Թուրքական կառավարության՝ Հայաստանին ուղղված նոր քաղաքական քայլերից հետո մի քանի անատոլիական քաղաքներ սկսեցին կառավարության բռնած ուղուն համահունչ գործողություններ կատարել: Աղթամարում կայացած արարողության ժամանակ մենք վկա եղանք երկու ազգերի միջեւ հանդուրժողականության եւ բարեկամության մթնոլորտի հնարավորությանը: Հազարավոր մարդիկ այցելեցին Վան՝ ներկա լինելու կրոնական արարողությանը: Թուրքահայերը եւ հայաստանցի հայերը Վանում ապրում էին տարբեր մթնոլորտում: Թուրքիայի քաղաքացիները կիսում էին թուրքական հյուրընկալությունը՝ հյուրերի համար: Իսկ հայաստանցիները մի քանի օր մնալով Վանում՝ հասկացան, որ պետությունները երկու տարի առաջ պետք է իրականացնեին հարաբերությունների նորմալացման գործընթացը: Քաղաքական մոտեցումները էֆեկտիվ չեն: Գլխավորն այն է, որ մարդիկ հաջողությամբ կառուցեն երկխոսության կամուրջ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:
Աղթամարի արարողությունն ավարտվեց, եւ այն հարեւանների համար դեպի նոր դարաշրջան կատարվելիք առաջին քայլն էր: Վանեցիները ստեղծել էին լավ մթնոլորտ եւ տեղական «Վան թայմզ» կոչվող թերթն այդ կարեւոր օրը հրապարակել էր նաեւ հայալեզու էջեր:
Չեղավ որեւէ սադրանք՝ միջոցառման մասնակիցների նկատմամբ: Բայց որոշ խմբեր բարձրաձայնեցին իրենց մտքերն այդ արարողության մասին, ասելով, որ դա թուրքական կառավարության հերթական քաղաքական խաղն էր՝ ԵՄ անդամ դառնալու համար:
Հայաստանյան իշխանությունները կարող էին մարդկանց հրահանգել, որ աջակցեն այդ խաղաղ գործընթացին: Թուրքիայի հայկական պատրիարքարանի առաջնորդ Թաթուլ Անուշյանը քննադատեց Էջմիածնին եւ այդ արարողության դեմ հանդես եկած հայաստանյան մյուս իշխանավորներին: Անուշյանն ասաց. «Այդ միջավայրը շատ կարեւոր է: Ես շատ կուզեի տեսնել մյուս մարդկանց, ովքեր այս արարողությանը դեմ էին: Մենք կհասկանայինք, որ խաղաղությունը նման նախաձեռնությունների մեջ է»: Իսկ քահանա Տրդատ Ուզունյանն ասաց. «Ես չեմ կարող արտահայտել իմ զգացողությունները: Սա մի հրաշալի դիպված էր՝ այստեղ լինել 95 տարի անց՝ շնորհիվ թուրքական կառավարության եւ իշխանության»:
Մենք չենք կարող նման քաղաքական մթնոլորտում պիոներ լինել: Երկու կողմերն էլ պետք է պարտավորություններ ունենան՝ առանց այդ քաղաքական զգացողությունների: Թուրքական կառավարությունն ունի այդ խնդիրների կապակցությամբ մեծ տեսլականներ: Հայաստանը պետք է վստահի Թուրքիային եւ միավորվի այդ երկրի հետ: Վանի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Զահիր Կանդաշօղլուն կարեւորում էր Հայաստանի հետ ազատ առեւտրի հնարավորությունը: Նա խոստացավ աշխատանքի ընդունել 50 հազար մարդու, երբ սահմանները բացվեն:
Այսօր մենք վկա ենք Մալաթիայի մի նոր խաղաղասեր մոտեցմանը: Քարմուզու Թելեբեզի Մոսկա հիմնադրամը որոշել է վերականգնել պատմական հայկական Թաշորոն եկեղեցին, որը տեղակայված է Մալաթիայի Հրանտ Դինքի անվան փողոցում: Դա շատ կարեւոր հանգամանք է: Դա մուսուլմանական գաղափարի մեծ հանդուրժողականության դրսեւորումն է՝ մզկիթների ֆոնդը որոշել է վերականգնել հայկական եկեղեցի: Մենք ակնկալում ենք, որ նման զգայական վերաբերմունք կլինի Երեւանի կողմից՝ պահպանել Հայաստանի թուրքական եւ իսլամական պատմական շինությունները:
Մեկ այլ դեպք էլ է կարեւոր: Երեւանը դժգոհում էր Մալաթիայի միջազգային կինոփառատոնի խորհրդանիշի կապակցությամբ՝ Մալաթիան օգտագործում էր «Ոսկե ծիրան» անունը եւ սիմվոլը՝ իր փառատոնում: Հայաստանը օգտագործում էր «Ոսկե ծիրանի» խորհրդանիշն իր կինոփառատոնում՝ արդեն մի քանի տարի: Երեւանյան պաշտոնյաները պահանջեցին, որ թուրքական կողմը չօգտագործի այդ խորհրդանիշը Մալաթիայում: Մալաթիայի նահանգապետ Ուլվի Սարանը ասաց. «Ես չկարողացա հասկանալ Երեւանի մոտեցումը: Ծիրանը Մալաթիայի բնական խորհրդանիշն է: Բացի այդ, Թուրքիայում ծիրանի արտադրության 75%-ը ապահովում է Մալաթիան: Երեւանը կարող է դառնալ մեր գործընկերը այս հարցում: Մենք կարող ենք Երեւանի հետ միասին նոր գործեր ստեղծել «Ոսկե ծիրանի» անվան տակ, դա հնարավոր է»:
Ուլվի Սարանի այս առաջարկը շատ կարեւոր է հասկանալու համար խաղաղության կամուրջի դերը: Ես կարծում եմ, որ Մալաթիան եւ Երեւանը կարող են դառնալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման պիոներներ: Երեւանը պետք է ստեղծի կոմիտեներ՝ որպեսզի մասնակցի Մալաթիայի մշակութային իրադարձություններին, ասենք՝ կինոփառատոնին: Այդպես էլ, Մալաթիան կարող է մասնակցել Երեանի Մալաթիա համայնքի մշակութային կյանքին: Մենք պատրաստ ենք համագործակցության: Որոշ աղբյուրներից ես տեղեկացա, որ հայաստանյան «Ոսկե ծիրանի» ղեկավարներից Ատոմ Էգոյանը արմատներով Արաբկիրից է, իսկ այսօր Արաբկիրը Մալաթիայի սահմաններում է: Դա նույնպես կարող է դառնալ երկու երկրների համար ընդհանուր արժեք: Մենք չափազանց շատ գործիքներ ունենք այդ կամուրջը հիմնելու համար: Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք դրան: