Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԷՐ»

Հոկտեմբեր 05,2010 00:00

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում պարզաբանելով ԱԺ փոխնախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները՝ Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Մենք քննարկում ունեցել ենք կուսակցության, կուսակցության ղեկավարի հետ, եւ արդյունքում ես ներկայացրել եմ հրաժարականի մասին դիմում։ Ավելորդ այլ մեկնաբանություններ տալու ցանկություն չունեմ։ Որեւէ մեկը որեւէ բան պահանջել չի կարող։ Դա եղել է կուսակցության որոշումը, որը ես ընդունել եմ»: «Առավոտը» փորձեց ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ ինքը մեղադրվել է կուսակցության քարոզչության հարցում ակտիվ չլինելու մեջ։ Արեւիկ Պետրոսյանը, որ մինչ այդ ԱԺ ամբիոնից հիշեցրել էր՝ երկու տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը եւ համահեղինակն է, ներկայացրել է բազմաթիվ առաջարկություններ, որոնք բոլորն էլ ընդունվել են եւ այլն՝ մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես փորձեցի ԱԺ-ում իմ ելույթի ընթացքում շատ համառոտ, շատ հակիրճ, որպես նաեւ, ինչու ոչ, հաշվետվություն ներկայացնել այն, ինչ կատարել եմ։ Ինչ վերաբերում է կուսակցության որոշմանը եւ հիմնավորումներին, կարծում եմ, որ դա կուսակցության պատասխանատու անձանցից կարող եք ճշտել»: ԱԺ ամբիոնից իր ելույթում որեւէ անգամ չհիշատակեց ԲՀԿ անունը: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի դիտարկմանն ի պատասխան՝ նշեց. «ԱԺ ամբիոնը կուսակցության խնդիրներ բարձրացնելու համար չէ։ ԱԺ ամբիոնը պետությանը, հանրությանը հուզող խնդիրներ բարձրաձայնելն է եւ քաղաքական այլ ուժերի հետ հարաբերակցությունների հետ կապված հարցեր ճշտելն է»: Սակայն հաստատեց, թե շարունակելու է մնալ ԲՀԿ անդամ։ «Նեղացած չե՞ք ԲՀԿ-ից»,- հարցին պատասխանեց. «Նեղանալն արդյոք քաղաքական կատեգորիա՞ է։ Ո՛չ»: Եվ անպատասխան թողեց մեր դիտարկումը՝ «Բայց մարդկային կատեգորիա է»:

Հ. Գ. ՕԵԿ խմբակցության երեկվա նիստում քննարկվել է ԱԺ փոխնախագահի փոփոխության հարցը: Որոշվել է, որ չեն մասնակցի նախկին ՕԵԿ-ական՝ ԲՀԿ-ից ԱԺ փոխնախագահ առաջադրված Սամվել Բալասանյանի ընտրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել