Երկուշաբթի օրը մեկնարկելու էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում։ Նախատեսվում է, որ տասն օր շարունակ միջնորդները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկացմամբ, սակայն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաստահավաք առաքելությունը դեռ չի ժամանել Ղարաբաղի հարակից շրջաններ: ԼՂ ԱԳՆ-ից «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել են, որ առաքելությունը այդ տարածքներ կայցելի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 7-ին: Իսկ հոկտեմբերի 6-ին, ինչպես երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, համանախագահները կլինեն Հայաստանում: Նշելով, որ դաշտային առաքելությունը եռանախագահների առաքելություն է, Հայաստանի արտգործնախարարը երեկ հավելել է, որ այն որեւէ առնչություն չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգելու հետ: «Սա եռանախագահների առաքելություն է: ՄԱԿ-ի միայն մեկ կառույցից՝ Փախստականների գրասենյակից, մեկ-երկու հոգի՝ որպես փորձագետներ, տեխնիկական փորձագետներ, ուղեկցելու են եռանախագահներին եւ իրենց օգնականներին: ՄԱԿ-ի այլ որեւէ կառույց որեւէ առնչություն չունի այս առաքելության հետ»,- հայտարարել է Էդ. Նալբանդյանը՝ հավելելով, թե առաքելությունն ուսումնասիրելու է այդ տարածաշրջանում ընդհանուր կացությունը: «Դուք գիտեք, որ եռանախագահներից երկուսը նոր են նշանակված եւ չեն եղել այս տարածաշրջանում, մանրամասն տեղյակ չեն իրավիճակին եւ օգտագործելու են այս առիթը, որպեսզի ծանոթանան տեղում նաեւ իրավիճակին»,- ասել է Նալբանդյանը:
Ղարաբաղյան կողմը շարունակում է պնդել, որ նմանատիպ առաքելություն պետք է իրականացվի նաեւ Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: