Պատճառաբանում են՝ արժանապատվության հարց է
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում 2 նորածին երեխայի առք ու վաճառքի վերաբերյալ դատական նիստը սկսվելուն պես, «Առավոտի» լրագրողին դատարանի դահլիճից դուրս հրավիրեցին՝ պատճառաբանելով, որ նիստը դռնփակ է:
Այս գործով դատական նիստը 4-5 անգամ հետաձգվելուց հետո, երեկ վերջապես սկսվեց:
Մեղադրյալներից մեկը, պատճառաբանելով, թե իբր հրապարակային դատավարությունը հարվածում է իր ընտանիքի եւ իր կողմից գնված երեխայի արժանապատվությանը, խնդրեց նիստն անցկացնել, այսպես ասած, «նեղ շրջանակներում». «Մեր համայնքը փոքր է, եւ այս նիստը լուսաբանելով, հնարավոր է երեխային ճանաչեն ու մատնացույց անեն»: Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանն էլ, որը նաեւ ՀՀ գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալն է, չառարկեց, որպեսզի լրագրողները ներկա չլինեն այդ դատավարությանը եւ իր կողմից մեջբերեց երեխաների իրավունքների մասին պեկինյան կոնֆենցիան՝ ասելով, որ դրա վրա հիմնվելով, կարելի է նիստն անցկացնել դռնփակ: Մնացած 4 ամբաստանյալներն էլ՝ վաճառված 2 նորածինների ծնողները, թիվ 8 հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգը, որը կազմակերպել էր տվյալ վաճառքը, եւ երեխաներից մեկի, այսպես ասած՝ գնորդը նույնպես, կողմ էին դռնփակ նիստին: Գործը քննող դատավոր Լեւոն Ավետիսյանն էլ կողմերի հիմնավորումն ընդունեց եւ, հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածին, որոշեց նիստը դռնփակ անցկացնել: Հետաքրքիրն այն է, որ նախորդ նիստի ժամանակ էլ մեղադրյալներից մեկի փաստաբանը խնդրել էր ԶԼՄ ներկայացուցչին դահլիճից դուրս հրավիրել, սակայն դատավորը մերժել էր միջնորդությունը, պատճառաբանելով՝ «Մեր նիստերը հրապարակային են»:
Այս անգամ դատավորը, չգիտես ինչու, մտադրությունը փոխեց: Դատավորի մատնանշած հոդվածում հստակ ասվում է. «Դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական եւ ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով»։ Տվյալ նորածինների առք ու վաճառքը պետական եւ ծառայողական գաղտնիքների հետ հաստատ ոչ մի առնչություն չունի: 16-րդ հոդվածը նաեւ ասում է՝ «Դռնփակ նիստ կարող է լինել դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ բացառիկ դեպքերում, եթե դա չի վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը»: Ինչ վերաբերում է դռնփակ դատական նիստով արդարադատության իրականացման չվնասելուն, ապա դա պարզ կլինի միայն դատական վճռից հետո:
Ըստ 16-րդ հոդվածի, «Դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարելի է անցկացնել անձնական եւ ընտանեկան կյանքին, անձի պատվին եւ արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով»: Այն, որ դատարանը ընդառաջ գնաց դատական նիստը դռնփակ անցկացնելու կողմերի պատճառաբանությանը՝ հասկանալի է. դա օրենքի պահանջն է: Սակայն անհասկանալի է, որ արժանապատվության մասին հարց են բարձրացնում այն մարդիկ, որոնք ի սկզբանե ոտնահարել են թե՛ իրենց, թե՛ երեխայի արժանապատվությունը՝ գնալով նորածնի առքուվաճառքի եւ ոչ թե օրինական ճանապարհով որդեգրելուն:
Ինչ վերաբերում է 16-րդ հոդվածի այն կետին, ըստ որի՝ «դռնփակ նիստ կարելի է անցկացնել անձի սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով», ապա սա մեղադրյալներին հաստատ չի առնչվում:
Ուստի այստեղ միանգամայն տեղին կլինի կասկած հայտնել, որ այս գործը հասարակության ուշադրությունից հեռու պահելով, փորձում են «հարթել» ու մեղմ պատիժներով գործը փակել: Մինչդեռ, մեր տեղեկություններով, դեռեւս 2005 թվականին թիվ 8 հիվանդանոցում նորածինների առքուվաճառքի դեպքեր են գրանցվել, սակայն դա լռության է մատնվել: