Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Իսկ ոլորտի խնդիրներն ունեն աճի կայուն միտում

Հայաստանում պիտակավորում ստանալը շատ հեշտ է հատկապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է մարդու ֆիզիկական արատների, հոգեկան անհավասարակշիռ վիճակի մասին: Եթե, օրինակ, երեխայի տեսողության հետ կապված խնդիրներ են լինում, ապա նա մանկուց՝ դպրոցից մականունավոր է դառնում՝ «աչկարիկ», «քոռ» եւ այլն: Կամ եթե երեխան մյուսների համեմատությամբ իր բնույթով փոքր-ինչ ակտիվ կամ նյարդային է լինում, ապա նրան «հիստերիկի», «աննորմալի» կոչումն է շնորհվում: Որոշ դեպքերում էլ, երբ երեխան թերզարգացած է լինում, կամ մի քիչ ինքնամփոփ, ապա հենց դպրոցից սկսած նրան «գիժ» են դարձնում:

Ասում են՝ առողջ մարմնում առողջ հոգի է լինում, սակայն շատ դեպքերում ճիշտ հակառակն է: Առողջ մարմին ունեցողներն այնքան անհոգի ու տգետ են լինում, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն իրենց ծաղրանքներով անգամ ինքնասպանության են դրդում: Հայաստանում դեռ չի ձեւավորվել այն ավանդույթը, որ հոգեկան խնդիրներով տառապող անձանց նկատմամբ հասարակությունը հանդուրժողականություն, բարյացակամություն ցուցաբերի եւ այս հարցում ոչ ոք չի կարող ինձ հակառակն ապացուցել:

«Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց չպետք է մեկուսացնել, նրանց չպետք է դիտարկել իբրեւ խելագարի, կործանվածի ու հիվանդի: Այդ մարդիկ շատ խոցելի են, հետեւաբար նրանց հանդեպ պետք է շատ զգույշ ու առավել ուշադիր լինեն հատկապես հարազատները, իսկ շրջապատի ցուցաբերած ուշադրությունը չպետք է արտահայտի խղճահարություն նրանց նկատմամբ. դրանից նրանք ավելի կընկճվեն: Ով է ասել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցողին պետք է գիժ անվանել, այդ որ օրենքով եւ որ օրենսգրքում է դա ամրագրվել: Եթե մարդը խնդիրներ ունի՝ լինի դա հոգեկան, թե ֆիզիկական, ինչ տարբերություն, միեւնույն է՝ խնդիր է: Դե եթե հոգեկան խնդիրներ ունեցողը գիժ է, ստացվում է՝ ֆիզիկական խնդիր ունեցողն էլ է գիժ, որովհետեւ խնդիրը խնդիր է… ժամանակն է ու պետք է վերացնել այս խտրականությունը, հոգեկան խնդիրներ ունեցողը եւս նորմալ մարդ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Շահեն Կարապետյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ շատ դեպքերում թեթեւակի հոգեկան շեղումը վերածվում է անբուժելի հիվանդության, որի հիմնական պատճառներից մեկը լինում է հասարակության վերաբերմունքը: Եվ եթե ամենուր ոտնահարվեն մարդու իրավունքները, եթե անընդհատ նրան լռեցնեն, թույլ չտան խոսել, տեսակետ հայտնել ու երեսին «շպրտել», որ նա հիվանդ է, հոգեպես առողջ չէ, հետեւից խոսել, որ այդ անձը «գիժ» է, ապա այսքանից հետո ցանկացած առողջ մարդու մոտ էլ կսկսվեն նյարդային խանգարումներ:

Որքան խոսվում է մարդու իրավունքներից, այնքան ավելի շատ են ոտնահարվում դրանք: Իսկ օրենքներն էլ, որոնք որ միտված են հոգեկան խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությանը, Հայաստանում գրեթե չեն կիրառվում: Եվ փոխարենը՝ լուծել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հասարակությունից չմեկուսանալու, հատկապես աշխատանքի հետ կապված հարցերը՝ Հայաստանում ճիշտ հակառակն է արվում: «Յուրաքանչյուրի հետ էլ պատահում է, որ խնդիրներ է ունենում անձնական կյանքում, ու ոչ ոք էլ ապահովագրված չէ դեպրեսիոն վիճակներից: Բայց երբեմն մարդուն ազատում են աշխատանքից՝ նրա դեպրեսիոն վիճակի համար: Իսկ ղեկավարության կողմից թույլ տրված նման սխալ եւ անզգույշ քայլն ավելի է բարդացնում տվյալ անհատի հոգեկան անհավասարակշիռ վիճակը: Սա այն անհանդուրժողականությունն է, որը ցուցաբերվում է դեպրեսիոն վիճակի մեջ գտնվողի հանդեպ, ինչն էլ ժամանակի ընթացքում կատարելագործվում, մարդուն «ապահովում» է հոգեկան հիվանդությամբ»,- նշում է հոգեբանն ու հավելում, որ Համաշխարհային բանկի եւ Հարվարդի համալսարանի 1990թ. կատարած հետազոտության տվյալների համաձայն, հիվանդություններից դեպրեսիան 2020 թվին գրավելու է երկրորդ տեղը. եւ, ըստ այդ հետազոտության, հոգեկան առողջության բոլոր խնդիրներն ունեն աճի կայուն միտում:

Ինչպես փաստում են հոգեբույժները, հոգեկան հիվանդությունները հանդիսանում են լուրջ խոչընդոտ մարդկանց կրթության եւ զբաղվածության համար ու նպաստում աղքատության տարածմանը։ Միաժամանակ, հասկանալի պատճառներով, աղքատությունը առաջացնում է հոգեկան առողջության լուրջ խնդիրներ։

ԽՍՀՄ-ը չուներ հոգեկան առողջության ոլորտը կարգավորող օրենսդրություն, բայց 90-ականներից սկսած, հետխորհրդային երկրները ընդունեցին այդ ոլորտը կարգավորող իրենց ազգային օրենսդրությունները. «Օրենք ընդունելը լավ է, բայց օրենքով շարժվելն առավել քան լավ է: Ես հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ մեզ մոտ ոչ միայն այս, այլեւ մնացյալ ոլորտներում օրենքը բաց է, կիրառող չկա: Եվ եթե մեր բնակչության առողջության պահպանմանն ուղղված քաղաքականությունը չհամապատասխանեցվի հոգեկան առողջության ոլորտի զարգացման արդի պահանջներին, ապա 2015 թվին փակուղի կմտնենք»,- շեշտեց Շ. Կարապետյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել