Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարը կվերացվի հոկտեմբերին

Հոկտեմբեր 02,2010 00:00

Գարնանը Հրազդանի կիրճի երթեւեկելի գոտու հատվածում տեղի ունեցած հենապատի փլուզման պատճառով անանցանելի էր դարձել Պռոշյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը՝ ստեղծելով վթարավտանգ վիճակ: Երթեւեկելի մասից ճանապարհը փլուզվել էր, ինչի հետեւանքով առաջացել էր մոտ 7-8 մ խորությամբ վիհ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անձամբ եղավ դեպքի վայրում եւ խնդրին արագ լուծում տալու  նպատակով տեղում տվեց համապատասխան հանձնարարականներ: Մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո կիրճում սկսվեցին հենապատի ու ճանապարհի վերականգնման աշխատանքները: 
Փլուզման հիմնական պատճառը, ըստ մասնագետների, ճանապարհի տակով հոսող գրունտային ջրերն են եղել, որոնք տարիներ շարունակ քայքայել են հիմքը: Դրան նպաստել էր նաեւ այստեղ ջրահեռացման համակարգի բացակայությունը:  Ամուր, անվտանգ ճանապարհ ու հենապատ ունենալու համար կրող գրունտներից սկսած՝ երկաթբետոնե նոր հիմք է կառուցվում: Բետոնե ծածկը ներքեւում ունի մոտ 10մ լայնություն, վերեւում՝ 1: Շինաշխատանքների իրականացման համար տարածքում ժամանակավոր կամուրջ է տեղադրվել: Տեղափոխվել է նաեւ գետի հունը: Գործն ընթանում է սահմանված ժամանակացույցով:
Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի տեղեկացմամբ, շինարարի առաջ խնդիր է դրվել՝ հնարավորինս արագ վերաբացել փողոցի երթեւեկությունը: Նախնական հաշվարկներով հոկտեմբերի վերջին կվերականգնվի երթեւեկը: 50-ականներին կառուցված հենապատին շուտով կփոխարինի նոր տեխնոլոգիայով ու ամրությամբ կառուցված հենապատը՝ անվտանգ երթեւեկելի գոտիով: Ծրագրի իրականացման համար Երեւանի բյուջեից շուրջ 270 մլն դրամ է հատկացվել: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել