Շվեյցարիայում ժողովի ժամանակ իրենց հրապարակային ելույթում Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ անվանած ազգությամբ թուրք Ալի Մերջանն ու իր երկու ընկերները ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ «Շվեյցարիա-Հայաստան» միության նախագահ Սարգիս Շահինյանի կողմից ներկայացրած հայցի հիման վրա: Մերջանն ու մյուս արկածախնդիրները դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել «Ռասիզմը կանխելու մասին օրենքը» խախտելու մեջ:
Սահմանվել է պատիժ՝ 150 օրվա բանտարկություն եւ 30 հազար շվեյցարական ֆրանկի տուգանք: Վճիռը բողոքարկած թուրքերի՝ Վճռաբեկ դատարանի կարգավիճակ ունեցող Շվեյցարիայի դաշնային դատարանը հաստատել է սահմանված պատժի օրինականությունը: Panorama.am-ի հաղորդմամբ, ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվամիջոցի, Ալին եւ ընկերները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հերքումը Շվեյցարիայում համարվում է քրեորեն հետապնդելի արարք: