Երեւանի Հաղթանակի այգում մայիսի 9-ի արտակարգ պատահարին առնչվող քրեական գործը հանձնվել է դատարան: «Արմինֆոն» հիշեցնում է, որ այդ օրը վթար էր տեղի ունեցել «Թայֆուն» ատրակցիոնում, ինչի հետեւանքով մի քանի մարդ էր տուժել: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ ինչպես նշված կարուսելը, այնպես էլ մի քանի այլ կարուսելներ տեղադրվել էին ապօրինաբար: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի, սեպտեմբերի սկզբին քննչական մարմինը քրեական գործը հանձնել է Արաբկիր համայնքի ընդհանուր իրավասության դատարան: «Ուրախ ժամանց» ՍՊԸ տնօրեն Թորոս Ուբրիկյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 279 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Այդ գործի առնչությամբ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 4-ին, ժամը 11-ին՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ: