Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի կանանց 1-ին թիմը՝ օլիմպիադայի չեմպիոն

Հոկտեմբեր 02,2010 00:00

Խանտի-Մանսիյսկում շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտվում է, հետեւաբար, ամեն մի տուրը եզրափակիչ մրցամարտի արժեք է ձեռք բերել:
Տղամարդկանց մրցաշարում օլիմպիական կրկնակի չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականը երեկ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ընտրանուն: Լեւոն Արոնյանը սեւերով առավելության հասավ Դավիթ Նավարայի նկատմամբ, իսկ Վիկտոր Լազնիչկա-Վլադիմիր Հակոբյան, Զբինեկ Հրաչե-Գաբրիել Սարգսյան, Վլասիմիլ Բաբուլա-Արման Փաշիկյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի ընտրանին՝ 18 միավորով, առաջատարների եռյակում են նաեւ Ռուսաստանի 1-ին հավաքականը (17 միավոր) եւ Իսրայելը (16):
Մեր տղաների քառյակը թիմային 15,0 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում: Վճռորոշ տուրում թիմի ավագ Արշակ Պետրոսյանի սաների մրցակիցը Ֆրանսիան է:
Հայաստանի կանանց հավաքականը նախորդ տուրի հաջողությունից հետո 1:3 հաշվով տանուլ տվեց Լեհաստանի թիմին: Պարտություն կրեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը միասին վաստակեցին մեկ լիարժեք միավոր: Տասը տուրից հետո մեր աղջիկները 13,0 միավորով զբաղեցնում են 15-րդ հորիզոնականը:
Կանանց մրցապայքարում Ռուսաստանի 1-ին թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմային պայքարի հարյուր տոկոսանոց արդյունքով (10 տուրում՝ նույնքան թիմային հաղթանակ) անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ եւ նվաճեց համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչումը:
Երեկ օլիմպիադայում հանգստի օր էր հայտարարված: Իսկ այսօր հավաքականները վերսկսում են պայքարը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Ֆրանսիայի, իսկ աղջիկների ընտրանին՝ Սլովենիայի թիմի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել