ հիշեցնող գործողությունները վաղաժամ ու նույնիսկ ժամանակավրեպ են, ապա դրանք շատ բնական ու «նորմալ» գործընթաց են քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ: Այն, ինչի ականատեսն ենք հիմա, Ա. Բադալյանի մատուցմամբ, ոչ թե ընտրական, այլ նախընտրական արշավ է, ինչը նորմալ է, եւ ֆոլթ-ստարտի մասին այս դեպքում խոսք լինել չի կարող, մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ «ոչ թե ընտրություններին, այլ քվեարկությանն է մնացել ավելի քան մեկուկես տարի»: Ավելին, նրա համոզմամբ՝ հայրենի քաղաքական ուժերը այդ արշավը պետք է ոչ թե հիմա ծավալեին, այլ դեռ նախորդ ընտրությունների պաշտոնական ավարտից անմիջապես հետո:
Այդուամենայնիվ, որքանո՞վ են արդարացված այսօր ապագա խորհրդարանում քաղաքական կուսակցության մտնել-չմտնելու, հնարավոր դաշինքներ կազմելու մասին կանխատեսումները, նկատի ունենալով, որ մեկուկես տարում շատ բան կարող է փոխվել: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների գիտակը կիսում էր որոշ քաղաքագետների այն կարծիքը, թե ՀՀ ապագա խորհրդարանում ներկայացված է լինելու երեք ուժ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը, իսկ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» խորհրդարանական ուժեր այլեւս չեն լինելու: Ա. Բադալյանը կարծիք հայտնեց, թե այսօր ՀՀ քաղաքական դաշտում, իրոք, միայն այս երեք՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ, քաղաքական ուժերն են, որ տարբեր պատճառներով ազդեցիկ ուժեր են, թեեւ ունեն տարբեր վարկանիշներ ու ընտրազանգվածներ: «Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում գործող երեք մյուս միավորներին՝ «Ժառանգություն», ՕԵԿ եւ ՀՅԴ, ապա նրանց այսօր արդեն շարքից կարելի է հանել»,- արձանագրեց Ա. Բադալյանը: Նա, հերքելով ՀՀ-ում ընտրազանգվածը սխալմամբ եւ մեխանիկորեն երկու մասի՝ իշխանական եւ ընդդիմադիր ճամբարների բաժանելու եւ այդ դաշտերի քաղաքական ուժերից որեւէ մեկի կողմից նույն դաշտի մրցակից ուժին դուրս մղելով նրա ձայներին ամբողջությամբ տիրանալու տեսությունը, մանրամասնեց, թե, իր կարծիքով, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», նաեւ ՀՅԴ-ն՝ որպես կուսակցություններ, գոյություն չունեն՝ շատ պարզ պատճառով. «ՕԵԿ-ը՝ ի դեմս իր լիդերի, ժամանակին հանդես էր գալիս պայքարողի կերպարով, բայց քանի որ 2008թ. մարտի 1-ից հետո Ա. Բաղդասարյանը, դավաճանելով իր ընտրազանգվածին, անցավ իշխանական ճամբար ու կոտրեց իր պայքարողի կերպարը, նրա ետեւից գնացող ընտրազանգվածը նրան սկսեց չընդունել եւ համալրեց «տատանվող» ընտրազանգվածի շարքերը:
Նույնը վերաբերում է «Ժառանգությանը»: Երբ նա նոր էր ձեւավորվել, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես կուսակցության ղեկավար, իր նոր դերում որպես նոր կերպար մասնակցելով ընտրություններին, բավականին ձայներ հավաքեց ու մտավ խորհրդարան: Հիմա նա, որպես առաջնորդի կերպար, գոյություն չունի, որովհետեւ նրա ետեւից գնացող ընտրազանգվածն այդպես էլ չտեսավ, թե Հովհաննիսյանն ինչով է զբաղվում, նրանից երես թեքեց ու նորից դարձավ տատանվող ընտրազանգված: Այո, մենք տեսնում ենք «Ժառանգություն» խմբակցության ոչ բոլոր ներկայացուցիչների, այլ մի մասի ակտիվ աշխատանքը, բայց դա դեռ կուսակցություն չէ, ուստի՝ չեմ կարծում, թե նրանց այլեւս կհաջողվի ինչ-որ բան անել եւ խորհրդարան մտնել: ՀՅԴ-ն, չլինելով լիդերային կուսակցություն, եւս լուսանցքում գտնվող ուժերի թվում է՝ այն պարզ պատճառով, որ նախ՝ 20 տարվա ընթացքում արժեքային համակարգ է փոխվել, եւ հիմա մեր հասարակությանը բոլորովին այլ խնդիրներ են հուզում, քան հայդատականությունն ու պահանջատիրությունն է: ՀՅԴ-ի ընտրազանգվածն արդեն ինքնին փոշիացվել է: Երկրորդ՝ ՀՅԴ-ն իրեն բավականին վարկաբեկել է 1998-2009թթ. ընթացքում՝ հանդիսանալով այն տնտեսական համակարգի շինարարներից մեկը, որին այսօր նա քննադատում է, առավել եւս, որ տեսնում ենք ՀՅԴ-ի՝ 2007թ. ԱԺ ընտրություններից մինչեւ 2008թ. նախագահական եւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ քվեների կտրուկ անկման դինամիկան: Իսկ այդպես խորհրդարանում հայտնվելու նրա շանսերը շատ փոքր են: Կարող են այդ ցուցանիշները փոփոխվել, եթե լուրջ աշխատանք տանեն, բայց նրանք դա չեն անում: Պահանջում են ԱԳ նախարարի, մարզպետի, վաղն էլ ինչ-որ գյուղապետի հրաժարականը, ինչով ցույց են տալիս, որ նրանց պայքարն ուղղակի ձեւական բնույթ է կրում, իսկ ընտրազանգվածը դա բավականին լավ է հասկանում: Եթե ՀՅԴ-ն լուրջ հավակնություններ ունենար, նա պիտի ազատվեր իր այն ղեկավար կազմից, որը Քոչարյանի տարիներին լուրջ դերակատարություն է ունեցել եւ պատասխանատու է անցած ժամանակահատվածի գործունեության համար: Բայց մենք տեսնում ենք, որ ՀՅԴ ԳՄ-ի կազմն այսօր նույնն է կամ գրեթե նույնն է: Բայց նրանք ընդամենը հանրահավաք են անում, որը ինքնին ոչինչ չի նշանակում եւ պայքարի 100 միջոցներից ընդամենը մեկն է»:
Ինչ վերաբերում է տեսականորեն ՀՀ ապագա խորհրդարանում հայտնվելու ամենամեծ հավանականությունն ունեցող երեք ուժերին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին, ապա Ա. Բադալյանի համոզմամբ, երեք գործոններ կան, որոնք կարող են ազդել ընտրազանգվածի կառուցվածքի, հոգեբանության եւ քաղաքական հնարավոր կողմնորոշումների վրա՝ արտագաղթ, Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում (այդ թվում՝ քաղաքական վերնախավի ձեւավորման ընտրության վրա ազդեցությունը), նաեւ հայաստանյան ընտրազանգվածի զգացմունքայնությունը: «Այդ իմաստով այսօր ասել, թե ով կհայտնվի ապագա խորհրդարանում, մի կողմից՝ ճիշտ է, մյուս կողմից՝ սխալ: Եթե այդպիսի կանխատեսում արվի՝ նկատի ունենալով այսօր առկա իրավիճակը, ապա, այո, ապագա խորհրդարանում կլինեն միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը»,- հայտարարեց Ա. Բադալյանը՝ միաժամանակ շեշտելով, թե հնարավոր է նաեւ, որ ապագա խորհրդարանում մի այնպիսի պատկեր ձեւավորվի, որ որեւէ մեկ ուժ այլեւս գերիշխող դեր չունենա, «որովհետեւ դա կարող է ձեռնտու լինել» այսօր տարածաշրջանում հիմնական խաղացող եւ ակտիվ գործունեություն ծավալող Ռուսաստանին, եթե ապագայում Արեւմուտքն էլ չփորձի ձեւավորել կամ նպաստել նոր խորհրդարանի ձեւավորմանը կամ աջակցել որեւէ ուժի:
Նա նաեւ չբացառեց, որ հիշյալ երեք գործոնների ու նաեւ տատանվող ընտրազանգվածի պահվածքի արդյունքում առաջիկա մեկուկես տարվա ընթացքում դրսի կամ ներսի ուժերի նախաձեռնությամբ կամ նպաստող քայլերի արդյունքում ձեւավորվի մի նոր ուժ, եթե, իհարկե, լինեն դրա համար անհրաժեշտ ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսներ ու գաղափարական հենք: Ա. Բադալյանը բացառեց ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հնարավոր դաշինքն առաջիկա ընտրություններում՝ ասելով, որ չի կարող գոյություն չունեցող ուժը՝ «Ժառանգությունը», միավորվել ՀԱԿ-ի հետ կամ միասնական ցուցակով գնալ ընտրությունների: Նա, իհարկե, չբացառեց «Ժառանգության»՝ կուսակցության որոշմամբ, մի քանի ներկայացուցիչների ներգրավումը ՀԱԿ-ի ցուցակում: