Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 02,2010 00:00

«Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագիրը շատերին մատչելի չէ, բայց մարդիկ դեռ հույսը չեն կորցրել, պաշտոնյաներն էլ հիշեցնում են, որ ծրագրից կարելի է հրաժարվել:

«Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում Կապան քաղաքում, նախկին քաղաքային ջրավազանի տարածքում նախատեսվում է տարածաշրջանի երիտասարդ ընտանիքների համար կառուցել 335 բնակարանից բաղկացած բնակելի համալիր, որը, ըստ ծրագրի պատասխանատուների, շուկայականից ցածր գներով կտրամադրվի շահառուներին: Բնակարանային համալիրը բաղկացած կլինի 12-14 հարկանի 3 շենքերից, ուր կլինեն 2,3 եւ 4 սենյականոց բնակարաններ: Առաջիկայում նախատեսվում է կառուցել միայն համալիրի առաջին շենքը, որը կունենա 96 բնակարան: Հոկտեմբերի 15-ին հանրապետության նախագահի մասնակցությամբ կկայանա առաջին շենքի հիմնարկեքը, շենքը շահագործման կհանձնվի երկու տարի անց: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը երեկ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արդեն 206 շահառու դիմել է, 45-ը՝ Քաջարանից: Հոսքը դեռ շարունակվում է, սակայն հաշվի առնելով, որ առաջիկայում միայն համալիրի 96 բնակարանից բաղկացած շենքն է կառուցվելու, իսկ դիմումատուներն ավելի շատ են՝ շահառուների միջեւ վիճակահանություն կիրականացվի: «Այս ծրագրի շրջանակներում կարողանալու ենք ապահովել բավականին մատչելի վարկային ծրագիր, եւ տվյալ շենքում բնակարան գնել ցանկացող երիտասարդներն ու երիտասարդ ընտանիքներն ունենալու են արտոնյալ պայմաններով հիփոթեքային փաթեթ, որը շուկայից էապես տարբեր առաջարկ է լինելու՝ 20 տարի մարման ժամկետ, 10% տարեկան տոկոսադրույք եւ 20% կանխավճար: Նվազագույն մակերեսը՝ 50-60 քմ, եւ այդ պարագայում ամենաէժան բնակարանի արժեքը՝ $25-27 հազարին համարժեք դրամ: Շահառուն հիփոթեքային վարկից օգտվելիս ամսական պետք է կատարի 90-130 հազար դրամի վճարում»,- պարզաբանում է փոխնախարարը:
Կապանցի երիտասարդները, սակայն, երիտասարդ փոխնախարարի չափ լավատես չեն: Արտաշես Աթայանը նույնպես դիմել է այս ծրագրով բնակարան ձեռք բերելու համար: Կնոջ հետ վարձով է ապրում, ինչպես Կապանի նորաստեղծ շատ ընտանիքներ: «Երեք տարի ամուսնացած ենք, երեխա չունենք, վարձով ենք ապրում մեկսենյականոց բնակարանում, սակայն ծրագրին դիմել ենք 3 սենյականոց ձեռք բերելու համար, քանի որ առաջիկայում մտածում ենք երեխաներ կունենանք, միանգամից մեծ բնակարան վերցնենք: Ինչ վերաբերում է ծրագրին՝ այն անմատչելի չէ, ուղղակի Հայաստանում աշխատավարձերի չափը կարող է հարմար չլինի: Միակ խնդիրը ցածր աշխատավարձն է ու գների անհամապատասխանությունը: Մեր ընտանիքի բյուջեն 150 հազար դրամ է ու դրանով պետք է ե՛ւ ամենամսյա հիփոթեքային վարձը վճարենք, ե՛ւ հագուստ ու ուտելիք գնենք, կենցաղային ծախսերը անենք: Հուսով եմ, ամեն ինչ հաջող կլինի եւ կկարողանանք մեր սեփական բնակարանն ունենալ այդ շենքից»,- մեզ հետ զրույցում նշեց Արտաշեսը:
Իսկ ահա երկու երեխաների հայր Դավիթը լսել է այս ծրագրի մասին, բայց ընդգրկվել չի ցանկացել, քանի որ ընտանիքի միակ աշխատողն է եւ 90 հազար դրամով հազիվ հասցնում է երեխաների, տան ու կենցաղային ծախսերը վճարել եւ 15 հազար դրամ էլ վարձած տան վճարը տալ:
«Հասկանալի է, որ շատերի եկամուտները նվազ են, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ շատ կամ քիչ եկամուտ ունեցող մարդկանց համար հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելը հարմար տարբերակ է, ասեմ նաեւ, որ մեր դիմումատուների մեջ կան վճարունակ մարդիկ եւ դիմումներ լրացրելիս կանխիկ վճարման տարբերակն են ընտրել: Բացի այդ, շահառուն միշտ կարող է հրաժարվել, քանի որ հնարավոր է ոչ ճիշտ դիտարկած լինեն իրենց ֆինանսական հնարավորությունները: Հենց պակաս եկամուտներ ունեցող խավի համար առաջարկում ենք հիփոթեքային այս փափեթը: Աշխարհում չենք գտնի մի զարգացած երկիր, որտեղ բնակֆոնդն անվերապահ, անվարձահատույց նվիրաբերվի շահառուներին»,- ասում է պարոն Քարամյանը: Ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի, տարիներ ի վեր բնակշինարարության ծրագրեր չիրականացնելու պատճառով, մարդկանց մեջ, ոգեւորությանը զուգահեռ, նաեւ թերահավատություն կա, որը, ըստ նրա, շենքի հիմքերը դնելուց հետո կվերանա:
Պատասխանատուները հավաստիացնում են, որ շենքերն առանձնանալու են լավ որակներով՝ մոնոլիտ-երկաթբետոնե կոնստրուկցիաներով, ունենալու են 9 բալ սեյսմակայունություն, գազիֆիկացված են լինելու, հարակից տարածքում կառուցվելու են խաղահրապարակներ, ավտոտնակներ, փոքրիկ լողավազան, հանգստի գոտի: «Այդպիսի թաղամաս դեռ Կապանում չկա: Ավելին՝ առաջին շենքի տանիքին կառուցվելու է աշտարակ, որն ունենալու է քաղաքային նշանակության ժամացույց: Կապանը կլինի երրորդ քաղաքը հանրապետությունում, որ կունենա այդպիսի ժամացույց: Սա նաեւ դեմոգրաֆիական զարգացման կարեւոր խնդիր է լուծում»,- խոստանում է փոխնախարարը:
Համալիրի տարածքը Կապանի քաղաքապետարանից գնվել է 14 միլիոն դրամով: Համալիրի երկրորդ շենքի շինարարությունը կմեկնարկի 2011-ի գարնանը, բացի ծրագրի բուն խնդրից, մարզում ժամանակավոր կստեղծվեն աշխատատեղեր՝ նախատեսված բնակշինարարությունում կընդգրկվի մոտ 350 աշխատուժ: Սյունիքի մարզում այս ծրագիրն իրականացվում է հենց Կապանում, ոչ թե շատ ծրագրերի պես՝ Գորիսում: Այստեղ նաեւ մեծ է Արսեն Քարամյանի դերը, ով կապանցի է եւ հնարավորն արել է ծրագիրը հենց մարզկենտրոնում իրականացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել