Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսիոներները թյուրիմացության մեջ են»

Հոկտեմբեր 02,2010 00:00

Սեֆիլյանն ազատագրված տարածքների բնակիչներին հորդորում է ԵԱՀԿ «առաքյալներին» ասել, որ Սերժ Սարգսյանը ստել է, որ իրենք ապրել եւ ապրելու են այդ տարածքներում:

«Տարածաշրջանում ինչ-որ հանգույց լուծելու իմաստով ոչ մի դրական բանի էլ չի բերի»,- «Առավոտի» հարցին՝ ինչի՞ կբերի հոկտեմբերի 4-14-ը ազատագրված տարածքներում սպասվող ԵԱՀԿ առաքելությունը, ասաց
Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Իսկ թե բացասակա՞ն ինչ կբերի՝ Սեֆիլյանի կարծիքով, այդ առաքելությունից «օգտվողը» ադրբեջանական կողմն է, ոչ թե հայկական, ուստի այս իմաստով նա կողմերի «անհավասարություն» է տեսնում: Չնայած Սեֆիլյանին առանձնապես չի անհանգստացնում այդ առաքելությունը. «Չնայած վերջին տարիներին հայկական կողմը դիվանագիտական պայքարում անընդհատ զիջել է իր դիրքերը, եւ ադրբեջանական կողմը դիվանագիտական տարբեր ճակատներում դիվիդենդներ է ձեռք բերում, ցավալի է, բայց մենք գիտենք, թե ինչու է այդպես: Որովհետեւ նրանք, ովքեր այսօր բանակցում են հայկական կողմի անունից, ըստ էության, չեն ներկայացնում հայկական կողմը: Նրանք որեւէ կապ չունեն հայ ժողովրդի հետ: Ու դա է եղել պատճառը, որ նման խայտառակ վիճակի են մեզ հասցրել. բանակցողները ելման կետ են ընդունել իրենց ունեցվածքի եւ իշխանության պահպանումը: Միջազգային հանրությունն ու միսիոներները պետք  է սա իմանան: Իսկ միսիոներների այցի գլխավոր մեղավորը հայկական կողմն է՝ Երեւանը»: Անկախ սրանից՝ Ժիրայր Սեֆիլյանն ազատագրված տարածքներում այսօր բնակվող մարդկանց կոչ է անում՝ «միսիոներներին ընդունել, ինչպես որ հարկի է հայկական ավանդությանը»: Բայց նաեւ մի բան հստակ հասկացնեն. «Միսիոներները պետք է իմանան, որ իրենք թյուրիմացության մեջ են: Նրանք, ովքեր որ թույլ են տվել իրենց այցելությունն այդ տարածքներ՝ դրա իրավունքը պարզապես չունեին: Այդ տարածքների հետ իրենք կապ չունեն, այդ տարածքների տերն իրենք չեն, այլ հայ ժողովուրդը՝ հանձինս այսօր այդ հողի վրա ապրող ժողովրդի: Վերաբնակիչները պետք է հիշեցնեն միսիոներներին, որ Սերժ Սարգսյանն այս տարեսկզբին, կարծեմ մարտ ամսին, սիրիական «Ալ վաթան» թերթին տված իր հայտնի հարցազրույցում երբ փորձում էր աշխարհին հավաստիացնել՝ ասելով, որ այդ տարածքները չեն վերաբնակեցվել ու չեն վերաբնակեցվելու՝ ստում էր: Ահավասիկ, միսիոներները կտեսնեն, որ մարդիկ վերաբնակվել եւ վերաբնակվելու են այդտեղ, ու առաջիկա տարիներին զարգացումը շատ սրընթաց է լինելու»:
Դաշտային առաքելության առիթով էլ երեկ ասուլիսում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ մինչեւ Հայաստանի 2012-13 թվականների ընտրական ցիկլը, Ղարաբաղի հարցում կամ փաստաթուղթ կստորագրվի, կամ Ադրբեջանը կհասնի նրան, որ կփոխվի բանակցային ձեւաչափը. «Իսկ դա մոտավորապես նույն բանը կլինի: Դա կլինի շրջադարձային»: Ըստ նրա, եթե նույնիսկ ստատուս-քվոն էլ պահպանվի, Ադրբեջանը կհասնի նրան, որ փոխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը. «Թուրքիան մտնի, միգուցե Պարսկաստանը մտնի, միգուցե այլ երկրներ»: Եվ այդ ամենին, ՆԺԿ նախագահի կարծիքով, կարող է խանգարել միայն ֆորս-մաժորը. «Իշխանափոխությունը Հայաստանում: Դա ես չեմ ասում, որ դա իրար հետ պետք է կապված լինեն: Դա այդպես էլ լինելու է: Որովհետեւ, հավատացնում եմ ձեզ, ներքին այնպիսի իրավիճակ է, ինչքան գիտեմ, դրսում բանակցում են օլիգարխները: Մի մասը նույնիսկ, ինչքան ես եմ տիրապետում, բանակցում են պետությունների նախագահների հետ, որ հանկարծ այնպիսի վիճակ ստեղծվի, որ իրենք ստիպված լինեն, մեղմ ասած, լքել Հայաստանը՝ իրենց հետ չտան»: Մինչդեռ Ժիրայր Սեֆիլյանին չեն հուզում ու մտահոգում նաեւ դեկտեմբերին՝ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հարցի շուրջ սպասվելիք հնարավոր զարգացումները, խոսակցություններն այն մասին, որ այդտեղ կողմերին կպարտադրվի լուծման տարբերակ: Նա վստահ է, որ պարտադրանքի որեւէ փորձ արդյունք չի ունենալու: Հայկական կողմի «ներկայացուցիչներին» ինչ էլ պարտադրեն, մեր զրուցակցի համոզմամբ, միս ու արյուն չի ստանալու, այն պարզ պատճառով, որ հայ ժողովուրդը նրանց չի գործուղել բանակցելու. «Քանի որ հարցի այսօրվա տրամաբանությամբ հայկական կողմից ակնկալվում են զիջումներ, այն էլ՝  տարածքային, միջազգային հանրությունը պետք է նկատի ունենա, որ այդ առիթով հայ ժողովուրդն իր կարծիքը բարձրաձայնել է՝ մենք զիջելու ոչինչ չունենք: Իրենց բոլոր պարտադրանքները կմնան թղթի վրա, օդի մեջ»: Անկախ նրանից, թե այսօր հայ հասարակությունում ինչ ապատիկ տրամադրություններ են գերիշխում, մեր զրուցակիցը վստահ է, որ՝ «պետք եղած պահին հայ ժողովուրդը տեր կկանգնի իր հայրենիքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել