Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Հոկտեմբեր 02,2010 00:00

\"\"Այս անգամ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությունը կասեցրեց ոչ թե քաղաքապետարանը, այլ անձրեւային եղանակը:

Հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվելու են ԵԽԽՎ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ այդ առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջարկած բարեփոխումների ժամանակացույցին առնչվող հարցեր: Այդ նիստին պաշտոնապես հրավիրված ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանն է փորձելու քննարկման առարկա դարձնել նաեւ Կոնգրեսի՝ դեռ մի քանի ամիս առաջ ԵԽԽՎ-ին առաջարկած այլընտրանքային՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված  բարեփոխումների ժամանակացույցը: Ահավասիկ այդ նիստին ընդառաջ, երեկ երեկոյան, Հայ ազգային կոնգրեսը, իր ավելի վաղ արած հայտարարության համաձայն, Մարտիրոս Սարյանի արձանին հարակից պուրակից բողոքի երթ էր կազմակերպել դեպի Հայաստանում ԵԽ ներկայացուցչություն: Նախատեսվում էր, որ երթի մասնակիցները ներկայացուցչությանը պիտի հանձնեին սեպտեմբերի 29-ի  Կոնգրեսի քաղխորհրդի հավանությանն արժանացած եւ ԵԽ-ին հասցեագրված ուղերձը:
Բողոքի երթը նպատակ ուներ հիշեցնելու ԵԽ-ին, որ Հայաստանում չեն իրականացվում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պահանջները, որոնք ձեւակերպված են եղել մարտիմեկյան իրադարձություններից հետո այդ կառույցի ընդունած չորս բանաձեւերում: Ու թեեւ երթն արտոնված էր, բայց վերջին պահին անբարենպաստ եղանակի պատճառով չեղյալ հայտարարվեց: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը Սարյանի արձանին հարող պուրակում հավաքված բազմությանն այդ որոշումը փոխանցելուց հետո բացատրեց, որ դա արվում է «ձեր (ակցիայի մասնակիցների) առողջությունը վտանգի տակ չդնելու համար», եւ հայտարարեց, թե ԵԽ-ին ուղղված նամակը առանց երթի, բայց կհանձնի ակցիայի մասնակիցների պատվիրակությունը: Հավաքվածների մի մասը, որ պուրակ էր եկել երթ անցկացնելու տրամադրությամբ, դժգոհ էր ընդունված որոշումից ու փորձում էր առարկել՝ պահանջելով երթ անել՝ հայտարարելով, թե անձրեւից չի վախենում: Լ. Զուրաբյանը, սակայն, պնդեց՝ որոշումն արդեն կայացվել է, ու հավաքվածներին հորդորեց իրենց ոգեւորությունը պահել հոկտեմբերի 15-ին կայանալիք հանրահավաքի համար:
Իսկ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին հասցեագրված ուղերձում Կոնգրեսը արձանագրել էր, որ «Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետեւանք է 2008թ. նախագահական կեղծված ընտրությունների եւ այդ կեղծիքը բողոքարկող խաղաղ ցույցերի՝ մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր՝ ավելի քան երկու տարի անց, շարունակում է մնալ չկարգավորված»: ՀԱԿ-ը ԵԽ գլխավոր քարտուղարին հիշեցրել է, որ «13 քաղբանտարկյալ շարունակում են մնալ բանտերում՝ բացառապես իրենց օրինական քաղաքական  իրավունքները իրագործելու պատճառով՝ հակառակ միջազգային հանրության, Եվրոպական Միության հայտարարություններում, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողվի 1677 (2009), ինչպես նաեւ դրան նախորդած երեք բանաձեւերում տեղ գտած հորդորներին եւ պահանջներին»: Նաեւ, որ «չեն բացահայտվել մարտիմեկյան 10 սպանությունները, ոչ ոք ձերբակալված չէ, ոչ մեկին առաջադրված չէ որեւէ մեղադրանք այդ գործերով, իսկ դատարանները մերժում են զոհերի իրավահաջորդների բոլոր հայցերը»:
Կոնգրեսը փաստել է նաեւ, որ «ԽՍՀՄ տարիներից ի վեր հայ ժողովրդի քաղաքական ակտիվության՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական տեղին՝ Ազատության հրապարակը (հենց այդ պատճառով վերանվանված Ազատության հրապարակ) շարունակում է արգելափակված մնալ քաղաքական միջոցառումների համար, եւ միայն վերջին ամսում ընդդիմության 10 հայտ՝ այնտեղ հանրահավաք անցկացնելու համար, ապօրինաբար, առանց որեւէ օրինական հիմքի մերժվել է իշխանությունների կողմից»:
Իր ուղերձում ՀԱԿ-ը հիշեցրել է, որ «2008-2010թթ. ընթացքում բոլոր՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական, 2009թ. մայիսի 31-ի մայրաքաղաք Երեւանի ավագանու, 2010թ. հունվարի 10-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունները եւ այլ ընտրություններ, որոնցում մասնակցել է միացյալ ընդդիմությունը, ամբողջովին կեղծվել են՝ զուգակցվելով համատարած բռնություններով, լրագրողների, ընդդիմության վստահված անձանց եւ անկախ դիտորդների նկատմամբ ծեծուջարդով, ինչի հետեւանքով ընդդիմությունից գողացվել է հաղթանակը եւ մերժվել է սեփական կառավարություն ձեւավորելու քաղաքացիների իրավունքը, ինչպես արձանագրված է նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացության եւ ԱՄՆ պետական դեպարտամենտի 2009թ. մարդու իրավունքների զեկույցում»: Ընդդիմությունը չի մոռացել նաեւ այն հանգամանքը, որ «երկրում չի գործում որեւէ անկախ հեռուստաընկերություն, շարունակում է փակված մնալ «Ա1+» հեռուստաընկերությունը»:
«Եվրոպայի Խորհուրդը եւ նրա Խորհրդարանական Վեհաժողովը ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի եւ ինն ամիս առաջ ընդունված վերջին՝ 1677 բանաձեւի պահանջները, եւ որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը:  Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ Եվրոպայի Խորհուրդը շարունակում է դրսեւորել չհիմնավորված հանդուրժողականություն՝ դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը:
Հայ ազգային կոնգրեսը վերահաստատում է այն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովին մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում՝ ներառյալ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը եւ  նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նկատի առնելով Եվրոպայի Խորհրդի ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման եւ պաշտպանության գործում, նաեւ պահանջում  ենք Եվրոպայի Խորհրդից՝ Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչեւ մոնիտորինգի ռեժիմի խստացում»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի անունից  նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵԽ գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձում:
Իհարկե, Սարյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիները առաջին անգամը չէ, որ խոստովանում են, թե միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ-ի հետ որեւէ հույս չեն կապում: Բայց ակնկալում են, որ այսօրինակ նախաձեռնությունները կարող են իրենց նպաստը բերել երկրում նոր եւ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման, Հայաստանի ժողովրդավարացման, ինչու չէ՝ նաեւ ընդդիմության հաղթանակի ճանապարհին:
Ընդդիմության՝ չկայացած երթից դժգոհ ու անձրեւից չվախեցող համակիրները երեկ դեռ երկար ժամանակ մնացին պուրակում՝ անցկացնելով իրենց ավանդական «քաղաքական զբոսանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել