Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիտարն եկավ

Հոկտեմբեր 02,2010 00:00

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիս քաղաքում ներկա է գտնվել ՌԴ-ից ներմուծված բարձրորակ «էլիտար» ցորենի սերմացու տեղափոխած վագոնների բեռնաթափմանը: Վարչապետը լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետը նշել է, որ ցորենի սերմացուի տեղափոխման կազմակերպման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել՝ ընտրվել են այն հողատարածքները, որոնք համապատասխանում են գյուղնախարարության սահմանած որակի չափանիշներին: Ներկրված սերմացուն կօգնի հետագա տարիներին մեծացնել թե՛ ցորենի եւ թե՛ սերմացուի արտադրողականությունը՝ դրանով իսկ ամրապնդելով ՀՀ պարենային անվտանգությունն ու հացահատիկի արտադրության ինքնաբավությունը: Նախատեսվում է, որ մինչեւ 2014թ. մենք կկարողանանք շեշտակիորեն ավելացնել ցորենի արտադրությունը, ինչի արդյունքում կնվազի ներկրման չափն ու կախվածությունը գների միջազգային կոնյունկտուրայից:
Իսկ tert.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Արժույթի միջազգային հիմնադրամի ՀՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ-ում կառավարության պարտքը տնտեսվարողներին ԱԱՀ-ի վերադարձի մասով զավեշտալիորեն բարձր է, վարչապետն ասաց, որ խնդիրը վերջին 15 տարվա ընթացքում մնում է արդիական եւ պայմանավորված է հարկային վարչարարության բարելավմամբ. «Մեկ-երկու օրվա ընթացքում դժվար է որակապես փոխել հարկային վարչարարությունը, բայց մենք գերավճարների առումով ունենք լուրջ նվաճումներ: Գերավճարների ծավալների աճի տեմպերը էապես նվազել են՝ նախորդ տարիների հետ համեմատած: Ամենակարեւորն այն է, որ մենք ԱԱՀ-ի վերադարձելիության հետ կապված որեւէ խնդիր չունենք: Երբեւէ չի եղել, որ արտահանողներն իրենց ԱԱՀ-ի վերադարձի գումարները չստանան տարվա ընթացքում: 2011թ. մենք ստանձնում ենք պարտավորություն, որ եթե ժամանակին չվերադարձնենք ԱԱՀ-ն, ապա պետությունը պետք է տոկոսներ վճարի մասնավոր ընկերություններին: Բացառվում է՝ ունենանք ընթացիկ գերավճարներ, իսկ նախորդ տարիներին կուտակված գերավճարների մաշեցման խնդիրը դեռեւս արդիական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել