Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՊՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՆՁԻՆՔ

Հոկտեմբեր 02,2010 00:00

\"\" \"\"

«Առավոտը» օգոստոսի 26-ին տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատի հարեւանությամբ գտնվող Ազատության պողոտայի 2/Բ շենքի բակում կրակոցներ են հնչել: Լինելով դեպքի վայրում, ականատես եղանք, որ տարածքն ամբողջովին շրջափակված էր ոստիկանության՝ Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի աշխատակիցների կողմից: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էին Երեւանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանն ու Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանը:
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները բակում հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 10 պարկուճ: Դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկի՝ մասնավորապես պաշտպանության նախարարության շինվարչության պետի տեղակալ, գնդապետ Սուրեն Սարգսյանի բնակարանում ոստիկանները հայտնաբերել էին աջ բազկին եւ կրծքավանդակին հրազենային վնասվածքներ ստացած գնդապետի որդուն՝ 23-ամյա Նարեկ Սարգսյանին: Նարեկին նախ տեղափոխել էին թիվ 8 հիվանդանոց, իսկ այնուհետեւ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Դեպքի վայրում ականատեսները պատմել էին, որ Նարեկը հրազենային վնասվածքը ստացել է այն ժամանակ, երբ իրենց շենքի եւ զինկոմիսարիատի միջեւ ընկած բակում իր ընկերների հետ զրուցելիս է եղել, «Տոյոտա» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաները, որոնց մեջ եղել են 6-7 հոգի, մեծ արագությամբ մտել են բակ, «ճռռացնելով» արգելակել եւ իրենց մոտ եղած հրազենով սկսել կրակել բակում հավաքվածների ուղղությամբ, որոնց մեջ եղել են նաեւ կանայք եւ մանկահասակ երեխաներ: Բնակիչները պատմում էին, որ կրակողները նաեւ բարձրաձայն հայհոյում էին՝ «ով ա մեր դեմ հելնում, մեր դեմ խաղ չկա…»: Մինչ ոստիկանության ժամանումը՝ «կտրիճները» դիմել էին փախուստի:
Միջադեպի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Առավոտի» տեղեկություններով, երեկ արդեն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը հետախուզում է հայտարարել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Գեղամ Պողոսյանի նկատմամբ, որը կասկածվում է մի խումբ անձանց հետ նշված հանցագործությունը կատարելու մեջ: Իրավապահներին հայտնի են նաեւ հանցագործության մյուս կասկածյալների անունները եւ մեքենաների համարանիշները: Նախաքննության շահերից ելնելով՝ այս տեղեկությունը չի հրապարակվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել