Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայով դեպի Եվրոպա

Հոկտեմբեր 02,2010 00:00

Հոկտեմբերի 7-ին եւ 8-ին Երեւանում՝ «Էրեբունի-Երեւան» տոներից առաջ, անցկացվելու է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը:

«Առավոտը» 2009թ. հուլիսի 15-ին՝ «Նոր հնարավորություն համայնքների համար» հրապարակմամբ տեղեկացրել է, որ ֆրանսիական Ռոհն Ալպ ռեգիոնի 12 համայնքներ համագործակցում են Հայաստանի 8 մարզերի հետ: Ռոհն Ալպի ռեգիոնալ ասամբլեան յուրաքանչյուր տարի իր բյուջեից 300 հազար եվրո է հատկացնում Հայաստանում կայուն ու տարածքային համաչափ զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար: Հայաստանի համայնքների ասոցիացիայի համակարգող Էմին Երիցյանից տեղեկացանք, որ այս պահին Հայաստանի եւ Ֆրանսիայի տարբեր քաղաքների եւ մարզերի միջեւ համագործակցության 26 պայմանագիր կա, եւ համաժողովին մասնակցելու են այս համագործակցություններում այս կամ այն ձեւով ընդգրկված անձինք՝ գործարարներ, սենատորներ, համայնքների ղեկավարներ, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ ու Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ:
Ըստ համաժողովի ծրագրի, մեր քաղաքների գործընկեր ֆրանսիական քաղաքները ազատ են իրենց գործողություններում մինչեւ համաժողովը. կարող են այցելել մարզեր, հանդիպումներ ունենալ, իսկ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին բոլորը հավաքվելու են Երեւանում՝ քննարկելու համագործակցության առկա վիճակը, ինչպես նաեւ հարաբերություններին նոր որակ ու իրականացվող ծրագրերին նոր խթան տալու հնարավորությունները: «Հայ-ֆրանսիական համագործակցությունը մի քանի առումով է կարեւոր: Ոչ միայն ֆրանսիական ներդրումներ եւ աջակցություն, կապեր քաղաքների միջեւ, այլ նաեւ եվրաինտեգրացիայի ձեւ: Միայն կառավարությունները չէ, որ ինտեգրացիայի հարցով պետք է զբաղվեն: Նաեւ համայնքներն ու կազմակերպությունները պետք է ներգրավվեն, որ եվրաինտեգրացիան կյանքի մակարդակում էլ լինի: Ֆրանսիան միակ եվրոպական երկիրն է, որի հետ Հայաստանը տեղական ինքնակառավարման մակարդակում այսքան լայնածավալ համագործակցություն է ծավալել»,- մեզ հետ զրույցում ասաց Էմին Երիցյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովի ժամանակ չորս աշխատանքային սեկցիաներ-խմբեր են լինելու, ուր ելույթներ կունենան թե մերոնք, թե ֆրանսիացիները ու կքննարկեն տարածքների համաչափ զարգացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներ՝ զբոսաշրջություն, աղբահանություն, առողջապահություն եւ այլն: Համաժողովի ավարտին կընդունվի խարտիա, որը կդառնա հետագա գործակցության եւ աշխատանքների համար ուղենիշ: Ենթադրվում է, որ այս համաժողովից հետո կկրկնապատկվեն ֆրանսիական ներդրումները Հայաստանում: Էմին Երիցյանից տեղեկացանք նաեւ, որ նախատեսվում է նման համաժողովներ անցկացնել երկու-երեք տարին մեկ եւ արդեն կոնկրետ թեմաներով: Հաջորդ համաժողովը, ամենայն հավանականությամբ, կկայանա Փարիզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել