Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղում գյուղատնտեսական անբարենպաստ տարին գյուղացիների հոգսերն ավելի է շատացրել: «Առավոտի» հետ զրույցում գյուղապետ Մհեր Վարդանյանը նշեց, որ անբարենպաստ կլիմայական պայմաններից այս տարի չի տուժել միայն խոտհարքը. «Նորմալ հնձեցինք, անասնակերի հարցում խնդիր չունենք, իսկ մշակաբույսերը ահավոր վիճակում են»: Նրա խոսքով, Ջիլիզայի բնակիչները հիմնականում եգիպտացորեն են մշակում, բայց. «Տարեսկզբի անձրեւային ու հետո չոր եղանակների պատճառով դա էլ չկարողացան մշակել: Վերջին տարիներին հացահատիկի բերքատվությունն այնքան ցածր է մեզ մոտ, որ գյուղացին էլ չի նախընտրում մշակել»: Պարոն Վարդանյանի խոսքով, անասնապահությամբ զբաղվող գյուղացիներից շատերին է սոցիալական ծանր վիճակը վերջին տարիներին ստիպել գաղթի ճամփան բռնել.
«Բնակչության թիվը շատ փոքր է ու գնալով փոքրանում է, որովհետեւ վերջին շրջանում աննախադեպ աճել են նաեւ մահացության դեպքերը»: Գյուղապետը խոսելով գյուղի խնդիրներից՝ մատնանշեց. «Աշխարհից կտրված ենք: Վրաստանին այդքան մոտ ենք, բայց միաժամանակ՝ շա՜տ հեռու. անցագրային կետ չունենք, ստիպված ենք հարեւան հայաբնակ գյուղեր այցելելու համար 3 կիլոմետրի փոխարեն 100 կիլոմետր անցնել, որ բարեկամներին տեսակցության գնանք»: Պարոն Վարդանյանը նշեց, որ գյուղի ճանապարհների մեծ մասը նորոգվել է, լուծվել են մի շարք խնդիրներ. «Այս տարվանից էլեկտրաէներգիան արդեն Հայաստանից ենք ստանում, մի ժամանակ Վրաստանից էինք ստանում, պատահում էր՝ ամիսներով հոսանք չէինք ունենում, կոնկրետ գրաֆիկ չկար, ու անջատումները հաճախակի էին լինում, բայց հիմա անխափան է, ինչպես ժողովուրդն է ասում՝ աչքներս լույս է եկել»: Գյուղապետի խոսքով, սակայն, սրանով խնդիրները գյուղում չեն պակասել, կան առաջնահերթ հարցեր, որոնք գործադիրի ուշադրության կենտրոնում են. «Գազիֆիկացման հարցն ենք բարձրացրել, սա շատ կարեւոր է, այսօրվա դրությամբ գյուղացին կարողանում է ջեռուցման խնդիրը փայտի միջոցով լուծել: Այս հարցը ներկայացրել ենք կառավարությանը, սպասում ենք, թե երբ լուծում կտրվի»: