Էկվադորի նախագահը հաղթանակով վերադարձել է նախագահական պալատ: Մի քանի հարյուր ոստիկանների խռովությանը վերջ է տրվել: Նախագահին հավատարիմ մնացած հատուկ նշանակության ջոկատը նախագահ Ռաֆայել Կորրերային պաշարումից դուրս է բերել: Ապստամբ ոստիկանների եւ նախագահին շրջափակումից դուրս բերած ջոկատների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության եւ փողոցային բախումների արդյունքում ամենաքիչը երկու մարդ է սպանվել: BBC-ի մատուցմամբ, ոստիկանության հոսպիտալում 12 ժամ գերության մեջ գտնվող նախագահ Կորրերան բանակային ուժերի եւ ոստիկանության հատուկ ջոկատների օգնությամբ ազատ արձակվելուց հետո նախագահական պալատի պատշգամբից ելույթ է ունեցել իրեն ողջունելու եկած բազմության առջեւ:
Հիշեցնենք, որ խռովությունները սկսվել էին հինգշաբթի առավոտյան, իրենց պարգեւավճարների կրճատումից դժգոհ ոստիկանների կողմից, որոնք գրավել էին Կիտո, Գուայակիլե եւ Կուենկե քաղաքների զորանոցները: Նախագահ Կորրեան մեկնել էր զորանոցներ՝ հայտարարելու, որ մտադիր չէ ճնշումների տակ նահանջել: Կարմիր խաչի տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվել է երկու եւ վիրավորվել 37 մարդ: «Մենք երբեք ճնշումների տակ բանակցությունների չենք գնա: Սպանեք նախագահին, եթե ուզում եք: Նա ձեր առջեւ է: Սպանեք նրան, եթե կարող եք, եթե բազմության մեջ թաքնվելու փոխարեն ձեր համարձակությունը դրան կբավարարի»,- հայտարարել է նախագահը: Սակայն նրա ուղերձը խռովարարներին չի հանգստացրել, եւ նոր բախումներ են տեղի ունեցել: Նախագահի գտնվելու վայրից քիչ հեռու պայթել է արցունքաբեր գազի բալոն: Նախագահն իրեն վատ էր զգացել եւ պատգարակով տեղափոխվել էր ոստիկանության հոսպիտալ, որտեղ էլ նա հայտնվել էր փաստացի գերության մեջ. խռովարար ոստիկանները շրջափակել էին հոսպիտալի շենքը, փողոցներում բախումներ էին սկսվել, խռովարարները գրոհել էին երկրի կոնգրեսի շենքը, մի քանի ժամով գրավել մայրաքաղաքում գտնվող օդակայանը: Իսկ նույն ժամանակահատվածում նախագահի կողմնակիցները հավաքվել էին հոսպիտալի մոտ եւ վանկարկել էին՝ «Կորչեն խռովարարները, կորչեն ժողովրդի թշնամիները» կարգախոսը: Արդյունքում նախագահի կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ 50 մարդ վիավորվել եւ դիմել էր բուժօգնության:
Այդ 12 ժամվա ընթացքում նախագահի պահպանությունը ստանձնել էր նրան հավատարիմ մնացած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը: «Եթե նրանք չլինեին, վայրենիների ամբոխը, որոնք ուզում էին սպանել, որոնք արյուն էին ուզում, կներթափանցեին հոսպիտալ՝ նախագահին գտնելու համար: Հնարավոր է, ես չէի կարողանա այս ամենի մասին ձեզ պատմել, որովհետեւ կլինեի այլ աշխարհում»,- նախագահական պալատից հայտարարել է նախագահ Կորրեան: Նախագահն ու նրա կողմնակիցները տեղի ունեցածը որակել են պետական հեղաշրջման փորձ, որի մեջ նրանք մեղադրել են երկրի ընդդիմությանը:
Էկվադորի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: ԱՄՆ-ն ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ դատապարտել են զինվորականների գործողություններն ու աջակցություն հայտնել երկրի նախագահին: