Վերջերս ԱՄՆ-ի 38 միլիարդատերեր՝ Բիլլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆֆեթի գլխավորությամբ, իրենց ստորագրությունը դրեցին, այսպես կոչված՝ «Նվիրատվության երդում» փաստաթղթի տակ եւ պարտավորություն ստանձնեցին իրենց կարողության ուղիղ կեսը բարեգործությանը նվիրաբերելու: Այդ նվիրատվությանը միացավ նաեւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որն իր անձնական կարողության 50 տոկոսը նույնպես հանձնեց բարեգործական ֆոնդին: Այս առնչությամբ մենք քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե մեր Երեւանի քաղաքապետն իր կարողության քանի՞ տոկոսն է պատրաստ հանձնել բարեգործական նպատակներով, եւ եթե Հայաստանում էլ նման մեծ ֆոնդ ստեղծվի, պարոն Բեգլարյանը կստորագրի՞ նվիրատվության երդման տակ, թե՞ ոչ: Քաղաքապետարանից «Առավոտին» պատասխանել են. «Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բարեգործությամբ զբաղվել է 1993թ.-ից սկսած: Մինչեւ Երեւանի քաղաքապետ ընտրվելը, ինչպես նաեւ դրանից հետո նա մշտապես հովանավորել է բազմաթիվ սոցիալական, մշակութային, սպորտային, կրթական եւ այլ նախագծեր: Այսօր եւս նա անկախ որեւէ «Նվիրատվության երդում» տալուց կամ փաստաթղթի տակ ստորագրելուց, շարունակում է բարեգործական նպատակներով մարդկանց օգնելն ու աջակցելը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում բարեգործական ֆոնդ ստեղծելուն, ապա Երեւանի քաղաքապետն այդ գաղափարը միայն ողջունում է եւ անպայման կմիանա այդ նախաձեռնությանը, եթե այն կյանքի կոչվի»:
Նշենք, որ մինչ այդ՝ գործարարներ եւ պատգամավորներ Հրանտ Վարդանյանը, Խաչիկ Մանուկյանը, Մանվել Ղազարյանը նույնպես խոստացել են հրաժարվել իրենց կարողության 50%-ից եւ հետեւել Բիլլ Գեյթսի ու մյուս մեծահարուստների օրինակին: Թեեւ հարցումների ժամանակ գրեթե բոլոր քաղաքական գործիչներն ու ձեռներեցները վստահեցնում էին, որ իրենք ի ծնե բարեգործներ են, որ ամբողջ կյանքում բարեգործությամբ են զբաղված եւ, անշուշտ, կմասնակցեն բարեգործական նման խոշոր ակցիային, սակայն դժվար է հաշվել, թե նման նախաձեռնության դեպքում մեր երկրում մոտավորապես որքան գումար կհավաքվի: Օրինակ, Բիլլ Գեյթսի կարողության կեսը 28 միլիարդ դոլար էր կազմել, իսկ մերոնք դժվարանում են ասել, թե մոտավորապես որքան է գնահատվում իրենց կարողությունը եւ դրա 50%-ը որքան կկազմի: Ինչպես հարցումների ժամանակ նշել էր ԱԺ պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը՝ «Հիմա ի՞նչ, դնեմ ասե՞մ՝ ինչքան փող ունեմ, գիտեք ինչ՝ թող Բիլլ Գեյթսը մեր չափ բարեգործություն անի, հետո կհամեմատվենք»: