Երեկ Հայ ազգային կոնգրեսի հայտարարած երթը դեպի Հայաստանում ԵԽ ներկայացուցչություն չկայացավ: Դրան խանգարեցին եղանակային պայմանները՝ անձրեւը: Այդուհանդերձ, ընդդիմության պատվիրակությունը ԵԽ գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձը հանձնեց ԵԽ ներկայացուցչությանը: Ուղերձում, որն ընթերցեց ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, Կոնգրեսը վերահաստատել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում շարադրված իր պահանջները՝ ներառյալ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը եւ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: «Նկատի առնելով ԵԽ-ի ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման եւ պաշտպանության գործում, նաեւ պահանջում ենք Եվրոպայի Խորհրդից՝ Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչեւ մոնիտորինգի ռեժիմի խստացում»,- ասված է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին Հայ ազգային կոնգրեսի անունից նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հասցեագրված ուղերձում:
Կարդացեք