ՕԵԿ գրասենյակում երեկ քննարկվեց գրադարանների եւ գրքի պահպանման հարցը
«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում երեկ տեղի ունեցած գրադարանների թեմայով հանրային քննարկումների ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում փակվել են շուրջ 300 գրադարաններ, ըստ որում՝ վերջին 5 տարվա ընթացքում՝ շուրջ 72: Ըստ կուսակցության ղեկավարի. «Այսօր անհրաժեշտություն կա օրենքով կարգավորել այդ ոլորտը: Տեւական ժամանակ է, ինչ ԱԺ-ում ՕԵԿ-ը ներկայացրել է օրենսդրական նախագիծ, մենք տեղյակ ենք, որ կառավարությունում նույնպես մեր գործընկերները մտահոգ են այս խնդրով, եւ այս քննարկման արդյունքում պետք է կարողանանք նախանշել կոնկրետ քայլեր, թե երբ այս օրինագիծը կկարողանա դառնալ իրականություն, որով կլուծվեն շատ կոնկրետ խնդիրներ: Նախ, պետք է օրենքի ուժով արգելել գրադարանների փակումը, վաճառքը կամ տարբեր մանիպուլյացիաների կիրառմամբ նրանց պրոֆիլային փոփոխությունը, որպեսզի գրադարանները վաղը-մյուս օրը չդառնան խորտկարաններ կամ ռեստորաններ, հաջորդը՝ պետք է նախատեսել իրավական եւ սոցիալական երաշխիքներ գրադարանների աշխատակիցների համար»: Ասաց նաեւ, որ այս խնդիրների լուծման համար կան «համապատասխան նաեւ քաղաքական պայմանավորվածություններ»:
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը հետեւողականություն է ցուցաբերում, որպեսզի համապատասխան օրենքի նախագիծը օրենք դառնա. «Ինչ-ինչ պատճառներով օրենքի նախագիծը («Գրադարանների մասին») անընդհատ դեգերում է, բայց ստացվում է այնպես, որ մեր խմբակցության եւ կառավարության ներկայացրած նախագծերի միավորման արդյունքում մենք կունենանք լիարժե ք նախագիծ, որը երեւի կգոհացնի ոլորտին, բոլոր գրադարաններին: Մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել նաեւ տարբեր բուհերի գրադարաններից, տարբեր գրադարաններից եւ նրանց հետ միավորված աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք լիարժեք դարձնել ողջ ոլորտը»: