Անգամ եթե օրենսդրական նոր նախաձեռնության մեջ լինեն հեռուստաոլորտի բոլոր խնդիրների լուծումները՝ դա էական կլինի միայն 10 տարի հետո, երբ կհայտարարվեն նոր մրցույթներ: Իսկ ներկա մրցույթներն անցկացվելու են բազմաթիվ թերություններով լի գործող օրենքով:
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահն առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը եւս մաս է կազմում այս խմբին՝ թվային համակարգի անցման վերաբերյալ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կազմակերպած սեմինարի ընթացքում անդրադառնալով այն հանգամանքին, որ այդ խումբը ձեւավորում եւ ղեկավարում է ՄԻՊ-ը՝ ասաց. «Դա, բնականաբար, որոշ կասկածներ է առաջացնում՝ ինչքանով է դա հիմնավորված, քանի որ ի վերջո՝ հիմնականում օրենսդրական նախաձեռնությունը պետք է գա կա՛մ կառավարությունից, կա՛մ խորհրդարանական օղակներից»: Այն, որ ընտրվեց այս տարբերակը՝ ըստ նրա, վկայում է, որ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանության մակարդակով «ունենք որակյալ օրենք ստեղծելու լուրջ խնդիր: Եվ փաստորեն փորձ է արվում տեղափոխել այդ խնդիրը մեկ այլ դաշտ: Չգիտեմ՝ որքանով հաջողված կլինի»:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում ասաց. «Տեղյակ չեմ, թե ինչու ընտրվեց այս ձեւաչափը: Կարծում եմ, եթե առաջարկվեց նման ձեւաչափ՝ օմբուդսմանի ղեկավարությամբ, ճիշտ չէր լինի, եթե ես պատասխանատվությունից խուսափեի, եւ ճիշտ է, որ ձեռնամուխ լինեմ այդ գործունեությանը: Իսկ ձեւաչափի ընտրության որոշմանը ես չեմ մասնակցել: Ուղղակի իմ կարծիքն են հարցրել՝ ես համաձայնել եմ, քանի որ կարծում եմ՝ խուսափելը միշտ էլ հեշտ է, բայց ինչո՞ւ չփորձենք մի լավ բան անել»:
Բորիս Նավասարդյանը ճիշտ համարեց, որ ի սկզբանե՝ մինչ օրենքի դրույթներին անցնելը, հստակեցնեն մի քանի հայեցակարգային ու սկզբունքային հարցեր. «Եթե այդ համաձայնությունը չլինի՝ հետագա գործընթացն ուղղակի արդյունավետ չի կարող լինել»: Մեջբերենք նրա թվարկած այդ հարցերից՝ հեռուստաոլորտը կարգավորող մարմնի կազմի բազմազանությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն՝ «Ա1+»-ի խախտված իրավունքների վերականգնումը: «Այդ որոշումը հեռարձակման մեր ոլորտում չի գտել պրակտիկ արձագանք,- ասաց պրն Նավասարդյանը,- ինչը, ինձ թվում է, ճիշտ չէ Եվրոպայի խորհրդի անդամ որեւէ երկրի համար»: Այլ հարցերն են. «Արբանյակային հեռարձակման իրավունքը պետք է ազատականացվի», «Ինտերնետը պետք է որեւէ կերպ չկարգավորվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով», եւ մրցույթի արդյունքները պետք է բավարար հիմնավորվեն, նաեւ պետք է իրականացվի մրցութային հայտերի անկախ փորձաքննություն:
Մեր հարցին, թե պատրա՞ստ են արդյոք անդրադառնալ այն բոլոր մտահոգություններին, որոնք կան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի կապակցությամբ՝ Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Միանշանա՛կ: Եվ դրա համար մտադիր ենք փորձագիտական խումբ ստեղծել, որը շատ մեծ չի լինի, քանի որ այն պետք է աշխատի օրենքի վրա: Բայց այնպես ենք արել, որ պետական մարմիններից ներկայացվածները (իսկ կան պետական կառույցներ, որոնք չենք կարող չընդգրկել) եւ հասարակական կառույցներից ներկայացվածները հավասար քանակի լինեն: Եվ հնարավոր լինի անդրադառնալ առկա խնդիրներին, որոնք արծարծվել են նաեւ ավելի վաղ իմ կազմակերպած քննարկման ընթացքում: Փորձենք հասկանալ, թե ինչ լուծումներ կարելի է տալ դրանց՝ փորձագիտական մակարդակով: Արծարծված հարցերի մեծամասնությունը պե՛տք է լուծում ստանա, քանի որ համարում եմ՝ դրանք իրոք ճիշտ հարցադրումներ են»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նկատել էր. «Մինչեւ այդ աշխատանքային խումբը օրենքներ մշակի, մրցույթներն ավարտված կլինեն, եւ իրենց ուզած հեռուստատեսային դաշտն արդեն կլինի, եւ այդ օրենքն եղած-չեղած՝ միեւնույնը կլինի: 10 տարում յա էշը կսատկի, յա իշատերը»: Արմեն Հարությունյանն այս կապակցությամբ ասաց. «Եթե ցանկանում էին՝ արագ լինի, կարող էին գալ, մասնակցել, եւ ավելի արագ անեինք: Չէ՞ որ նոր օրենք չպիտի գրվի, այլ ընդամենը շտկվեն եղած օրենքի բացերը: Իսկ այդ բացերը բոլորը գիտեն, ու զրոյից չպիտի սկսենք: Մենք փորձելու ենք հնարավորինս սեղմ ժամկետներում տալ այդ խնդիրների լուծումը: Եվ մեծ սիրով կուսումնասիրենք ու կփորձենք հաշվի առնել նաեւ այն փորձագետների կարծիքները, ովքեր մաս չեն կազմի այս խմբին»:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ խմբի առաջին հավաքը թերեւս տեղի ունենա հաջորդ շաբաթ. «Սպասում ենք, որ պետական մարմինները ու նաեւ Հանրային խորհուրդը ներկայացնեն իրենց փորձագետներին: Հ/կ-ներն արդեն համաձայնություն տվել են»: