Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Վանաձորի օրն է

Հոկտեմբեր 02,2010 00:00

ՀՀ-ի երրորդ քաղաքը՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորը 5000 տարվա պատմություն ունի, այդ են վկայում Մաշտոցի բլրի, Թագավորանիստի եւ այլ տեղերում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված գտածոները: Այդ ժամանակաշրջանի պատմիչների արձանագրություններում տարածքը անվանվել է Կանգառք կամ Տանձուտ: 19-րդ դարում ռուսական ազդեցության օրոք գյուղաքաղաքում աշխուժություն է նկատվել, 1804թ.-ին Ղարաքիլիսայում մաքսատուն է գործել, կարգավորել առեւտուրը Թուրքիայի, Պարսկաստանի եւ Ռուսաստանի հետ: Այսօրվա Վանաձոր- Ղարաքիլիսան հայտնվել է խաչմերուկում եւ կյանքը աշխուժացել է: 1831թ. մարդահամարի տվյալներով՝ Ղարաքիլիսայում բնակվում էր 500-600 մարդ, 1922-ին բնակչության թիվն աճել էր 10 անգամ, ռուս-թուրքական պատերազմի պատճառով բնակավայր են եկել Արեւմտյան Հայաստանից, Ղարաբաղից եւ ՀՀ այլ մարզերից: 1922-36 թթ. բնակավայրում արդյունաբերության զարգացման հիմքն է դրվել եւ փորձ է արվել քաղաքը վերանվանել Մարտունաշեն, սակայն Կիրովի մահից հետո վերանվանվել է Կիրովական: Խորհրդային տարիներին արդյունաբերությունը այնքան է զարգացել, որ քաղաքն անվանել են քիմիայի քաղաք, իսկ բնակչությունը անցել է 170 հազարից:
Վանաձորի տարեց բնակիչների խոսքով, քաղաքում նախկին աշխուժությունը չկա, պատճառը բազում գործարանների պարապուրդն է: Վերջին մարդահամարի տվյալներով, Վանաձորում 110 հազար բնակիչ է ապրում, սակայն 18-65 տարեկան մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի:
1991թ. Կիրովականը վերանվանվել է Վանաձոր: 2000թ.-ից՝ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը վանաձորցիները քաղաքի օրն են նշում: Ողջ շաբաթն է տոնական դառնում, նախապատրաստական աշխատանքները սկսվում են շաբաթվա սկզբից, կազմակերպվում են թատերական բեմականացումներ, երաժշտական, գրական, գեղարվեստական օրեր, սպորտային միջոցառումներ: Իսկ այսօր՝ Վանաձորի օրը սպասվում է տոնական համերգ, ցուցահանդես- վաճառք, ուրախ դիսկոտեկ, հրավառություն: Տոնը յուրահատուկ աշխուժությամբ է լցնում քաղաքը, հյուրաշատ է դառնում Վանաձորը, այս տարի էլ 1000-ից ավելի հրավիրատոմսեր են ուղարկել:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որ տոնի հիմնադիրներից է, կարեւոր է համարում քաղաքի օր ունենալը եւ նկատում է, որ տարեցտարի տոնն ավելի շատ է սիրվում: Իհարկե, դեռ անելիքներ կան, քաղաքապետը երազում է առաջին հերթին իր քաղաքի առայժմ հոգսաշատ բնակիչներին երջանիկ, աշխատատեղով ապահովված եւ հոգսերից թոթափված տեսնել: «Ձեռքբերումները շատ են, սակայն անելիքներն էլ են շատ, քաղաքը կարիք ունի անընդհատ նորոգման, եթե նույնիսկ խնդիրը լուծվում է, ապա պետք է էլի աշխատել, նորացնել եւ ժամանակին համընթաց քայլել»,- վստահ է Սամվել Դարբինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել