ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային գնահատման առաքելությունը մեր օգտին կարող է լինել:
Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում երեկ մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փաստահավաք առաքելությունը:
Տասն օր շարունակ միջնորդները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը: Միակ այս կարգի առաքելությունը համանախագահողները իրականացրել էին դեռեւս 2005 թվականին:
Անցած հինգ տարիների ընթացքում, անշուշտ, շատ բան է փոխվել եւ Արցախում, եւ նրա շուրջ, եւ ենթադրում ենք, որ այս անգամ միջնորդները շատ ավելին կտեսնեն: Առաքելությունից տրամագծորեն հակառակ ակնկալիքներն ունեն Ադրբեջանում եւ Արցախում: Հայտնի է, որ պաշտոնական Բաքուն մշտապես հայտարարել է, որ ազատագրված (ըստ իրենց՝ գրավյալ) տարածքներում վերահսկողության պակաս կա, եւ որ Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ու մշակութային ժառանգությունը այդ տարածքներում: Ադրբեջանցիները՝ իրենց հատուկ շողոքորթությամբ, այս առաքելության մասին հայտարարում են, թե ակնկալում են, որ համանախագահների այս առաքելությունը կարեւոր դեր կխաղա «ճշմարտության բացահայտման եւ ողջ աշխարհով մեկ տարածման գործում, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ դրան մասնակցում են ՄԱԿ-ի նման հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչները»: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նման մի միտք է օրերս հնչեցրել Բայրամ Սաֆարովը: Թե ինչ են ասում ադրբեջանցիները, նորություն չէ, թեպետ Արցախում եւս այն մտքին են, որ այս առաքելությունը մեր օգտին է, եւ ինչքան շատ բան տեսնեն առաքելության ներկայացուցիչները, այնքան մեզ համար շահեկան է: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Արցախը տվել է իր համաձայնությունը, դաշտային գնահատում անցկացնելու համար, սակայն՝ պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաեւ այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք եւս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Առավոտի» հարցին՝ իսկ համանախագահները համաձայնե՞լ են փաստահավաք առաքելություն իրականացնել նաեւ այդ շրջաններում, պարոն Բաբայանը դրական պատասխան տվեց. «Այո, սակայն պետք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանը կփորձի խոչընդոտել դա: Բայց սա արդեն ուրիշ խնդիր է լինելու, սա ցույց կտա նոր իրավիճակ, կբացի Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը եւ այլն, եւ այլն: Բայց մեր պահանջը եղել է այդպիսին՝ եթե առաքելություն եք իրականացնում, ուրեմն դա պիտի լինի հավասար սկզբունքների հիման վրա»: Պարոն Բաբայանը ասաց նաեւ, թե հուսով են, որ այս առաքելության արդյունքում միջնորդները, հետեւաբար նաեւ միջազգային հանրությունը կհամոզվեն, որ այդ տարածքները բնակչության կողմից ընկալվում են որպես Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մաս, եւ ըստ այդմ՝ փոփոխություններ կմտցնեն հակամարտության կարգավորման որոշակի դրույթում. «Թող գան, տեսնեն, որ այդ տարածքները մեր տարածքներն են, եւ այնտեղ կյանքը շարունակվում է՝ կառուցվում են տարբեր ենթակառուցվածքներ, շենքեր, արտադրական օբյեկտներ եւ այլն՝ ինչպես ամեն տեղ Արցախում: Թող գան եւ տեսնեն, որ այդ տարածքները, մասնավորապես Քաշաթաղի, Շահումյանի շրջանների տարածքները, ինչպես նաեւ Ասկերանի, Հադրութի, Մարտունու շրջանների որոշ տարածքներ բնակչության կողմից ընկալվում են որպես Արցախի Հանրապետության անբաժան մաս, թող տեսնեն եւ դրա հիման վրա փոփոխություններ մտցնեն նաեւ հակամարտության կարգավորման այս կամ այն բաղադրիչի մեջ: Ինձ թվում է՝ այս առաքելության արդյունքում իրենց տեսածը նաեւ իրենց համար կլինի շատ ուսանելի: Թող գան, տեսնեն, թե ինչ է Արցախն ակնկալում»:
Առաքելությանը մասնակից կողմերը երեկ, օրվա առաջին կեսին, դեռ ոչ մի տեղեկություն չէին տարածել առաքելության առաջին օրվա մասին. «Դեռ իրենք կսկսեն, առաքելության կազմում կան խմբեր նաեւ մեր կողմից: Ի դեպ, այս ամենը համակարգելու է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը»: Դավիթ Բաբայանն ասաց նաեւ, թե այս առաքելությունից ոչ մի վտանգ պետք չէ սպասել. «Սրանով մեր ապագա սահմանները չեն գծվում, սա միանշանակ պետք է իմանանք: Սա ուղղակի առաքելություն է, որի շնորհիվ նրանք ուզում են ավելի պատկերավոր տեսնել իրավիճակը: Շատ լավ, թող գան եւ տեսնեն»: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի ներկայացմամբ, Արցախի ժողովրդի տրամադրվածությունը հարցի կարգավորման այս ընթացքում շատ նորմալ է. «Եթե մենք նախկինում ունեինք մի փոքր բարդույթ, որ մենք ճանաչված պետություն չենք, հիմա մենք ձերբազատվել ենք այդ բարդույթից: Մեզ համար կարեւոր չի՝ ճանաչված ենք, թե չճանաչված ենք: Մենք կերտում ենք մեր պետությունը: Նույնը կարելի է ասել նաեւ բանակցային գործընթացի մասով: Մեր մասնակցությունը ընդհանրապես գործընթացին բանակցություններով չէ, որ որոշվում է: Մենք կերտում ենք, ամրացնում, ուժեղացնում ենք մեր պետությունը: Սա է մեր ամենամեծ ներդրումը: Մենք հարցն արդեն լուծել ենք»:
Հայտնի է, որ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ, որի մասին կարծիքները տարբեր են: Իշխող կոալիցիան, մասնավորապես՝ ՀՀԿ-ն, դեմ է եւ մտածում է, որ եթե հարկ լինի ճանաչել Արցախի անկախությունը, իրենք դա կանեն բոլորից շուտ, Դաշնակցությունը եւս դեմ է, քանի որ վստահ է, որ հարցի քվեարկությունն ամենեւին էլ Արցախի շահերից չի բխի, եւ, հետեւաբար, «Ժառանգությունը» ճիշտ կանի, որ օրինագիծը գոնե քվեարկությունից հանի: Իսկ թե ինչ են մտածում այս օրինագծի, ավելի ճիշտ՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման մասին, պարզեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ զրույցի ընթացքում: Նախագահի մամուլի խոսնակն այս կապակցությամբ ասաց. «Իմ կարծիքը հետեւյալն է՝ արցախյան հիմնախնդիրը մեզ համար անչափ կարեւոր է, եւ պետք չէ այն շահարկումների ենթարկել: Մանավանդ՝ գիտեն, որ այս պահի դրությամբ դժվար է լինելու ճանաչմանը հասնելը, ինչո՞ւ ուրեմն գնալ դրան: Չէ՞ որ դա արժեզրկում է գաղափարը: Լավ, մեկ անգամ առաջարկեցին, ասացինք՝ ոչ, հետո երկրորդ, երրորդ, չորրորդ, ի՞նչ կարիք կա գնալ այդ քայլերին: Ժամանակը կգա, եւ դա էլ կլինի: Իսկ հիմա դա որոշ մարդկանց ուրախացնում է, չէ՞, ասում են՝ տեսեք, նույնիսկ Հայաստանը չի ուզում ճանաչել: Ուրեմն, ինչո՞ւ եւս մեկ անգամ մեր թշնամուն այդպիսի հաճելի պահեր պարգեւենք: Չեմ կարծում, որ այդ հարցի բարձրացումը հիմա ճիշտ է, ժամանակը ճիշտ չէ ընտրված»: