Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սփյուռքը անկախանում է Հայաստանից

Հոկտեմբեր 05,2010 00:00

Եվ կառավարություն է  ստեղծում

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ՀԿՀ-USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին համալսարանի Town & Gown սրահում կկայանա «Հայկական Սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» խորագրով մեկօրյա գիտաժողով, որի նպատակն է հասնել հայկական միասնությանը նպաստող ռազմավարության մշակմանը:
Տեղեկացնելով այս մասին՝ news.am-ը հավելում է, որ հավաքի բանախոսներն են՝ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, փաստաբան Մարկ Գիրագոսը, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, լրագրող եւ հեղինակ Մարկ Արաքսը, պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը (ՀԿՀ), պրոֆեսոր Ստեփան Հ. Աստուրյանը (Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի), դոկտոր Կայծ Մինասյանը (Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ, Փարիզ), Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը (ավագ խորհրդական, Միավորված ազգերի կազմակերպություն, Վիեննա), պրոֆեսոր Լեւոն Մարաշլյան (Գլենդեյլի համայնքային քոլեջ) եւ պրոֆեսոր Էնդրյու Դեմիրճյանը (Կալիֆոռնիայի նահանգի համալսարան, Լոնգ Բիչ):
Գիտաժողովի մասնակիցները կխոսեն աշխարհասփյուռ հայերի միասնական կառույց հիմնադրելու հնարավորության մասին: Այս կառույցը պետք է ներկայացնի համայն աշխարհի հայությանը՝ բացառությամբ Հայաստանի եւ Արցախի հայերի, որոնք արդեն ընտրովի կառավարություններ ունեն: Ընտրված ներկայացուցիչների այսպիսի հավաքական մարմինը կարող է իրավացիորեն հայտարարել, որ ներկայացնում է Սփյուռքի հայությանը: Ընտրված կառույցը կարող է միջազգային մի կազմակերպություն ստեղծել՝ հզոր քաղաքական եւ տնտեսական կարողությամբ, որն ի վիճակի կլինի նպաստել հայկական շահերին, պահպանել մշակութային արժեքներն ու պաշտպանել հայության իրավունքները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Առավոտի» խնդրանքով արձագանքեց աշխարհասփյուռ հայերի միասնական կառույց հիմնադրելու նախաձեռնությանը. «ՀՀ սփյուռքի նախարարությունը ողջունում է հայկական Սփյուռքի ցանկացած համախմբում: Սփյուռքում կազմակերպություններ, կառույցներ ունենք, որոնք ոչ միայն համահայկական են, այլեւ 100 եւ ավելի տարիներ գործում եւ հայապահպանական մեծ դեր են խաղում մեր ժողովրդի կյանքում: Համախմբելու եւ մեկ ընտրովի մարմին ստեղծելու փորձը եւս կարեւոր է, քանի որ այն կնպաստի հիմնախնդիրների միասնական ձեւակերպմանը եւ դրանց լուծումներ գտնելուն, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցությունն առավել ընդգրկուն եւ գործնական դարձնելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել