Արարատի մարզի թիվ 2 դպրոցի աշակերտ Արա Բալայանը «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիրը» յուրացնելուց հետո՝ սեփական ուժերով արեւային կոլեկտոր է պատրաստել: Արան արեւոտ օրերին կարողանում է առանց էլեկտրականության եւ կրակի, արեւի էներգիայով սուրճ ու թեյ եփել: Նրա սարքը արեւից ստացած էներգիան կենտրոնացնում է մի կետում եւ հենց այդ կուտակված էներգիան էլ օգտագործում է: Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տարբեր դպրոցների մի խումբ աշակերտներ ներկայացրին իրենց պատրաստած սարքերն ու պատմեցին, թե ինչպես պետք է պահպանել էներգիան բնակարանում ու դպրոցում, ինչպես արդյունավետ մեկուսացնել պատուհաններն ու դռները, ինչպես տնտեսել էլեկտրաէներգիան, ինչպես վարվել կենցաղային աղբի հետ, ինչպես պահպանել շրջակա միջավայրը եւ այլն: Միջոցառման կազմակերպիչ «Տապան» Էկո-ակումբ հ/կ-ի ներկայացուցիչների խոսքերով, ծրագրի նպատակն է երեխաների մեջ դաստիարակել էկոլոգիական գիտակցություն, եւ հասարակության ուշադրությունը հրավիրել էներգաարտադրության, էներգիայի եւ ռեսուրսների խնայողության ու շրջակա միջավայրի պահպանման խնդիրների վրա՝ միաժամանակ փորձելով ցույց տալ, թե ինչպես յուրաքանչյուր ոք կարող է նպաստել էներգիայի եւ ռեսուրսների խնայողությանը, պահպանել բնությունը իր եւ ապագա սերունդների համար: Նախագծի շրջանակներում երեխաների համար կազմակերպվել են «բաց դասեր» ՀԷԿ-երում, Մեծամորի ատոմակայանում, սանիտարական մաքրման ակցիաներ՝ հատուկ պահպանվող տարածքներում եւ բնապատմական հուշարձաններում:
Միջոցառմանը ներկա ուսուցիչների խոսքերով էլ, այս ծրագիրը օգնում է, որպեսզի երեխաներն ինքնուրույն մտածեն, որոշումներ կայացնելու կարողությունները զարգացնեն եւ ընտանիքում ու հասարակությունում պատասխանատու անձ լինեն:
«Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործում» առարկան կրթության եւ գիտության նախարարությունն ընդգրկել է 2010-2011 ուստարվա առարկաների ցանկում: Ծրագրում ընդգրկված մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ մասնակցել են միջազգային համաժողովների եւ միջոցառումների՝ Վրաստանում եւ Նորվեգիայում: