Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՐՍՆԱՑՈՒ՝ ՄԵՐ ՀՈՎԱԶԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 02,2010 00:00

\"\"Առաջիկայում Կենդանաբանական այգու տնօրինությունը ուշիուշով հետեւելու եւ սպասելու է, թե Տաջիկստանի հարսնացուն ինչպես է գրավելու մեր հովազի սիրտը:

Մի  քանի օրից մեր Կենդանաբանական այգու դժբախտ հովազը հնարավոր է վերջապես գտնի իր երկրորդ կեսին ու կյանքը կապի նրա հետ: Մեր արու հովազը, արդեն քանի տարի է, չի ցանկանում զուգավորվել այն հովազուհու հետ, որին բերել են Ուկրաինայից՝ հատուկ իր համար, որ ընտանիք կազմի, ձագ ունենա եւ ուրախացնի այգու տնօրինությանն ու այցելուներին: Այդ էգ հովազի մի թաթը կտրած է, եւ այգու աշխատակիցները չգիտեն՝ հաշմանդամությո՞ւնն է պատճառը, թե՞ տարիքը, որ մեր արուն ոչ մի ուշադրություն չի դարձնում նրան: Հիմա, վերջապես, նոր հնարավորություն է ստեղծվել ընտանիք կազմելու եւ բախտավորվելու, քանի որ այս անգամ մեր Կենդանաբանական այգին ոչ թե պարզապես նվեր է ստացել, այլ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից ձեռք է բերել նորմալ հովազ, որը շուտով կներմուծվի Հայաստան: Նախորդ հովազուհին Ուկրաինայից նվեր էինք ստացել, ուստի չէինք կարող քննարկել կենդանու թերությունները: Մնում է միայն հուսալ, որ մեր քմահաճ փեսացուի սիրտը այս անգամ կկպնի իր նոր ընկերուհուն ու կցանկանա նրա հետ, ինչպես ասում են՝ «մի բարձի ծերանալ»:
«Առավոտի» հետ զրույցում Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը նշեց, որ բացի հովազից, շուտով այգու համար ներմուծելու են նաեւ երկու տեսակի կապիկներ՝ Ուկրաինայից, եղջերու, թռչող շնիկներ, կենգուրու եւ այծեղջյուր: Բնականաբար, այս կենդանիները բավականին թանկ հաճույք են: Թե որտեղի՞ց մեր այգուն այդքան փող եւ արդյո՞ք որեւէ գործարար չի աջակցում այգուն այդ հարցում՝ Ս. Աբովյանի խոսքերով՝ «Փողով չենք գնում, հիմնականում փոխանակում ենք այդ երկրների կենդանաբանական այգիների հետ, տեղը թռչուն ենք տալիս: Մեր գիշատիչ արծիվները գնի առումով համարժեք են այն կենդանիներին, որոնք պատրաստվում ենք բերել, ուստի այս ներմուծման համար արծիվ ենք խոստացել տալ: Արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստ են, մնում է միայն բերել»:
Նշենք, որ եթե շատ արտասահմանյան երկրներում կենդանիների արտահանման կամ ներմուծման գործընթացը բավականին բարդ է, տարաբնույթ փաստաթղթեր են պահանջում, ինչպես ճշտեցինք Պետեկամուտների կոմիտեից, մեր երկրում անկախ նրանից՝ փիղ ենք բերում, թե կապիկ, անհրաժեշտ է ընդամենը մի քանի փաստաթուղթ եւ կարելի է հեշտությամբ արտահանել կամ ներմուծել, եթե Կարմիր գրքում գրանցված չեն եւ անհետացման վտանգված վայրի կենդանիներ չեն. «Վայրի կենդանիների դեպքում պետք է ունենալ բնապահպանության նախարարության թույլտվությունը, իսկ մնացած դեպքերում գյուղնախարարությունը անասնաբուժական վերահսկողական կետ ունի, ստուգվում է վարակների առկայությունն ու՝ վերջ: Կենդանիների ներմուծումը մաքսատուրքով չի հարկվում, միայն անհրաժեշտ է վճարել ավելացված արժեքի հարկ՝ մաքսային արժեքի 20 տոկոսը, եւ եթե արժանահավատ չլինի ներմուծողի նշած թիվը, թե որքանով է տվյալ կենդանին գնել ու, ասենք, ճանապարհածախսը որքան է կազմել՝ նոր մեր մաքսավորները գանձում են կատարում՝ ըստ իրենց հաշվարկների: Եթե, ասենք, կապիկ են բերել Չինաստանից ու նշել, թե իրենց վրա շատ էժան է նստել, ճանապարհածախսից ելնելով՝ արդեն մաքսավորները հասկանում են, որ ներմուծողը խաբում է»:
Նշենք, որ բնապահպանության նախարարության թույլտվությունն ստանալն էլ առանձնակի դժվարություններ չի առաջացնում: Կառավարության 2002թ. 1174-Ն որոշման համաձայն, գոյություն ունի հաստատված կարգ, որը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է հայտը ձեւակերպել՝ թույլտվության համար: Ինչպես ճշտեցինք նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալությունից, որը պատասխանատու է դրա համար, մինչ օրս չի եղել դեպք, երբ ներմուծողին կամ արտահանողին մերժեն կամ դատական կարգով իրենց մերժումը բողոքարկեն. «Երեւի միշտ տվել ենք թույլտվություն»:
Գործակալությունից տեղեկացանք, որ հիմա մեր հանրապետությունից հիմնականում արտահանվում է խեցգետին եւ ձուկ, իսկ որպես ներմուծողներ հանդես են գալիս ինչպես Կենդանաբանական այգին, այնպես էլ մասնավոր կազմակերպությունները: Վերջիններս ավելի շատ ներմուծում են էկզոտիկ կենդանիներ՝ ցուցադրությունների եւ զվարճանքի օբյեկտների համար: Բացի այդ, շատ է ներմուծվում նաեւ թութակներ եւ մանրաձուկ՝ ձկների աճեցման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել