Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉԱԿԱՐԳԻՑ ԼԻԱՐԺԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

Հոկտեմբեր 02,2010 00:00

 \"\"ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վստահ է, որ Հայաստանը գտնվում է հենց այդ ճանապարհին

– Վերջերս ոմանք սկսել են խոսել 1920-ի կրկնության մասին: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:
– Ներկայումս Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է 1920-ի կացությունից, քանի որ ներկա Ռուսաստանը ոչ թե փորձում է հակադրվել Արեւմուտքին՝ հենվելով Թուրքիայի վրա, այլ հակառակը՝ ինտեգրվել արեւմտյան հանրակցությանը, ինչի արտահայտությունն էր վերջերս ՌԴ արտգործնախարարության աշխատակազմի առջեւ նախագահ Մեդվեդեւի ունեցած ծրագրային ելույթը: Իսկ Թուրքիայի հետ ՌԴ-ի մերձեցումը տնտեսական շահաբաժիններից զատ՝ հետապնդում է արեւմտյան հանրակցության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու եւ սեփական անփոխարինելիությունը ցուցադրելու նպատակ: Արդիականացող Ռուսաստանը Թուրքիային չի նախընտրի Արեւմուտքից, քանզի այդ երկիրն արդեն իր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունն է սահմանել արեւմտյան ուղղությունը: Ընդ որում, նախկին խորհրդային տարածքի այն հատվածում, որի մեջ մտնում է նաեւ Հայաստանը, հազիվ թե Արեւմուտքը Ռուսաստանին հակադրվելու մտադրություն ունենա: Մեր տարածաշրջանում, մասնավորապես, ԱՄՆ-ը ձգտում է պահպանել եւ ամրագրել այն ամենը, ինչը ձեռք էր բերել ԽՍՀՄ փլուզումից հետո: Իսկ դրա համար ԱՄՆ-ը վերջերս կրկին սկսել է աշխատել Վրաստան-Ադրբեջան գծով՝ զուգահեռաբար Հայաստանին մղելով Թուրքիայի հետ երկխոսության շարունակմանը: Սա դանդաղ դիրքավորման գործընթաց է, որի հաջողությունը առայժմ պահանջում է պահպանել խաղաղությունը: Վերջերս Բաթումում Սահակաշվիլու առաջադրած վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիայի կամ երկու երկրների միջեւ առավելագույնս սերտ համագործակցության գաղափարը նույն հարթության վրա է:
– Սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ ազդեցությունը թուլացնելու համար Ռուսաստանը կարող է տարածաշրջանային դաշինք ձեւավորել Թուրքիայի հետ:
– Ոչ, այդ թուրքերն են ցանկանում «տարածաշրջանային դաշինք» ձեւավորել Ռուսաստանի հետ: ՌԴ-ն հեռանկարում ցանկանում է Թուրքիային դուրս քաշել Արեւմուտքի ռազմաքաղաքական դաշինքների համակարգից՝ ռազմավարական գետնի վրա: Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այստեղ նրանք շարունակում են մնալ լուրջ մրցակիցներ: ՌԴ-ն հասկանում է, որ Բաքվի բանալիները Անկարայի ձեռքում են, Թբիլիսիինը՝ Վաշինգտոնի, ուստի Երեւանի բանալիները նա չի զիջի որեւէ երրորդ կողմի, քանզի հակառակ պարագայում կհայտնվի «խաղից դուրս» վիճակում: Դա է պատճառը, որ Ղարաբաղի հարցով Տորոնտոյի հայտարարությունից հետո ռուսական կողմը «յուրովի թարգմանեց» կարգավորման սկզբունքների հրապարակված տարբերակը:
– Այսինքն՝ նորից կանգնեց Հայաստանի թիկունքի՞ն:
– Ոչ, ինչպես ցանկացած նորմալ երկիր՝ նա կանգնեց իր շահերի թիկունքին, քանի որ Թուրքիան, մնալով ՆԱՏՕ-ի անդամ, ինքնուրույն խաղ է առաջ տանում՝ փորձելով խցկվել Հարավային Կովկաս, ուր ամերիկացիները գոնե առայժմ ճանաչում են Ռուսաստանի վերջին խոսքի իրավունքը: Ուրեմն, Մոսկվայի համար ի՞նչ կարիք կա այնտեղ ներգրավել մի նոր եւ լիովին անկանխատեսելի խաղացողի, ինչպիսին Թուրքիան է: Բացի այդ, տարածաշրջանում ՌԴ ներգրավվածությունը մեծացնելու կոնտեքստում պետք է դիտարկել նաեւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման խնդիրը:
– Ուզում եք ասել, որ Ալմաթիի փակուղին իրականում ռուս-թուրքակա՞ն փակուղի էր:
– Անշուշտ, քանի որ Տորոնտոյում առաջադրված սկզբունքների իրականացմանը դեմ է Ադրբեջանը, որի թիկունքին կանգնած է Թուրքիան: Նրանք ուզում են անիրականանալին՝ ամբողջը՝ ոչ միայն ազատագրված տարածքները, այլեւ Լեռնային Ղարաբաղը, իսկ ԱՄՆ-ի համար ներկա պահին միեւնույն է, թե ինչ բանաձեւով կկարգավորվի հարցը: Ավելին, Հայաստանի չափից ավելի թուլացումը ձեռնտու չէ նաեւ ԱՄՆ-ին՝ Թուրքիային զսպելու տեսանկյունից: Արդյունքում թերեւս առաջին անգամ ՀՀ-ի ու ԼՂ-ի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ալմաթիում հանդես եկան միասնական դիրքերից, եւ, մասնավորապես, պատերազմ սանձազերծելու հարցում հստակորեն նախազգուշացրին Ադրբեջանին, իսկ Թուրքիան հայտնվեց «խաղից դուրս» վիճակում:
– Այդ պարագայում ի՞նչ է սպասվում ղարաբաղյան բանակցային գործընթացին:
– Փակուղին կպահպանվի, սակայն պատերազմ չի լինի: Մադրիդյան սկզբունքները դեռեւս կքննարկվեն, սակայն համանախագահներն աստիճանաբար կսկսեն փնտրել նոր լուծումներ, որոնց համատեքստում ԼՂՀ-ն պետք է փնտրի իր շանսը:
– Նկատի ունեք ճանաչմա՞ն հնարավորությունը:
– Եթե Ադրբեջանին զիջումներ նախատեսող Մադրիդյան սկզբունքները նույնպես մերժվում են նրա կողմից, եւ Բաքուն պահանջում է անիրականանալին՝ ամբողջը, իսկ Հայաստանը լիազորված չէ առանց ԼՂՀ-ի քննարկել նրա կարգավիճակի հարցը, ապա վաղ թե ուշ մենք թերեւս ստանանք լիազորված կողմին՝ Արցախին, բանակցություններում ներգրավելու շանս՝ որոշակի բարենպաստ ֆոն ունենալով Կոսովոյի անկախության ճանաչման փաստը:
– Բայց ինչո՞ւ միջնորդներն իրենք չեն դիմում ԼՂ բանակցային գործընթացն արագացնելով՝ հակամարտությունը լուծելու քայլին:
– Մեր տարածաշրջանում եղանակ ստեղծող համաշխարհային ուժային կենտրոնները՝ ԱՄՆ, ՌԴ ԵՄ, ունեն գլոբալ աշխարհաքաղաքական այլ առաջնահերթություններ: Լարվում է իրավիճակը Իրանի շուրջ, Աֆղանստանում պատերազմը շարունակվում է, որտեղից, ինչպես վկայում է պատմությունը, դեռեւս որեւէ պետություն առանց լուրջ կորուստների դուրս չի եկել, անկանխատեսելի իրավիճակ կարող է ստեղծվել Իրաքում, լուծված չէ պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտը, գոյություն ունի կորեական թնջուկը, համաշխարհային գլոբալ տաքացման հետեւանքները կարող են կատաստրոֆիկ լինել: Այս պայմաններում յուրաքանչյուր ուժային կենտրոն իր գերխնդիրներն է լուծում: Հազիվ թե այդ գերխնդիրների մեջ մոտ ապագայում ընդգրկվի ԼՂ հարցը եւ այդտեղ բեկումնային իրադարձություններ տեղի ունենան: Ինչպես անցյալում եմ ասել, այսօր էլ կրկնում եմ՝ պատկերավոր ասած՝ Ղարաբաղի հարցը լուծվում է Հայաստանում, եւ եթե մենք առաջիկայում կարողանանք բարելավել երկրի ժողովրդավարական, տնտեսական, ժողովրդագրական ու սոցիալ-հոգեբանական կացությունը, ապա մինչեւ Ադրբեջանում սպասվող տնտեսական ճգնաժամը, որը կապված է լինելու նավթի պաշարների սպառման գործընթացի հետ, լիովին պատրաստ կլինենք նաեւ հնարավոր պատերազմական սցենարին: Չնայած բոլշեւիկ-քեմալական դաշինքի ընդհանուր գերակշռությանը Հայաստանի ուժերի հանդեպ, Հայաստանի առաջին հանրապետության կործանման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ չստեղծվեց պետություն, որը կդիմանար արտաքին ուժերի հարվածներին: Այսպիսով, 1920-ը չկրկնելու, վերստին «մուրճի եւ սալի» արանքում չխարխափելու համար նորանկախ Հայաստանը պետք է անցնի վարչակարգից լիարժեքորեն կայացած պետություն դառնալու դժվարին ճանապարհը: Հենց սա է 1920թ. կործանված Հայաստանի պատմության հիմնական դասը:
– Կարծում եմ՝ մեր զրույցը խիստ «գաղափարական» կլիներ, եթե չանդրադառնայինք Ձեր հայտնի հայտարարությանը:
– Հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ների արձագանքը ընդհանուր առմամբ հավասարակշռված էր, ուսանելի եւ օգտակար, հիմնականում ընկալվեց բարեգործությունը որպես երեւույթ եւ այդ պրոբլեմատիկան ընդհանրապես: Եղան նաեւ անձնական վիրավորանքներ եւ զրպարտություն պարունակող կամ սուպերֆանտաստիկայի ժանրը հիշեցնող եւ ձանձրալիորեն կրկնվող առանձին պատվիրված հրապարակումներ կամ գնահատականներ, որոնք արժանի են միայն արհամարհանքի: Գովելի է, որ երկար դեգերումներից հետո ոմանք փորձեցին հասկանալ, թե ով է Շիրվանզադեն, եւ տարբեր ռակուրսներով տիրաժավորելով իմ լուսանկարները՝ բարեգործական հիմունքներով, հետեւողականորեն զբաղվում են իմ PR-ով: Ինչ վերաբերում է հայտարարության «հասցեատերերին», ապա մեջբերեմ հայտարարության հենց հաջորդ օրը «168 ժամ»-ի լրագրողին տված իմ պատասխանը, որը տպագրվեց թերթի սեպտեմբերի 16-ի համարում. «Վ. Դալլաքյանից փորձեցինք ճշտել՝ իր հայտարարությունն արդյոք Գ. Ծառուկյանի՞ն էր ուղղված, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ»։ Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ում այդպես ընկալեցին. «Ես մեջբերում եմ արել Շիրվանզադեից, թե ով ինչպե՞ս է ընկալել, հարցերն ուղղեք այդպես ընկալողներին: Ընդհանրապես, եթե ես որեւէ մեկին նկատի եմ ունենում, դա ասում եմ ուղղակի»,- ասաց Վ. Դալլաքյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել