ՀՅԴ նույն գործիչը, որը հիմա դժգոհում է, թե ինչու քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդկանց թույլ չեն տալիս աշխատել մի մարզում, 1998-ի իշխանափոխությունից հետո արդարացի էր համարում ՏԻՄ-երում մնացած ՀՀՇ-ականների հեռացումը:
Սեպտեմբերի 29-ին Աշտարակում կայացած հանրահավաքից ակնհայտ դարձավ՝ դաշնակցականները վրդովված են, որ ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը ճնշումներով եւ հետապնդումներով աշխատանքից ստիպել է հեռանալ կամ հեռացրել է շուրջ 30 դաշնակցականների՝ մարզպետարանի աշխատակիցների, դպրոցների տնօրենների եւ այլն: Հնչած ելույթներում սա բնութագրվում էր իբրեւ կուսակցական պատկանելության հիմքով պառակտման ու խտրականության քաղաքականություն: Մասնավորապես ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հանրահավաքում ազդարարեց. «Եկել է մարզում նոր ղեկավար եւ որոշել է, որ քաղաքական այլ հայացքներ դավանող մարդիկ չպետք է աշխատեն իր մարզի հաստատություններում: Օրինակա՞ն է սա: Ո՛չ: Նա խախտում է օրենքը, եւ ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հեռացնի նրան գործից: Սա է, չէ՞, մեր նպատակը: Դրա համար ենք հավաքվել եւ դա մենք կանենք»: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե ՀՅԴ-ն իր ղեկավարած նախարարություններում կամ մարզպետարաններում մարդկանց կուսակցական պատճառներով աշխատանքից չի ազատել. «Նույնիսկ ամենահիմնական գաղափարական հակառակորդ ՀՀՇ-ի ներկայացուցիչները ՀՅԴ կողմից ղեկավարվող կառույցներում աշխատելու իրավունք են ունեցել, ավելի՛ն՝ պաշտոններ են ունեցել»: Եվ հարց տվեց, թե ինչո՞ւ են հիմա պաշտոնյաներին ստիպում հրաժարվել իրենց կուսակցությունից. «Ինչո՞վ է տարբերվում այդ մարդկանց վարքագիծը թուրքերի վարքագծից, ովքեր ստիպում էին կրոնափոխ լինել, որ ապրեն»:
Նրա այս պնդումը, թե ՀՅԴ-ի կողմից ղեկավարվող կառույցներում ՀՀՇ-ականները պաշտոններ են ունեցել՝ իհարկե, հիմքեր ունի: Ասենք, մշակույթի դաշնակցական նախարար Ռոլանդ Շառոյանի (թեեւ նա հետո հեռացվեց կուսակցությունից) տեղակալը ՀՀՇ-ական Արամ Մանուկյանն էր: Սակայն կան նաեւ հակառակի մասին մամուլում հրապարակված վկայություններ, որի մի օրինակը հիշեցնենք:
1998-ին Վահան Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր եւ ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահը: Եվ օգոստոսի 3-ի ասուլիսում «Ինտերֆաքսը» նրան խնդրել էր հաստատել կամ հերքել Վանո Սիրադեղյանի այն հայտարարությունը, թե տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված ՀՀՇ-ականներին պարտադրում են հրաժարական տալ։ «Ինձ նման դեպքերի մասին հայտնի չէ, բայց ես գիտեմ հակառակ երեւույթների մասին, երբ ՀՀՇ տեղական ղեկավարները փորձում են այլ կուսակցությունների ներկայացուցիչ իրենց վերադասների վրա ճնշում գործադրել՝ սպառնալով ցույցեր եւ նման բաներ կազմակերպել։ Որոշ մարզերում նման բաներ արձանագրվել են»,- պատասխանել էր պրն Հովհաննիսյանը՝ հրաժարվելով առավել որոշակի նշել իր այս հայտարարության հասցեատերերին։ «Որեւէ ճնշման դեպք ինձ հայտնի չէ,- պնդել էր Վահան Հովհաննիսյանը եւ հավելել:- Օրինակ, Երեւանի «Կենտրոն» համայնքի ՀՀՇ-ական ղեկավարը կարծես թե մտադիր չէ հրաժարական տալ։ Չե՞ք նկատել։ Ստուգումների հարցը չէ։ Բարոյական առումով նա պետք է հրաժարական տար՝ դուրս գար, էլի։ Բայց նրանք երբե՛ք էդպես չեն գնա, ինչի՜ մասին է խոսքը։ Կթու կովից հեռու չեն գնա»։ «Առավոտը» խնդրել էր մասնավորեցնել, թե ինչու պիտի Արարատ Զուրաբյանը հրաժարական տա, սակայն պրն Հովհաննիսյանը բավարարվել էր «Բոլորին հայտնի է, թե ինչի մասին է խոսքը» պատասխանով։ Իսկ մեր մեկ այլ հարցին, թե այնուամենայնիվ՝ ՀՀՇ քանի՞ անդամ է վերջին շրջանում դուրս մղվել տեղական ինքնակառավարման մարմիններից՝ պատասխանել էր. «Չեմ կարծում, որ պատճառը նրանց ՀՀՇ-ական լինելն է: Եթե նրանք խախտումներ են կատարել՝ բնականաբար, պիտի ստուգվի նրանց աշխատանքը։ Եվ եթե այդ խախտումները հաստատվեն՝ նրանք պիտի դուրս մղվեն աշխատանքից։ Խախտումների մի ցանկ էլ կա, որոնց դեպքում պիտի բանտ նստեն»: ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի այս պնդումներից հետո հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է մեկնաբանում, որ հատկապես այս կուսակցական պատկանելություն ունեցողների գործունեությունն է ստուգվում եւ ոչ, ասենք, երկրապահ համայնքապետերինը։ «Իսկ ինչպե՞ս էր, օրինակ, երբ մենակ դաշնակցականներն էին բանտերում նստած, իսկ ՀՀՇ-ն՝ չէ»,- հակադարձել էր նա:
Արծվիկ Մինասյանը երեկ այս պատմության մասին մեր հիշեցմանն ի պատասխան՝ նշեց. «Այլ բան է, երբ որ քաղաքական հայտարարություն է արվում եւ կոչ է ուղղվում, եւ այլ բան, երբ օգտագործվում են լծակներ ու մարդուն ազատում աշխատանքից՝ իր քաղաքական, կուսակցական պատկանելությունից ելնելով: Սրանք լրիվ տարբեր բաներ են, եւ չի կարելի քաղաքական հայտարարությունը եւ կատարված կոնկրետ քայլն իրար հետ շփոթել: Անշուշտ միայն այդ դեպքը չէ՝ բազմաթիվ դեպքեր կարող ենք ասել, որ հայտարարություն է արվել, որ եթե ՀՀՇ-ն հեռացել է իշխանությունից՝ ՀՀ նախագահի, այնուհետեւ ԱԺ ղեկավար պաշտոններում հրաժարականների հիման վրա, քանի որ այդ քաղաքական թիմի տեսակետը հանրությունը չի կիսում, ապա թող բարի լինեն նաեւ պետական կառավարման համակարգում մարդիկ հեռանան: Բայց սա այլ բան է, եւ այլ բան է, երբ օգտագործվում են լծակներ, ու մարդու համոզմունքին համապատասխան՝ այս կամ այն կուսակցությանը, պատկանելությունից ելնելով, ազատում աշխատանքից»: Իսկ Վահան Հովհաննիսյանը Կենտրոնի բնակչության կողմից ընտրված թաղապետին հրաժարական տալու իր կոչի մասին հիշեցմանն ի պատասխան ասաց. «Ես իրե՛ն էի դիմում, այլ ոչ իր վերադասին, որ իրեն հանի»:
Եվս մի հիշեցում՝ Արարատ Զուրաբյանը 1998-ի օգոստոսի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված էր. «Երկրի ղեկավարի խորհրդականի հրապարակավ հորդորները հրաժարականի մասին դիտվում են որպես քաղաքական հետապնդում (առավել եւս, երբ զուգահեռ անցկացվում են «քաղաքացիների դիմում-բողոքներով» ստուգումներ)։ Այդպես է քաղաքակիրթ աշխարհում: Սակայն շատ լավ հասկանում եմ, որ քաղաքակրթությունը եւ վերոհիշյալ անձը որեւէ կապ իրար հետ չունեն»:
Հ. Գ. Հաղորդել ենք, որ Աշտարակում ՀՅԴ հանրահավաքին զուգահեռ բաժանվեց մի տեղեկանք՝ 2009-2010-ին կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին, Արագածոտնի մարզպետարանում դեռեւս աշխատող 5 դաշնակցականների ստորագրությամբ: «Նրանց հարցը քննարկման փուլում է: ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կանդրադառնա այդ հարցին եւ պաշտոնապես հայտարարություն կանի»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Իսկ մեր հարցին, թե նրանց կհեռացնե՞ն կուսակցությունից՝ արձագանքեց. «Հավանաբար»: