Երբ սկսվում է «Ապրեցեք երկար» հաղորդաշարի հերթական թողարկումը, շատերը գրիչ-տետր պատրաստած՝ հարմար դիրք են գրավում էկրանների առաջ՝ ջանալով բաց չթողնել ոչ մի օգտակար խորհուրդ ու բաղադրատոմս:
Անկախ սեռից ու տարիքից, հաղորդաշարը բոլորին է հետաքրքրում: Թե սուրճի սեղանների շուրջ, թե աշխատավայրում ու երթուղային տաքսիներում քննարկման նյութ են դառնում լուսաբանված թեմաները: Ուրախալի փաստ է, որ վերջին ժամանակներս ավանդական բժշկությունը մեծ վերելք է ապրում: Դեղաբույսերին, տզրուկաբուժությանը, մանուալ թերապիային մեծ տեղ ու նշանակություն են տալիս բոլոր զարգացած երկրներում: Մենք եւս, թեեւ դանդաղ, բայց նախապատվություն ենք տալիս ավանդական դարձած բուժման մեթոդներին:
Որքան ապրում ես ու գումարվում են կյանքի տարիները, աներկբայորեն համոզվում ես, որ ամենաթանկ կապիտալը առողջությունն է, ու մեզանից ոչ ոք ապահովագրված չէ հիվանդանալուց:
Տարիներ առաջ, երբ դիտում էի «Մալախով պլյուսը», մտովի մի նմանատիպ հաղորդաշար էի ծրագրում, որը մեր ազգաբնակչությանը հնարավորություն կընձեռեր ավելի մոտիկից ճանաչել մեզ շրջապատող բնությունը, որի մի մասնիկն ենք մենք: Բազմողորմ ու երկայնամիտ Աստված այնքան բարեգութ է գտնվել մարդ արարածի նկատմամբ, որ ամեն ցավի ու հիվանդության դեմ մի բալասան տվել է:
Բոլորին հայտնի է, թե հիվանդի համար ինչ գին ու արժեք ունի բժշկին դիմելը, նրա հոգատար վերաբերմունքին արժանանալը, աշխատասենյակից դեղատոմսը ձեռքին թեթեւացած դուրս գալը…
Եվ, ահա, հուրախություն մեզ՝ «Հ1»-ում ծնվեց «Ապրեցեք երկար» հաղորդաշարը, որի դերն ու նշանակությունը անուրանալի է: Այն հեռուստադիտողին կապում է մայր բնությանը, օգնում ճանաչել ու գնահատել այն, ինչ մեզ անվճար տվել է Տերը: Երանելի է այն մարդը, որը Տիրոջից ստանում է բնության, հողի եւ թփի շնչառությունն զգալու, բույսերի լեզուն հասկանալու, նրանցից իր էներգիան ստանալու կարողությունը:
Շատ տարիներ են անցել, բայց հիշում եմ մի պատմություն: Լենինականի օնկոլոգիական բաժանմունքից անհույս տուն ուղարկվեց ստամոքսի քաղցկեղով տառապող մի հովիվ՝ Ղուկասյանի շրջանից: Երկու ամիս հետո նա եկավ ստուգման: Հրաշք՝ քաղցկեղի ոչ մի հետք չկար: Այն հարցին, թե ի՞նչ է օգտագործել հիվանդը, եղավ մի պարզ պատասխան. ամեն առավոտ անասունի հետ գնացել է հանդ ու կերել է ինչ պատահել է: Իհարկե, նա չէր կարող ասել, թե որ դեղաբույսը որի հետ է խառնել, բայց արդյունքը քաղցկեղի բուսաբուժումն էր: Հիրավի, Ամասիայի, Աշոցքի շրջանների ալպիական մարգագետինների թե դեղաբույսերը, թե մայիսին ստացած մեղրն ու յուղը իրենց բուժական հատկություններով պարզապես հրաշագործ են:
«Ապրեցեք երկարի» բոլոր եթերաժամերը ուսուցանող են, ու հեռուստադիտողը սպասելիքներ եւ սովորելու բան ունի: Հաղորդաշարի հյուրերը գիտակներ են, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք աշխատում են հնարավորինս հասկանալի ձեւակերպել մտքերն ու մատչելի դարձնել իրենց ասելիքը: Թե հիվանդության նկարագիրը, թե դրանց բուժման տեխնիկան, առանձնահատկությունները հստակ են: Ուրախանում ես, որ ազգաբնակչության մասին հոգացողների թիվն ավելանում է:
Այնպես սրտաբուխ ու անմիջական է հաղորդումը վարում հարգարժան բուսագետ-դեղագետ Ա. Աշոտյանը, որ ասես 100 տարի այդ մարդկանց հետ աղ ու հաց ենք կերել ու նրանք մեր վաղեմի ընկերներն են: Թե սրտաբանները, թե բուսաբանները, ֆիզիոթերապեւտները, հոգեթերապեւտները, սեքսապաթոլոգներն ու դերմատոլոգները, մի խոսքով՝ բոլոր մասնակիցները, թող օրհնյալ լինեն, ջանում են հնարավորինս շատ տալ, միշտ ժամանակը քիչ է, ասելիքը՝ շատ: Նրանց աչքերում հոգատարության ու իրենց ազգի առաջ պարտավորվածության արտահայտություն կա:
Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ իսկական ինտելիգենտ մարդը նախեւառաջ հայրենասեր է: Նա չի կարող անտարբեր նայել զրկանքների մեջ գտնվող հայրենակիցներին ու ջանում է իր հնարավորության սահմաններում օգտակար լինել ազգին:
Մի հուզող հարց, որին չեմ կարող չանդրադառնալ՝ եթերաժամի պակասն է: Բացի այդ՝ հաղորդումը եթեր է տրվում այն ժամերին, երբ մարդիկ աշխատանքի են եւ չի էլ կրկնվում: Ես ողջ հեռուստադիտողների անունից ուզում եմ խնդրել՝ գոնե գիշերային հաղորդումների ժամին թող կրկնվի եւ եթեր գնա «Ապրեցեք երկարը», մենք շատ գոհ ու բավարարված կլինենք: