Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ԽԱՂՈՒՄ ԵՆ «ՀԴՄ ԼՈՏՈ»

Հոկտեմբեր 02,2010 00:00

\"\"Մեր տնտեսության ստվերը կրճատելու համար հասարակությունը ներքաշվել է վիճակախաղերի մեջ

«Պողոս Պողոսյան, ՀՀ, քաղաք Էջմիածին, շահել եմ 1000 դրամ: Միամիտ անցնում էի Մալաթիայի շուկայի մոտով, ասեցի մի հատ ծամոն առնեմ, առա՝ ՀԴՄ կտրոնով շահեցի: Ժողովո՛ւրդ ջան, դուք էլ խաղացեք «ՀԴՄ լոտո», որ շահեք»,- շուտով հեռուստատեսությամբ տարբեր վիճակախաղերի գովազդի փոխարեն ստիպված պետք է լինենք ողջ օրվա ընթացքում լսել ՀԴՄ կտրոնների խաղարկության նմանատիպ գովազդներ, որոնց հովանավորը կլինի Պետեկամուտների կոմիտեն: Պարզվում է՝ ստվերային ձեռնարկատերերի դեմն առնելու համար մեր «լոտոյասեր» հասարակությունում լավագույն միջոցը վիճակախաղերն են ու դրանց շահումներով գայթակղելը: Այս մասին է վկայում նորաբաց www.hdm.am կայքը, որտեղ օրական հարյուրավոր մարդիկ են այցելում, գրանցում իրենց կտրոնի թվերը եւ դառնում 1000 դրամի տեր:
Կայքը ստեղծվել է հատուկ հայ սպառողներին համոզելու, որ գնումներ կատարելիս չմոռանան վերցնել ՀԴՄ կտրոնը եւ օնլայն խաղարկության միջոցով ճշտել՝ «երջանի՞կ» է այն, թե՞ «դժբախտ»: Մարդիկ ամեն օր իրենց գնած հաց ու պանրի կամ ցանկացած ապրանքի ՀԴՄ կտրոնը գրանցում են կայքում ու սպասում, որ համակարգիչը պատահական սկզբունքով հենց իրե՛նց կտրոնն է ընտրելու: Այս ամենը լոտո է հիշեցնում, հատկապես, երբ բացում ես հաղթողների էջը ու տեսնում երջանիկ շահողների լուսանկարներն ու տվյալները: Ի դեպ, որպես հաղթողներ, հաճախ զետեղվում են շատ անչափահասների՝ մինչեւ անգամ 3-4 տարեկան երեխաների լուսանկարներ, որոնք վկայում են, որ պետությունը իր լոտոների մեջ ներքաշել է հիմնականում բնակչության այն խմբին, որը պետք է մանկապարտեզ կամ դպրոց գնա, դաս սովորի, ոչ թե ՀԴՄ կտրոնի երջանիկ լինելը ստուգի:  «Հարգանք դրսեւորենք օրինապահ եւ բարեխիղճ ձեռնարկատերերի նկատմամբ: Նրանք են ուժեղ եւ հարուստ երկրում արժանապատիվ ապրելու գրավականը»,- կայքում այսպես են վստահեցնում ՀԴՄ կտրոնների խաղարկության կազմակերպիչները:
Նշենք, որ չնայած hdm.am կայքը տնօրինում է «Նոյ» ֆիրման, բայց այդ կայքի համար իր համաձայնությունը ՊԵԿ-ը տվել է, ավելին՝ կայքի գովազդով զբաղվում է անձամբ Արմեն Ալավերդյանը՝ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալը, որը հրավիրած ասուլիսում նույնիսկ շնորհակալություն հայտնեց «Նոյ» ֆիրմային, որ օգնել էր պետությանը՝ լոտոյի կազմակերպման հարցում: Հասկանալի է, որ այստեղ մասնավոր ընկերությունն իր շահն ունի եւ բացի այն, որ կայքում զետեղված գովազդներից է գումար վաստակում, նաեւ կարգավորում է հարաբերությունները հարկային մարմնի հետ, ինչը ցանկացած գործարարի համար կարեւոր հանգամանք է: Սակայն «Նոյ» ֆիրմայի նախագահ Գագիկ Սարգսյանը վստահեցնում է, թե ինքը ՀԴՄ կտրոնների խաղարկությունն անում է իր թոռների համար, «որ նրանք ապրեն հարուստ ու երջանիկ, հզոր եւ ազատ երկրում»: Համենայնդեպս, պարոն Սարգսյանը այդպես է պատասխանել իմ օնլայն հարցերին, որոնք հղել էի նրան՝ իրենց կայքի միջոցով:
Նշենք, որ «Նոյ» ֆիրման բազմաթիվ այլ կայքեր էլ ունի, որոնցից մեկը beautysalon.am-ն է: Այնտեղ Բանգլադեշի «Շուշան» վարսավիրանոցը ներկայացված է որպես մեր երկրի լավագույն գեղեցկության սրահ: Ճշտելու համար, որ այդ կայքում կարելի է փող տալ ու դառնալ հանրապետության լավագույն վարսավիրանոցը՝ զանգեցինք ինտերնետում նշված համարներով ու պարզեցինք, որ դրա համար պետք է վճարել 35-70 հազար դրամ եւ ամսական 5000 դրամ՝ սպասարկման համար: Երբ hdm.am կայքի միջոցով «Նոյ» ֆիրմայի նախագահին հարցրինք՝ այդ 70 հազարի դիմաց ինքներդ ՀԴՄ կտրոն տրամադրո՞ւմ եք, նա պատասխանեց. «Ես տարիքով ձեզանից շատ մեծ եմ, մի խորհուրդ տամ՝ չարությունը վատ խորհրդատու է»:
Ըստ կայքի պատասխանատուների, «hdm.am-ը դառնալու է այն հարթակը, որտեղ ձեռնարկատերը, հարկային մարմնի ներկայացուցիչն ու սպառողը ազատ եւ անկաշկանդ կշփվեն իրար հետ»: Քանի որ կայքը հետադարձ կապի հնարավորություն է տալիս, որպես շարքային սպառող՝ փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս կարող ենք կայքի միջոցով անկաշկանդ շփվել գործարարների հետ: Հարցին՝ «Ես հիմնականում առեւտուր եմ անում Սամվել Ալեքսանյանի խանութներից, ի՞նչ եք կարծում, նա պետք է այցելի hdm.am կայքը՝ սովորական սպառողների հետ շփվելու համա՞ր» ի պատասխան՝ «Նոյ» ֆիրմայի նախագահը գրել է, թե ինքն ու իր աշխատակիցները բազմիցս գնումներ են կատարել Ս. Ալեքսանյանի խանութներից եւ միշտ կտրոն ստացել են, բացի այդ, սպառողի ու ձեռնարկատիրոջ շփում ասելով, պարզվում է՝ նկատի ունեն ոչ թե հենց սեփականատիրոջը, այլ, ասենք, Երեւան city-ի աշխատակիցներից մեկի շփումը հասարակության հետ:
Թե ուր կտանեն hdm.am-ի շահումները եւ ում ավելի շատ օգուտ կբերեն՝ ժամանակը ցույց կտա, սակայն հիմա փաստն այն է, որ Պետեկամուտների կոմիտեն չի կարողանում իր չնչին բոնուսներով շահագրգռել սպառողներին, որ պահանջեն իրենց կտրոնը: Եթե նույնիսկ սոցիալապես անապահով ընտանիքները հարեւաններից, բարեկամներից չշահած կտրոններ են հավաքում ու տանում հանձնելու՝ «Հայփոստի» բաժանմունքում այդ մի քանի հազար դրամ բոնուսը տալիս այնքան են տանում-բերում, որ մարդիկ տեղում երդվում են՝ այլեւս կտրոն չհավաքել ու այդ ստորացուցիչ վիճակի մեջ չընկնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել