Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը դատապարտեց խաչքարերի ոչնչացումը

Հոկտեմբեր 05,2010 00:00

Իսկ ԼՂ հակամարտության վերաբերյալ բազմիցս ընդգծեց, թե դրա կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է:

Երեկ ԵԽԽՎ պատվիրակների հարցերին էր պատասխանում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, նախկին հարավսլավական Մակեդոնիա Հանրապետության ԱԳ նախարար Անտոնիո Միլոշոսկին: Նրան հարց տալու հնարավորությունն օգտագործեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակության 2-ական անդամներ:
Առաջինը Հերմինե Նաղդալյանն էր, որը հետաքրքրվեց, թե արդյոք Նախարարների կոմիտեն արձագանքելո՞ւ է այն փաստերին, որ Ադրբեջանը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումից՝ «ինչի վկայությունը ռազմական դոկտրինի հաստատումն է, բյուջեի ռազմականացումը եւ զինադադարի բազմաթիվ խախտումները, որոնք ավելացան վերջին ամիսներին եւ հանգեցրին զոհերի»: Անտոնիո Միլոշոսկին ի պատասխան պատմեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցներին ու խոսել այս հարցի եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների մասին. «Ես գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունը եւ պատասխանատվությունն է: Մենք ուրախ ենք նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն անցած տարվա ընթացքում հանդիպել են բազմաթիվ առիթներով, որոնց նպատակն այս բանակցություններում առաջընթացն էր»: Հավելեց. «Եվրոպայի խորհուրդն ավելի քան երջանիկ կլինի, եթե կարողանա խրախուսել նրանց ձեռնարկել ավելի ուժեղ եւ ավելի ինտենսիվ հաղորդակցություն երկկողմ մակարդակով»:
Հաջորդը Նաիրա Զոհրաբյանն էր, որը հիշեցրեց Ջուլֆայի խաչքարերով հարուստ հին հայկական գերեզմանոցի ավերման մասին. «Ինչպե՞ս եք վերաբերում ԵԽ անդամ մի պետության կողմից մեկ այլ երկրի մշակութային ժառանգության նման վայրագ ոչնչացմանը, այն էլ՝ տվյալ երկրի առաջին դեմքերի ուղղակի հովանավորությամբ եւ հրահանգով։ Ի դեպ, օրերս թուրքական իշխանության թողտվությամբ Անիի մայր տաճարում նամազ կատարելը նմանատիպ ցինիզմի եւ լկտիության հերթական դրսեւորումն է»: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը պատասխանեց. «Եվրոպայի խորհուրդը դատապարտում է մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների բոլոր տեսակները, այդ թվում՝ ձեր նշած տվյալ դեպքը: Այդպիսի խախտումները չեն նպաստում երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերություններին: Ինչը որ նկարագրում եք՝ նույնպես հակասում է այն որոշումներին եւ նորմերին, որոնք վերաբերում են համաեվրոպական տարածքում մշակութային ժառանգության պահպանմանը»: Եվ հավելեց. «Մշակութային արժեքները պետք է դուրս դրվեն քաղաքական եւ անվտանգության երկկողմանի վեճերից»:
Հարց ուղղեց նաեւ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը՝ նշելով տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը. «Եթե Եվրոպայի խորհրդի անդամ մի պետություն ցուցադրաբար չի հարգում վերոնշյալ գերագույն սկզբունքը՝ համաձա՞յն եք, որ սա վտանգում է Եվրոպայի ապագան: Ի՞նչ վճռորոշ քայլեր կարող է Նախարարների կոմիտեն ձեռնարկել՝ վերջ դնելու նման անցանկալի իրավիճակին»: Անտոնիո Միլոշոսկին ի պատասխան ընդգծեց. «Հակամարտության խաղաղ կարգավորումը հիմնված է լինելու այն պարտավորության վրա, որը ստանձնել են Ադրբեջանն ու Հայաստանը՝ միանալով Եվրոպայի խորհրդին: Նախարարների կոմիտեի կողմից սեւեռուն ուշադրություն է դարձվելու այս հարցի կապակցությամբ այն առաջընթացին, որն իրականացվում է Մինսկի խմբի հովանու ներքո»:
Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւան էլ վերստին հայտարարեց, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների բռնազավթումը» հանգեցրել է 1 մլն փախստականների, եւ հարցրեց, թե ինչպես կարելի է հանգուցալուծել այս խնդիրը: «Ես հասկանում եմ այս հակամարտության մեջ ներգրավվածների զգացումները,- պատասխանեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը:- Ուզում եմ ընդգծել, որ այս հարցում պատասխանատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքերում է: Կարեւոր է խուսափել նախաձեռնություններից, որոնք զուգահեռ կընթանան այն բանակցություններին, որոնք իրականացվում են ԵԱՀԿ հովանու ներքո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել