Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռք բերեց մասնակի կենսաթոշակի իրավունք

Հոկտեմբեր 02,2010 00:00

Արտադրական ուսուցման վարպետները նույնպես ուսուցիչներ են

2009թ. իրավական աջակցություն ստանալու նպատակով «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գրասենյակ էր դիմել Աբովյան քաղաքի Գառնի փողոցի 10/7 հասցեի բնակիչ Ջեմմա Մաթեւոսի Հովսեփյանը: Ջեմմա Հովսեփյանի իրավական խնդիրը կապված էր մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքի հետ: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվելու նպատակով 2008թ. մայիս ամսից Ջ. Հովսեփյանը բազմիցս դիմումներ էր ներկայացրել Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին՝ յուրաքանչյուր անգամ ստանալով մերժողական պատասխաններ: Վերջինները մերժումը պայմանավորում էին այն հանգամանքով, որ 10.10.1979թ.-09.06.1981թ. Երեւանի առեւտրախոհարարական թիվ 17 տեխնիկական ուսումնարանում քաղաքացին աշխատել է որպես արտադրական ուսուցման վարպետ, ինչը նախատեսված չէ ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29 թիվ 793-Ն որոշմամբ հաստատված «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների եւ աշխատանքային գործունեության տեսակների ցանկում»: Նման պարագայում, ՍԱՊԾ աշխատակիցների պնդմամբ, Ջ. Հովսեփյանի պարագայում բացակայում է «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով պահանջվող 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժը, ինչը եւ խոչընդոտ է հանդիսացել Ջ. Հովսեփյանի համար մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվելու հարցում:
Մերժման կապակցությամբ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ, վերադասության կարգով բողոք է ներկայացվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որի թիվ Ե2009-711 եւ Ե2009-2942 պատասխաններով կրկին պարզաբանվել է, որ «արտադրական ուսուցման վարպետ» հաստիքը չի ներառվում ՀՀ կառավարության 2003թ. հաստատած մասնագիտությունների ցուցակում, որոնք իրավունք են վերապահում քաղաքացիներին օգտվելու մասնակի կենսաթոշակի իրավունքից:
Համաձայն չլինելով իրավասու մարմինների օրենսդրական մեկնաբանությունների հետ՝ կազմակերպության իրավաբանները հայց պատրաստեցին ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով մերժում պարունակող վարչական ակտը:
Ջ. Հովսեփյանի կողմից մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվելը կազմակերպության իրավաբանները հիմնավորում էին հետեւյալ կերպ.
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է «արտադրական ուսուցման վարպետ» հաստիքի օրենսդրական հասկացությունը, այն է՝ «անձի արհեստագործական հմտությունները ապահովող, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ (կամ) մասնագիտական ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող»:
Օրենքի նորմերի մեկնաբանության արդյունքում պարզ է դառնում, որ տեխնիկական ուսումնարաններում ուսուցիչները տվյալ հաստատությունում կոչվում են արտադրական ուսուցման վարպետներ: Կառավարության 2003թ. որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցուցակի «կազմակերպության անվանում» սյունակում նշված են այն ուսումնական հաստատությունները, որում 12 եւ ավելի տարի մանկավարժական աշխատանք կատարելը իրավունք է վերապահում օգտվել մասնակի կենսաթոշակի իրավունքից: Նշված ցանկում առկա են նաեւ տեխնիկումները եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, ինչը նշանակում է, որ տվյալ ուսումնական հաստատության դասավանդողները (ուսուցիչները), որոնք այդ հաստատություններում դասավանդելու դեպքում կոչվում են «արտադրական ուսուցման վարպետներ», եւս համարվում են մանկավարժական աշխատողներ, հետեւաբար եւ՝ մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն:
Եվ քանի որ ցանկացած իրավական ակտ դիտվում է ոչ միայն տվյալ հասարակական հարաբերությունները կարգավորող նորմերի ամբողջություն, այլեւ այս կամ այն իրավական ակտի լրացում կամ պարզաբանում, ապա նշանակում է, որ 2005թ. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, օրենքում տրված հստակեցումը «արտադրական ուսուցման վարպետ» հաստիքի կապակցությամբ, այդուհետ պետք է կիրառվի ցանկացած այնպիսի հարաբերություններ կարգավորելիս, որն առնչվում է ուսուցիչ (դասատու) եզրույթի հետ:
Փաստորեն, նշված օրենքով «արտադրական ուսուցման վարպետը» եւս համարվում է մանկավարժական աշխատող, հետեւաբար եւ ներառվում է ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում նշված դասատու, ուսուցիչ կատեգորիաներում:
Վարչական դատարանը 07.11.2009թ. կայացրած վճռով բավարարեց հայցը:
Թեեւ վճիռը սահմանված ժամկետում պատասխանողի՝ ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ ներկայացուցիչների կողմից չբողոքարկվեց ՀՀ Վճռաբեկ դատարան եւ այդ պատճառով սույն գործով տրված դատարանի դիրքորոշումը չի կարող դիտվել որպես նախադեպային՝ հետագայում դատական կարգով նմանատիպ գործերի քննարկման հարցում, այնուամենայնիվ, սույն գործը հանդիսանում է ռազմավարական դատավարության դասական օրինակ:
 Նշենք, որ մինչ օրս իրավասու մարմնի նման դիրքորոշման արդյունքում նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական հաստատություններում աշխատած ուսուցիչները երբեւէ չեն օգտվել մասնակի կենսաթոշակի իրավունքից: Վարչական դատարանի վճիռը պարտադիր կերպով ենթակա է կատարման Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից: Մյուս կողմից, վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինները պարտավոր են առաջնորդվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքներով: Օրենքի 7-րդ հոդվածն ամրագրում է կամայականության արգելքի սկզբունքը, ինչը վարչական մարմնին արգելում է անհավասար (տարբեր) մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք:
Այսպիսով, Ջեմմա Հովսեփյանն առաջինն էր, ով չնայած աշխատանքային գրքույկում եղած «արտադրական ուսուցման վարպետ» գրառման, օգտվեց մասնակի կենսաթոշակի իրավունքից, ինչն այսուհետ պարտավորեցնելու է վարչական մարմնին նմանատիպ գործերով ցուցաբերել նույնանման մոտեցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել