Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատների զոհված զինվորների աճյունները հանձնելու Հայաստանի խնդրանքը: Այդ մասին «Արմինֆո»-ին հայտարարել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Նողկալի է այն, որ մարդասիրության մասին դատում են մարդիկ, որոնց դեռ նախանցած տարի մենք դիմել էինք՝ 1992 թ. զոհվածների աճյունները հանձնելու խնդրանքով, Ադրբեջանին հաղորդելով նրանց մահվան հանգամանքների եւ ներկայումս Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքում թաղման վայրի մասին մեր կողմից ստացված հավաստի եւ լիարժեք տեղեկատվություն: Խոսքը վերաբերում է «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատների զոհված զինվորներին, ովքեր մինչեւ 2008 թվականի ամառն անհայտ կորածներ էին համարվում: Ադրբեջանական իշխանությունները մինչ այժմ ոչ մի կերպ չեն արձագանքել աճյունները զոհվածների ընտանիքներին վերադարձնելու մեր խնդրանքին»,- նշել է աշխատանքային խմբի ղեկավարը: